Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակտիվիստները պետք է գնան բանակցությունների»

Հունիս 26,2015 14:00

ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը չի մեկնաբանում
կուսակից ընկերների` Բաղրամյան պողոտա գնալու որոշումը

– Ինչպե՞ս կբնութագրեք այն ամենը, ինչ վերջին երեք օրերին տեղի է ունենում Երեւանում, հանրապետությունում:

– Երիտասարդությունը, քաղաքացիական հասարակությունը, մարդիկ, ովքեր հավաքվել են որպես մտահոգ, ակտիվ քաղաքացիներ, համախմբվել են ու որոշակի ակցիաներ են իրականացնում` իրենց ձայնը լսելի դարձնելու համար: Գործընթացը իրականացվում է օրենքի շրջանակներում, եւ եթե համեմատենք տարիներ առաջ ունեցած մեր իրողությունների հետ` քաղաքացիական շարժումների ընթացքում իշխանության դրսեւորումները, ոստիկանության պահվածքը, ապա պետք է արձանագրենք, որ եւ քաղաքացիական ակտիվիստները, եւ հասարակությունը, եւ ոստիկանությունը շատ ավելի կիրթ եւ ընկալելի են դարձել:

– Թեեւ ոստիկանության բարեփոխման մասին արդեն երկու տարուց ավելի խոսում է նաեւ ոստիկանապետը, բայց ամսի 23-ին, վաղ առավոտյան, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածը, որը հետո նաեւ Ազատության հրապարակում շարունակություն ունեցավ, ուղղակի ապացուցում է, որ ոստիկանները հարազատ մնացին հայտնի մեթոդներին` ջրցան մեքենաներ, բռնություններ, ընդգծված բռնություններ լրագրողների նկատմամբ: Այս ամենին բացատրություն ունե՞ք:

– Ցանկացած բնագավառում կան տարբեր մարդիկ: Եթե միջոցառումն էլ մասսայական է, հասարակական է, եթե մի տեղում տասից ավելի մարդ կա, ապա կան տասից ավելի բնավորություն, ընկալումներ, պատկերացումներ եւ աշխարհայացք: Լրագրողական դաշտից սկսած մինչեւ ոստիկաններ, քաղաքացիական ակտիվիստներ, տարբեր մարդիկ են` տարբեր բնավորություններով, մոտեցումներով ու ընկալումներով: Եթե ընդհանուր գնահատականներ հնչեցնենք նույն ոստիկանության մասին, ապա գնահատականը միանշանակ դրական է: Իհարկե, կային նաեւ մասնավոր դեպքեր: Մարդիկ միգուցե պակաս կրթված էին, քիչ տեղեկացված կամ պարզապես չկարողացան իրենց էմոցիաները զսպել, բավարար պրոֆեսիոնալիզմ չցուցաբերեցին եւ այլն, բայց ընդհանուր առմամբ ոստիկանությունում իրականացված բարեփոխումների ծրագրերը արդյունք տվել են:

Հանուն արդարության նշենք, որ քաղաքացիական ակտիվիստների մեջ էլ կային մարդիկ, ովքեր հայհոյում եւ վիրավորում էին ոստիկանին, մեր երկրի ոստիկանին: Նույնպես հանուն արդարության ասեմ, որ լրագրողների մեջ էլ կան մարդիկ, որոնց հետ ինքս, օրինակ, աշխատանքային առումով շփվելուց, զրուցելուց բավականություն եմ ստանում: Բայց կան լրագրողներ, որ, օրինակ, մաստակը բերանում կարող են մոտենալ եւ հարց տալ: Այնպես որ` տարբեր միջավայրերում էլ կան տարբեր մարդիկ՝ տարբեր բնավորություններով, իսկ իմ հնչեցրած գնահատականները ընդհանրական են: Մանավանդ, որ դատախազությունը ձեր նշած դեպքերի հետ կապված քրեական գործ է հարուցել: Մանրամասն կուսումնասիրվեն եւ ոստիկանների գործողությունները, եւ քաղաքացիական ակտիվիստների, եւ լրագրողների: Եթե այնպիսի իրավիճակ լինի, երբ որեւէ ոստիկան իր լիազորություններից դուրս է գործել, հուսով եմ, որ նա անպայման կպատժվի: Ի դեպ, դրա մասին խոսել են եւ ոստիկանապետը, եւ փոխոստիկանապետը: Դրական եմ գնահատում նաեւ այն, որ ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել մասսայական գործողությունների ժամանակ եղած վնասները:

Մենք մի կարեւոր հանգամանք չպետք է մոռանանք` այնտեղ նստած ակտիվիստների անվտանգությունն ապահովելը նույնպես ոստիկանների խնդիրն է: Աստված մի արասցե, որեւիցե մի սադրիչ, ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացի ինչ-որ գործողություն անի, որեւէ ակտիվիստի ինչ-որ մի վնաս պատճառի, դրա ծանրությունն էլ է ընկնում ոստիկանի վրա:

