Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ ԱՄՆ-ի պետդեպի «Մարդու իրավունքների պաշտպանության» զեկույցում

Հունիս 26,2015 00:06

ԱՄՆ-ի պետդեպը հրապարակեց 2Օ14-ի «Մարդու իրավունքների պաշտպանության» զեկույցը

Ներկայացնում ենք զեկույցի՝ Հայաստանի վերաբերող հատվածը, ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի: 

«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցում ամենամեծ խնդիրը 2Օ14 թվականին եղել է սիստեմատիկ կոռուպցիան ու կառավարությունում թափանցիկության պակասը, արդարադատության համակարգի սահմանափակ անկախությունը և իրենց կառավարությունը փոխելու քաղաքացիներին ընձեռնված հնարավորությունների պակասը», – ասված է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում։

«Գործադիր ճյուղը Հայաստանում շարունակում էր քաղաքական ճնշումների տակ պահել դատարանները։ 2Օ14 թվականին նկատելի է եղել բանակում ոչ մարտական պայմաններում արձանագրված կասկածելի մահացությունների, ինչպես նաև նորակոչիկների նկատմամբ բռնությունների թիվը»։

Զեկույցը նաև փաստում է, որ ոստիկանությունը Հայաստանում խոստովանություններ ստանալու նպատակով շարունակել է հարցաքննությունների ընթացքում ծեծի ենթարկելու ու կտտանքների փորձառությունը։ Իսկ իշխանությունը որևէ մեկի պատասխանատվության չի ենթարկել 2ՕՕ8 թվականի նախագահական ընտրություններից հետո 8 քաղաքացիների ու երկու ոստիկանների սպանության համար։

Չնայած Հայաստանի օրենքները ճանաչում են անմեղության կանխավարկածը, ըստ զեկույցի, իշխանություններն այդ օրենքը չեն հարգում։

Հայաստանում մեծաթիվ մարդիկ են կարողացել քննադատել կառավարությանը։ Սակայն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցը հիշեցնում է նոյեմբերի վերջին ու դեկտեմբերին տեղ գտած հարձակումներն ընդդեմ քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստների, այդ թվում՝ խորհրդարանի ընդդիմադիր անդամի։

Զեկույցը հիշեցնում է նաև նախագահի դեմ որևէ կերպ խոսողների «ականջները կտրելու» մասին փոխոստիկանապետի սպառնալիքը։

Ինչ վերաբերում է մամուլի ազատությանը, ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ամենամյա զեկույցում ասված է, որ ի հակադրություն ինտերնետային պարբերականների, Հայաստանում տպագիր ու ռադիոհեռուստատեսային կայանները հիմնականում զրկված են եղել քաղաքական տարբեր կարծիքներ արտահայտելու հնարավորությունից։

«Հայաստանում, չնայած կառավարությունը հաճախ է հարգել ազատ հավաքներ անցկացնելու մարդկանց իրավունքը, իշխանությունները երբեմն իրականացրել են դրանք խոչընդոտելու քայլեր, իսկ ոստիկանությունը՝ կիրառել անհամաչափ ուժ ընդդեմ ցուցարարների», – փաստում է զեկույցը։

Նշենք, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը «Մարդու իրավունքների պաշտպանության» ամենամյա զեկույցները կազմում է՝ հենվելով իր դեսպանություններից ու հյուպատոսություններից ստացված հաղորդագրությունների վրա՝ հիմք ընդունելով նաև ոչ կառավարական ու միջազգային կազմակերպությունների զեկույցներն ու հետազոտությունները։

Պետդեպարտամենտի զեկույցն էլ հիմք է դառնում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը մշակելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, օտար երկրներին օգնություն տրամադրելու համար։

Արամ ՎԱՆԵՑՅԱՆ

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930