Այս գիշեր Բաղրամյան պողոտայում վարդեր էին բաժանում կանանց եւ աղջիկներին: Չգիտես որտեղից հայտնվում էին հսկայական ծաղկեփնջերը ձեռքներին տղաներ եւ բաժանում վարդերը: Ընդ որում, մի շատ հետաքրքիր պահի ականատես եղա. երբ վարդը ձեռքին տղան մոտեցավ սիրահար մի զույգի, նա իր ձեռքի վարդը մեկնեց ոչ թե աղջկան, այլ տղային, եւ գլխով հասկացրեց, որ վերջինս վարդը տա իր ընկերուհուն: Շատ գեղեցիկ էր այդ «տղայական» հարգանքը:
Մի պահ շրջապատում բոլոր կանանց եւ աղջիկների ձեռքերին վարդեր էին: Դա դեռ քիչ էր՝ մի փոքրիկ մոտոցիկլետ էլ, որը կրում էր «Վարդանի վարդեր: Ծաղիկների առաքում» անունը, արդեն մի քանի օր է՝ կանգնում է Բաղրամյան պողոտայում, ցուցարարների մեջ: Վախենամ՝ մութ սենյակում չեղած կատու փնտրող ռուսական քարոզիչները հիմա էլ «Մայդանի» փոխարեն «Վարդերի հեղափոխություն» են տեսնելու Երեւանում:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