Դրանք մեր երիտասարդներն են, որոնցից շատերը, իմ տպավորությամբ, գործազուրկ չեն, շատերն ունեն կրթություն, գուցե եւ լավ կրթություն: Հետեւաբար կորցնելու բան ունեն, եւ բնականաբար ու բարեբախտաբար չեն ուզում կորցնել, չեն ուզում հեռանալ իրենց սիրած երկրից, չեն ուզում այլեւս ոտքերով քվեարկել ամեն կարգի ընտրություններում: Իրենք եւ իրենց նմանները մի քանի տարի առաջ կարողացան մեր բոլորի համար պահպանել Մաշտոցի պուրակը բոլոր տեսակի «դիվելոպերներից»:
Իսկ հիմա, կրկին իմ տպավորությամբ, նրանց ուզածը ավելին էՙ քան հոսանքավճարի չթանկանալը: Նրանց ուզածը պատասխանատվության ենթարկելն է այն պետական ու ոչ պետական պաշտոնյաներին, որոնք չկանխեցին թանկացումը, որոնք հանրօգուտ ծառայությունը փոխարինել են «Բենտլիներով», «Լեքսուսներով», «Յաշիկներով», անվստահության խորացմամբ: (Իսկական դեմոկրատական երկրում այդ պաշտոնյաները, եւ առաջին հերթին էներգետիկայի նախարարն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պետը, արդեն հրաժարական պետք էր տված լինեին, իսկ ՀԷՑ-ի տնօրենն ու այլ պաշտոնյաներ հեռացվածՙ վատ տնտեսվարելու համար, մինչդեռ մեր երկրի վարչապետը մեղքը գցում է բնության ու եղանակի վրա):
Կիրականանա՞ մեր երիտասարդների ուզածը, դժվարանում եմ ասել: Բայց ուզում եմ, որ նրանք չհուսախաբվեն, չհուսահատվեն: Չկորցնեն իրենց հույսը իշխանություն-հասարակություն փոխադարձ վստահությանը հասնելու: Ուզում եմ նաեւ, որ երիտասարդները զգուշանան սադրիչներից եւ իրենց ձրիորեն կերակրողներից: Մեկ էլՙ լավ իմանան, որ ոստիկանը մենք ենք, մե՛ր ոստիկանը, որին չի կարելի հայհոյել, մանավանդ գազազած կանայք:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում