Լրահոս
Օրվա լրահոսը

Գազալցակայանի տեսանկարահանող սարքի զննումը կատարվել է 40 օր հետո, քննիչի միջամտությունը կասկածելի է

Հունիս 26,2015 13:30

Մանվել Ինգլիզի Վարդանյանի պաշտպան, փաստաբան Լիանա Բալյանը երեկ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին

Երեւան-Գյումրի ավտոճանապարհին անցյալ տարի տեղի ունեցած վթարի գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Է. Պողոսյանը նախապատրաստել էր նյութեր՝ փաստաբանի հաղորդման հիման վրա: Սակայն օրեր առաջ՝ հունիսի 19-ին, քննիչը որոշում է կայացրել հանցագործության դեպքի բացակայության հիմքով քրեական գործ չհարուցել:

Փաստաբանը գլխավոր դատախազին ուղղած իր բողոքում այդ որոշումը համարում է անհիմն:

Նա տեղեկացնում է, որ գործում առկա է արձանագրություն՝ անցյալ տարվա նոյեմբերի 11-ի թվագրությամբ: Այդ արձանագրությունը վերաբերել է առգրավում կատարելուն: «Առավոտին» փաստաբանը տեղեկացրեց. «Առգրավում կատարելու որոշման մեջ նշված է «Հենզել Նազար» ՍՊ ընկերության Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 107 կմ հատվածում՝ գազալցակայանում տեղադրված տեսանկարահանման սարքը:
Քննիչ Կ. Մանանդյանը, ընթերականեր Դավիթ Չոփիկյանի եւ Խաչատուր Հաջաթյանի մասնակցությամբ, առգրավել է «Հենզել Նազար» ՍՊ ընկերության Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 107 կմ հատվածի գազալցակայանում տեղադրված «4-CH DVR 4-CH վիդեո ռեկորդ» տեսակի XKA-8105 B մոդելի տեսանկարահանման սարքը: Ընկերության տնօրենը հայտարարել էր, թե նշված տեսանկարահանման սարքը տեսագրում է Երեւան-Գյումրի ավտոճանապարհը եւ դրա հարեւանությամբ գտնվող գազալցակայանը եւ 2014թ. նոյեմբերի 10-ին, ժամը 18:20-ի սահմաններում, նշված տեսանկարահանման սարքը միացված է եղել եւ ֆիքսել է գազալցակայանի եւ ավտոճանապարհի մեքենաների երթեւեկությունը»:

Լիանա Բալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սարքի զննումը կատարվել է 40 օր հետո՝ 30.12.2014թ., ընթերականեր Արամ Աղաջանյանի, Խաչիկ Խաչատրյանի ու «Հենզել Նազարի» տնօրենի ներկայությամբ:

Լիանա Բալյանը գլխավոր դատախազի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ քննիչն առանց մասնագետի, ինքնակամ, գործից անտեղյակ ընթերակաների ներկայությամբ, նշյալ տեսանկարահանման սարքը Արթիկի քննչական բաժնում միացրել է «Ակիրա» մոդելի հեռուստացույցին. «Նա արձանագրել է, որ զննությամբ կոշտ թվային կրիչի վրա տեսագրություն չի հայտնաբերվել»: Սարքը զննության արձանագրությամբ ի պահ է հանձնել «Հենզել Նազար» ՍՊ ընկերության տնօրենին: Ավելին, փաստաբանի տեղեկացմամբ, տեսանկարահանման սարքը քրեական գործով ապացույց չի էլ ճանաչվել:
Փաստաբանը, որն իրականացնում է վարորդի պաշտպանությունը, ասում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, զննումը, որպես կանոն, կատարվում է ցերեկը՝ ընթերակաների մասնակցությամբ.

«Քննիչը զննում է տեսանելի օբյեկտները, իսկ անհրաժեշտության դեպքում դրանց զննումը դարձնում է իրեն մատչելի, եթե դրանով չեն խախտվում քաղաքացիների իրավունքները: Անհրաժեշտության դեպքում քննիչը կատարում է զննվող վայրի եւ առանձին առարկաների չափումներ, կազմում է հատակագծեր, գծագրեր, սխեմաներ, իսկ հնարավորության դեպքում՝ կատարում լուսանկարում, տեսանկարահանում, կինոնկարահանում եւ այլ տեսակի ամրագրում, որի մասին նշվում է արձանագրության մեջ: Ամրագրման արդյունք հանդիսացող նշված փաստաթղթերը կցվում են արձանագրությանը»:

Իսկ օրենքով սահմանված «Զննության ընթացքում քննիչն ինքնուրույն կամ մասնագետի օգնությամբ վերցնում է հետքեր, իրեր, փաստաթղթեր, ինչպես նաեւ այլ առարկաներ, որոնք գործով հետագայում կարող են ունենալ ապացուցողական նշանակություն», ըստ նրա, սխալ է ընկալվել քննիչի կողմից, քանի որ նա ապացուցողական նշանակություն ունեցող ապացույցը ինքնուրույն է զննել: Քննիչը հարկ չի համարել զննմանը մասնակից դարձնել անգամ պաշտպանին: Մինչդեռ օրենքը հստակ սահմանում է.
«Քննիչն իրավունք ունի զննությանը մասնակից դարձնել մեղադրյալին, կասկածյալին, պաշտպանին, տուժողին, վկային»:

