Հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը բավականին դրամատիկ իրադարձություններ ծավալվեցին Բաղրամյան պողոտայում: Պատգամավորներից կազմված «կենդանի պատը», պողոտա ժամանած ՀՀԿ-ականներին ուղղված հայհոյանքները, Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու առաջարկի մերժումը դեպքերի մի չնչին մասն են միայն։ Այս թեմայի շուրջ երեկ զրուցեցինք ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ։
Ինչո՞վ է բացատրվում ՀՀԿ ներկայացուցիչների նկատմամբ ցուցարարների վրդովմունքը։ «Ես այդ միջադեպի վրա չեմ ուզում կենտրոնանալ, որովհետեւ մեր երկրում կան բազմաթիվ պրոբլեմներ, եւ կլինեն քաղաքացիներ, ովքեր նաեւ դժգոհություններ կունենան ոչ միայն Ձեր նշած անձից, այլ ինձից էլ, էն մեկից էլ, էն մյուսից էլ»,- ասաց Շարմազանովը։
Ըստ նրա՝ դա եղել է այդ մարդկանց կարծիքը, սակայն սա պետք է կարողանալ էթիկայի նորմերը չխախտելով արտահայտել։
Այսինքն, ՀՀԿ-ից ով էլ լիներ, նույն վերաբերմունքի՞ն էր արժանանալու: «Գիտե՞ք ինչ կա, միգուցե էդտեղ կանգնած մարդկանց կողմից՝ այո։ Ես չեմ կարող բոլոր հանրապետականների անունից ասել, ես ի՞նչ իմանամ։ Բայց չի բացառվում, որ կլինի նաեւ ժողովրդի մի այլ զանգված, որտեղ նույն Աշոտյանին եւ Ֆարմանյանին կծափահարեն, ես ի՞նչ իմանամ։ Պարզ ա, չէ՞, որ եթե բողոքավոր մարդիկ են, պետք է իրենց բողոքի ձայնը բարձրացնեն»։
Կարդացեք նաև
Իսկ ինչո՞ւ ինքը Բաղրամյան պողոտայում չէր։ «Ճանաչելով ոստիկանապետ Գասպարյանին, տեսնելով ոստիկանության պահվածքը՝ ես համոզված եմ եղել, որ իմ ոստիկանությունն անօրինական եւ անհամաչափ գործողություններ ժողովրդի նկատմամբ չի իրականացնի, դրա համար չեմ գնացել։ Ես վստահում եմ մեր ոստիկանությանը եւ տեսնում եմ, որ մեր ոստիկանությունն անօրինական բռնություն չի կիրառում»:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում