Հատված տեղեկատվական անվտանգության փորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ հարցազրույցից:
-Առավելապես տարակուսանքի տեղիք տվեց ռուսական լրատվամիջոցների պահվածքը, ինչո՞ւ հենց ռուսներն այդքան փութաջանորեն տարածեցին կեղծ տեղեկատվություն` իբր թե ոստիկանների վրա հարձակված միտինգավորների, ԱՄՆ-ից ֆինանսավորվող «մայդանականների» գոյության մասին: Հասցրե՞լ եք ուսումնասիրել պատճառները:
-Դրանք մի քանիսն են: Առաջինը տգիտությունն է. ռուս լրագրողները սովորել են աշխատել ինչ-որ կարծրատիպերով, ինձ թվում է, որ ռուսական լրատվամիջոցներում «մայդանական կարծրատիպ» է ձեւավորվել:
Օրինակ, այդպիսին է պրովոկացիոն նյութեր ներկայացրած Ռոսիա 24-ի լրագրողը. ես հետեւել եմ նրա ֆեյսբուքյան էջին, նա ուղղակի զոմբի լրագրող է, որը ամեն տեղ «մայդան» է փնտրում, տեսնում: Գալով՝ Հայաստանը եւս փորձեց ամեն ինչ «մայդանի» կաղապարի մեջ տեսնել: Մարդկանց հետ զրուցում էր, բայց հավաքում էր միայն այն կարծիքները, որոնք համապատասխանում են իր ուղեղում ձեւավորված «մայդանի մատրիցիային։
Կարդացեք նաև
Երկրորդ. եղան հատուկ պատվերով Հայաստան ուղարկված լրագրողներ, որոնք հրահանգված էին անպայման «մայդան» գտնել: Այդ փնտրտուքի նպատակը ոչ այնքան քաղաքական է, որքան ուղղված է ընթերցող հավաքելուն, որովհետեւ «մայդանը» նաեւ ընթերցողի ուշադրությունը գրավող թեմա է. փաստորեն, նպատակ ունեին ընթերցող շահել:
Երրորդ. տեղեկատվություն տարածվեց, որ մի քանի լրատվամիջոցներ Երեւան են եկել Բիբինի պատվերով, որպեսզի կարողանան ուշադրությունը շեղել հայկական էլցանցերից ու ավելի շատ գրել, խոսել Հայաստանում առկա «անկայուն» քաղաքական իրավիճակի մասին:
Չորրորդ. լրագրողների մի կատեգորիա կա, որը կարդում է ռուս «փորձագետների» հոդվածները, դրանք ընդունում որպես բացարձակ ճշմարտություն ու անվերապահորեն հավատում, որ Հայաստանում «մայդան» է: Նրանք հենց այդպիսի տրամադրությամբ էլ եկան Երեւան: Բայց նմանների հետ բավական հեշտ եղավ աշխատելը, քանի որ իրենց աչքով տեսան, համոզվեցին, որ «մայդան» Հայաստանում չկա, ու սկսեցին գրել այդ մասին:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում