Երեկ երեկոյան, ժամը 21-ից հետո, երբ արդեն մութ էր, Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի մասնակից երիտասարդները, կարելի է ասել, բռնացրեցին մի սադրիչի, որը փորձում էր պատնեշ սարքած աղբամաններից այնկողմ անցնել: Տղամարդը, որին ակտիվիստները նկատեցին, ըստ երեւույթին՝ ազգությամբ ռուս էր, քանի որ ռուսերեն էր խոսում եւ սլավոնական արտաքին ուներ: Այս տղամարդը ոգելից խմիչք էր օգտագործել, վրայից օղու հոտ էր գալիս:
Երիտասարդների բոլոր հարցերին՝ ո՞վ է, ի՞նչ է անում այստեղ, ոչինչ չէր պատասխանում, անընդհատ փորձում էր ցատկել աղբամանի վրա ու «սահմանը» անցնել:
Երիտասարդները շատ քաղաքավարի խնդրում էին հետ դառնալ, բայց տղամարդը համառորեն փորձում էր առաջ գնալ եւ երբ նկատեց, որ իրեն տեսանկարահանում ենք ու երիտասարդներից մեկը հեռախոսի լույսը գցեց նրա վրա, որպեսզի դեմքը պարզ երեւա, նա շրջվեց ու ինչ-որ մարդկանց թեւանցուկ արած հեռացավ:
Երիտասարդները մտահոգություն ունեն, որ այս սլավոնական արտաքինով տղամարդու միջոցով ինչ-որ անձինք փորձում են սադրել, քանի որ առաջին դեպքը չէր, որ տվյալ անձը հարբած հայտնվել էր ակտիվիստների մոտ:
Մանրամասն՝ տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