– Նախօրեին ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ նաեւ Ձեր կուսակից ընկերներ Արմեն Աշոտյանն ու Սամվել Ֆարմանյանը շտապեցին պատնեշի դեր կատարել ոստիկանների եւ քաղաքացիական ակտիվիստների միջեւ: ՀՀԿ-ական պատգամավորներն արժանացան հավաքվածների հայհոյանքներին, վիրավորանքներին ու սուլոցներին: Նախ` ինչպե՞ս եք գնահատում Ձեր կուսակիցների քայլը, եւ ինչո՞ւ Դուք նրանց հետ չէիք:

– Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե ինչ իրավիճակում ինչ քայլ իրականացնի: Իմ ընկերներն ինձ հետ չեն խորհրդակցել այդ քայլը կատարելիս, ոչ էլ ես ներկա եմ եղել որոշումը կայացնելուն, հետեւաբար ես չեմ մեկնաբանի, դա կթողնեմ իրենց:
Ես չեմ գնացել, բայց մինչեւ լուսադեմ հարցով մտահոգ իմ ընկերների հետ հետեւել եմ, թե ինչ է կատարվում: Ինքս չեմ գնացել Բաղրամյան պողոտա, որովհետեւ վստահ էի, ու ինչպես ժամանակը ցույց տվեց՝ ես ճիշտ էի, որ ոստիկանությունը որեւէ բիրտ ուժ չի կիրառելու: Կրկնում եմ` իրավիճակն է փոխվել` ոստիկանությունը բարեկրթվել է, ոստիկանները հասկանում են իրենց իրավունքներն ու պարտականությունները, եւ իշխող ՀՀԿ-ն այն ուժը չէ, որը բիրտ ուժով փորձի հարցեր լուծել: Պետք է մի բան հստակ հասկանալ` մենք պետություն ենք, ունենք օրենքներ, որոնց առաջ բոլորը հավասար են:
Ինչ վերաբերում է Բաղրամյան պողոտայում ընդդիմադիր գործիչների ներկա գտնվելուն` նորմալ եմ ընկալում, քանզի այս ակցիան քաղաքացիական լինելով՝ այնուհանդերձ, քաղաքական տարրեր էլ է իր մեջ պարունակում: Նորմալ է, որ ընդդիմադիր տարբեր գործիչներ փորձեն իրադարձությունների կիզակետում լինել, սեփական դերակատարումն ունենալ:

– Չե՞ք կարծում, որ իշխանությունը ճիշտ քայլ արած կլինի, եթե քաղաքացիների այս ըմբոստությունը փորձի օգտագործել ռուսական մասնավոր ընկերության հետ իր հակասություններում` հանուն հենց իշխանության ու պետության շահի:

– Հարցը շատ խորքային է: Բայց նաեւ քաղաքացիների այս ըմբոստությունը պետք է ունենա տրամաբանական գործողությունների հաջորդականություն: Հիմա Բաղրամյան պողոտան փակել են. օրենքի խախտումով է, բայց իշխանությունը, ոստիկանությունը թույլատրում է: Դա ենթադրում է, որ իրենք պետք է գնան բանակցությունների, առավել եւս, որ երկրի նախագահը 3-4 անգամ պատրաստակամություն հայտնեց ընդունել պատվիրակներին, զրուցել եւ փորձել հասկանալ խնդիրը: Եթե չեն գնում բանակցությունների` խնդիրն ինչո՞ւմն է:

– Բայց պահանջը հստակ է` չթանկացնել էլեկտրաէներգիան:

– Ընդունում եմ: Բայց միգուցե նախագահն այնպիսի փաստարկներ է ներկայացնում, որ իրենք էլ են համոզվում` թանկացումն անհրաժեշտ է, կամ հակառակը` իրենք են այնպիսի փաստարկներ ներկայացնում, որ մենք հասկանում ենք` թանկացումն անտեղի է: Այսինքն՝ երբ միջոցառում ես անում, քայլերի տրամաբանական հաջորդականություն պիտի լինի: Ամբողջ աշխարհում ընդունված կարգ է` բողոքեցիք, պահանջը ներկայացրիք, նստում ենք, զրուցում, մեկս մյուսին համոզում եւ առաջ գնում: Ես հասկանում եմ, որ ակցիան ինքնաբուխ է, որ կան մտահոգ մարդիկ, ովքեր թույլ չեն տալիս, որպեսզի քաղաքական գործիչները գնան ու շարժմանը տեր կանգնեն` սեփական PR-ն անելով: Միգուցե դա է նաեւ պատճառը, որ ընդգծված լիդեր չկա, կոլեգիալ կառավարում է փորձ արվում իրականացնել, բայց ժամանակն է, որպեսզի հարցերը հստակ ձեւակերպվեն, ու վստահություն վայելողները դրանք ներկայացնեն: Ու կախված բանակցության արդյունքից` իրականացնեն քայլերի հաջորդականություն: Այլապես մի տեսակ փակուղային իրավիճակ է:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
25.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930