Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթի բանկային հաշիվները արգելանքի տակ են

Հունիս 26,2015 13:32

2012 թվականի դեկտեմբերից «Ժողովուրդ» օրաթերթը դատական գործընթացների մեջ է գտնվում «x գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հետ (նա առավել հայտնի է ձվերի Խաչիկ, Վալենսիայի Խաչիկ) ածականներով: Պատմությունը սկսվել էր 2012-ի դեկտեմբերի 11-ին լույս տեսած մի հրապարակումից, ըստ որի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը տուգանել է «X գրուպ»-ի նախագահ, «Ջրաշխարհ»-ի, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի, «Վալենսիա» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին: Պատճառն այն է, որ Խաչատրյանին պատկանող ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ է իրացրել հայկական շուկայում: Նույն հրապարակման մեջ ներկայացվել էր նաեւ Խաչատրյանի տեսակետը:

Այս հրապարակումից հետո «Ժողովուրդ»-ը նոր տեղեկություն էր ստացել այն մասին, որ Խաչիկ Խաչատրյանը հարկային ծառայության հետ խնդիրներ ունի: Դարձյալ պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները՝ զանգահարել էր գործարար Խաչատրյանին, սակայն վերջինս պատասխանելու փոխարեն հայհոյել էր լրագրողին, ինչն էլ դարձավ դատական գործընթացների պատճառ:

Երեք տարբեր հայցերի շրջանակներում անցնելով հայաստանյան դատական եռաստիճան համակարգով՝ «Ժողովուրդ»-ը կրել էր 2 պարտություն (մեկով ենթարկվելով 10 հազար դրամ տուգանքի) եւ 1 հաղթանակ: Սակայն Խաչիկ Խաչատրյանը չհամակերպվելով իր պարտության հետ՝ բողոքարկել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կայացրած որոշումը, որը բեկանվել եւ ուղարկվել էր նոր քննության:

Եվ ահա նույն դատարանի մեկ այլ դատավոր՝ Ռուբեն Ներսիսյանը, գերարագ ռեժիմով վճռեց տուրք տալ օլիգարխիային եւ պատժել «Ժողովուրդ» օրաթերթին՝ պարտադրելով որպես փոխհատուցում գործարարին վճարել 1 մլն 783 հազար ՀՀ դրամ: ԴԱՀԿ-ն էլ իր հերթին է 114.150 դրամ բռնագանձելու մասին որոշում կայացրել: Արդյունքում երեկվա դրությամբ «Ժողովուրդ» օրաթերթի բանկային հաշիվները՝ 1 մլն 897 հազար 150 դրամի չափով, գտնվում են արգելանքի տակ: Սառեցված են նաեւ օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանի բանկային հաշիվները: Իսկ «Ժողովուրդ»-ի ներկայացրած բոլոր բողոքները հերթով մերժվեցին:

Դատավոր Ռ. Ներսիսյանի կողմից կայացված վճիռը մենք համարում ենք ապօրինի, չհիմնավորված եւ մեր անխափան գործունեությունը խոչընդոտելուն միտված հստակ քայլ: Այսպիսի մեծ տուգանքը անհամաչափ է այն եկամուտներին, որը ապահովում է օրաթերթը՝ իր գործունեությամբ: Սա ոչ այլ ինչ է, քան մամուլի ազատության խոչընդոտ՝ ֆինանսական ճնշումների տեսքով (չի բացառվում, որ տպարանին փոխանցվելիք գումարի ուշացման պատճառով օրաթերթը լույս չտեսնի):

Ու քանի որ մոտ 2 մլն դրամը մեր խմբագրության համար բավականին մեծ գումար է, ուստի «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am-ի խմբագրակազմը գիտակցելով իրավիճակի լրջությունը, հույս չունենալով, որ հնարավոր է դատական իշխանության միջոցով այլեւս արդարության հասնել, որոշել է հրաժարվել հունիս ամսվա աշխատավարձի 50 տոկոսից, որպեսզի հնարավոր լինի ապահովել օրաթերթի եւ ArmLur.am-ի կայքի անխափան գործունեությունը: Մենք չենք նահանջելու եւ շարունակելու ենք հանդես գալ նորանոր բացահայտումներով՝ նաեւ Խաչիկ Խաչատրյանի վերաբերյալ, որը չբավարարվելով իր ունեցվածքով՝ հիմա էլ Սյունիքի թռչնաֆաբրիկան խլելու փորձեր է անում:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930