Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհուրդն իր աջակցությունն է հայտնում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքողներին

Հունիս 26,2015 14:20

Ս.թ. հունիսի 25-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով ստեղծված իրավիճակը, Հայաստանում քաղաքացիական ավիացիայի հարցը, «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը վերափոխելու վերաբերյալ Կոնցեսիոների կողմից ներկայացված նոր առաջարկը:

Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ ելույթ ունենալով՝ ՀԽ անդամները վերահաստատել են իրենց մոտեցումները, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հիմնավոր չէ, հանրության կողմից առաջացած բողոքի ալիքն արդարացված է և կանխատեսելի, և որ իշխանությունները պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն՝ բավարարելու քաղաքացիների արդարացի պահանջն ու կանխելու հետագա առավել ծանր զարգացումները:

Հանրային խորհուրդը որոշել է ներկա իրավիճակի վերաբերյալ հանդես գալ հատուկ հայտարարությամբ:

Օրակարգի երկրորդ հարցի՝ Հայաստանում քաղաքացիական ավիացիայի հարցի քննարկմանը մասնակցել են նաև ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի անդամները՝ ներկայացնելով իրենց մտահոգությունները ոլորտի խնդիրների վերաբերյալ և հանդես եկել մի շարք առաջարկներով:

Ենթահանձնաժողովի անդամները, որոնք քաղավիացիայի ոլորտի բարձրակարգ մասնագետներ են, հատկապես մտահոգիչ են համարել այն, որ Բաց երկնքի քաղաքականության ընդունումից հետո քաղավիացիայի ոլորտը զարգանալու փոխարեն հետընթաց է արձանագրել:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը ենթահանձնաժողովի անդամներին առաջարկել է կազմակերպել ևս մեկ քննարկում, հստակեցնել առաջարկները, որից հետո Հանրային խորհուրդը կդիմի ՀՀ վարչապետին՝ հանդիպելու և վերջինիս հետ քննարկելու ոլորտի խնդիրներն ու ներկայացվող առաջարկները:

Օրակարգի վերջին հարցը՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը վերափոխելու վերաբերյալ Կոնցեսիոների կողմից ներկայացված նոր առաջարկը, ներկայացրել է ՀԽ քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ, «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանը: Նա տեղեկացրել է, որ հարցը քննարկման է դրվել ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովի նիստում, սակայն քննարկումն ամբողջական չի եղել, քանի որ հակառակ կողմը, որը հրավիրված է եղել նիստին, չի ներկայացել և պարզաբանումներ չի տվել իր առաջարկի մասին:

Այնուհետև Գրիգոր Ազիզյանը, ներկայացնելով Կոնցեսիոների կողմից առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ լուսանկարները, հայտարարել է, որ այն, ինչ առաջարկում է Կոնցեսիոները, խաթարում է հին ուղևորային համալիրի ամբողջական տեսքը, սակայն կա իրատեսական հնարավորություն այն վերաշահագործելու՝ առանց շենքը քանդելու, փոխարենն այն ամրացնելու միջոցով, ինչը ոչ միայն կպահպանի շենքի ամբողջական տեսքը, այլև մի քանի անգամ առավել քիչ ծախսեր կպահանջի:

Վազգեն Մանուկյանը հանձնարարել է հարցը քննարկման դնել ՀԽ համապատասխան մյուս ենթահանձնաժողովներում և քննարկումների արդյունքները ներկայացնել Հանրային խորհուրդ:

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վերջին շաբաթվա ընթացքում Էլեկտրաէներգիայի սակագնի մոտ 20 տոկոսով բարձրացումը հանրության շրջանում արդարացի բողոքի ալիք է բարձրացրել՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման որոշումը կայացվել է համակարգում տեղ գտած չարաշահումների և աշխատանքների ոչ արդյունավետ կազմակերպելու պայմաններում:

Հանրային խորհուրդն իր աջակցությունն է հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր օրեր շարունակ իրենց բողոքն են արտահայտում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, ողջունում է այն փաստը, որ շարժման հիմքում կանգնած են երիտասարդներ, և որ այս շարժումը զերծ է քաղաքական բնույթից և հանդիսանում է քաղաքացիական հասարակության կողմից համարժեք և հիմնավորված հակազդեցության վառ դրսևորում:

Հանրային խորհուրդը դատապարտում է օտարերկրյա լրատվամիջոցների կողմից հայաստանյան իրադարձություններն այլ լույսի ներքո ներկայացնելու, դրանք քաղաքականացնելու և անհարկի շահարկելու փորձերը:

Հանրային խորհուրդը դատապարտում է նաև հունիսի 23-ի վաղ առավոտյան խաղաղ ցուցարարներին ցրելու ընթացքում ոստիկանության կողմից իրականացված անհամաչափ գործողությունները, որոնց հետևանքով տուժել են ոչ միայն քաղաքացիներ, այլև իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ: Հատկապես մտահոգիչ է այն, որ կրկին ականատես ենք լինում այն արատավոր գործելաոճին, երբ ցույցը ցրելու և բռնություններ իրականացնելու համար օգտագործվում էին քաղաքացիական հագուստով անհայտ անձիք:

Հանրային խորհուրդը ևս մեկ անգամ հայտարարում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմնավորումները համոզիչ չեն, և որ ՀԷՑ-ի կողմից ներկայացված փաստաթղթերի ու դրանց քննարկումների արդյունքում ի ցույց է դրվել համակարգի ներսում տիրող անառողջ և անվերահսկելի վիճակը:

Հանրային խորհուրդը կոչ է անում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կասեցնել սակագնի բարձրացման որոշումը, իսկ իշխանություններին առաջարկում է ստեղծել հանձնաժողով, որտեղ ներգրավված կլինեն իշխանական և հասարակական սեկտորի ներկայացուցիչներ՝ համակողմանիորեն ուսումնասիրելու ոլորտի հետ կապված խնդիրները, զարգացման հեռանկարները, էներգետիկ համակարգում կառուցվածքային բարեփոխումների իրականացման հարցը, ոլորտն ազատականացնելու բոլոր հնարավոր ուղիները, էլեկտրաէներգիայի սակագնի առաջիկա տարիների հնարավոր և ցանկալի դինամիկան, վճարումների տարբերակված մոտեցումը և այլ հարցեր:

Բարձր գնահատելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ձևավորված քաղաքացիական շարժումը՝ Հանրային խորհուրդը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու բոլոր այն հասարակական շարժումներին, որոնք ուղղված են Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանը:

 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

25.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930