Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների պաշտպանության ցանցի հայտարարությունը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ

Հունիս 26,2015 12:17

Մոտ 2 շաբաթ է՝ Հայաստանում ամենաշրջանառվող և զգայուն խնդիրը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումն է: Երեխաների պաշտպանության ցանցը, որ միավորում է 34 կազմակերպություն, գտնում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն ուղղակիորեն կազդի տնտեսության զարգացման տեմպերի, միաժամանակ շղթայական ազդեցություն կունենա ապրանքների և ծառայությունների գնի բարձրացման վրա՝ այդպիսով հարված հասցնելով հատկապես աղքատ և նպաստառու ընտանիքների և խոցելի երեխաների կյանքի որակին:

Երեխաների պաշտպանության ցանցը իր մտահոգությունը միացնում է էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող թանկացման առթիվ հնչող մյուս հայտարարություններին, քանի որ պաշտոնական տվյալներով արդեն իսկ բնակչության 32 %-ը աղքատ է, իսկ մանկական աղքատությունը կազմում է 37.3%: Մինչև 18 տարեկան երեխաների 3.3%-ը ծայրահեղ աղքատ է, ինչը նշանակում է, որ առանց թանկացումների ներկա գներն անգամ այդ երեխաների ու նրանց ընտանիքների համար անմատչելի են: Ոչ պաշտոնական տվյալներով, աղքատ երեխաները կազմում են Հայաստանում մանկահասակ բնակչության ուղիղ կեսը. դրանք այն երեխաներն են, ովքեր ուղղակիորեն կտուժեն սպասվող գնային փոփոխությունից:

Աղքատությունը, դառնալով տևական, ձևավորում է աղքատության մշակույթ իր բոլոր անցանկալի և անդառնալի հետևանքներով: Քայքայելով հանրության ներուժը՝ այն կարող է սպառնալ նաև ազգային անվտանգությանը, քանի որ աղքատության ու զրկանքների մեջ մեծացող երեխաները կորցնում են իրենց պոտենցիալը զարգացնելու գրեթե բոլոր հնարավորությունները:

Ցանցը իր մտահոգություն է հայտնում հատկապես Ոստիկանության կողմից թույլ տված այն ճնշումների կապակցությամբ, որոնք տեղի ունեցան հունիսի 22-ին, որից տուժել են երիտասարդներ ու նաև բազմաթիվ անչափահասներ ու մայրեր՝ գնահատելով ուժային կառույցի քայլերը ոչ համարժեք և անընդունելի:

Կրկին շեշտելով այն հանգամանքը, որ Հայաստանում երեխաները աղքատ խավի շրջանում ամենախոցելին են՝ կոչ ենք անում լրջորեն անդրադառնալ այս խնդրին և որոնել ելքեր՝ կանխելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը և օգնել հանրությանը վերադառնալու բնականոն կյանքի հուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930