Լիանա Բալյանը կասկածի տակ է դնում քննիչի՝ որպես «մասնագետի» գործողությունները:

Նա մեզ հետ զրույցում ասում է. «Եթե քննչական գործողություն կատարելիս կիրառվել են լուսանկարում, տեսանկարահանում, կինոնկարահանում, ձայնագրառում կամ պատրաստվել են հետքերի ընդօրինակումներ եւ դրոշմվածքներ, ապա արձանագրության մեջ պետք է նշվեն նաեւ համապատասխան քննչական գործողությունը կատարելու ժամանակ կիրառված տեխնիկական միջոցները, դրանց օգտագործման պայմաններն ու կարգը, այն օբյեկտները, որոնց նկատմամբ կիրառվել են այդ միջոցները եւ ստացված արդյունքները։ Տեխնիկական միջոցներ կիրառելուց առաջ այդ մասին պետք է նախօրոք տեղյակ պահվեն քննչական գործողության կատարմանը մասնակցող անձինք, իսկ արձանագրությունում պետք է նշվի, որ տեխնիկական միջոցների կիրառումից առաջ այդ մասին տեղյակ են պահվել նշված անձինք»։ Ինչը որ չի արվել:

Ամբաստանյալ Մանվել Վարդանյանի պաշտպանի տեղեկացմամբ, մինչդեռ այս տարվա մարտի 17-ին արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ինքը ու իր պաշտպանյալը ծանոթանալով քրեական գործի նյութերին՝ տեղեկացել են, որ «ժամանակին գործում եղել է տեսաձայնագրություն, որը որպես ապացույց չի գտնվում քրեական գործում»: Մեր հարցին, թե միգուցե փաստաբանը ուշ է ներգրավվել գործին եւ հնարավոր է՝ քննիչը չի հետաձգել այդ պատճառով զննումը, Լիանա Բալյանն ասում է. «Քրեական գործին ես ներգրավվել էի անցյալ տարվա նոյեմբերի 13-ին, իսկ զննումն իրականացվել է դեկտեմբերի 30-ին: Քննիչը պարտավոր էր ինձ եւ պաշտպանյալիս տեղյակ պահել զննության մասին, որը չի արվել»:

Ի դեպ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում բացատրություն է վերցվել ՀՀ ՔԿ Շիրակի մարզային վարչության ՀԿԳ քննիչ Կ. Մանանդյանից:

Փաստաբանը հղում է անում քննիչի ցուցմունքին, որը նշել է, որ «քանի որ տիրապետում է հիշյալ սարքից օգտվելու կանոններին, ուստի դրա զննությանը համապատասխան մասնագետ չի հրավիրվել ու մասնագետի մասնակցությամբ զննությունը չի կատարվել: Պարզելով, որ սարքում որեւէ տեսագրություն պահպանված չէ՝ դրանից հետո համապատասխան փորձաքննություն չի նշանակել, որպեսզի անիմաստ քրեական գործի նախաքննության ժամկետները չձգձգվեր ու պետական միջոցներից ավելորդ գումարներ չծախսվեր»: Նկատենք, որ այս գործով նախաքննությունը տեւել է չորս ամիս:
«Այդ չորս ամիսների ընթացքում քննիչը նշանակել է դատահոգեբանական, դատաավտոտեխնիկական, քիմիական, հրդեհատեխնիկական եւ ապրանքագիտական, դատաբժշկական փորձաքննություններ, որոնց վրա արդեն պետական միջոցներից ծախսվել են գումարներ»,- ասում է Լ. Բալյանը:

Գլխավոր դատախազին ուղղված բողոքում փաստաբանն անդրադառնում է նաեւ քննիչի մի արտահայտությանն էլ. քննիչ Կարեն Մանանդյանը նշել էր նաեւ, որ եթե հիշյալ թվային տեսագրիչ սարքում պահպանված լիներ նոյեմբերի մեկի տեսագրությունը, ապա դա, միեւնույն է, քրեական գործի քննության համար որեւէ նշանակություն չէր կարող ունենալ, քանի որ այդ հատվածը տեսանկարահանող տեսախցիկներ հիշյալ տեսագրող սարքին միացված չեն եղել:

Սա այն դեպքում, երբ նույն գազալցակայանի տնօրենը հայտնել էր, թե 2014թ. նոյեմբերի 10-ին, ժամը 18:20-ի սահմաններում, նշված տեսանկարահանման սարքը միացված է եղել եւ ֆիքսել է գազալցակայանի եւ ավտոճանապարհի մեքենաների երթեւեկությունը: Իսկ արձանագրությունն էլ կազմել էր քննիչը՝ ընթերակաների մասնակցությամբ:
Հատուկ քննչական ծառայությունը նյութերի նախապատրաստական փուլում նշանակել էր դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն եւ պարզվել էր. «տեսագրություններ չեն հայտնաբերվել եւ տեսագրությունների ջնջման վերաբերյալ տեղեկատվություն չի հայտնաբերվել»:

Փաստաբանի կարծիքով, «Բնական է, որ արդեն ոչինչ հայտնաբերել եւ վերականգնել հնարավոր չէ, քանի որ տեսագրումից 40 օր հետո է քննիչը զննել տեսաձայնագրությունը, իսկ 7 ամիս անց նոր նշանակվել է փորձաքննություն, եւ արդեն ոչինչ հնարավոր չէր պահպանված լիներ կամ վերականգնվեր»:

Հատուկ քննչական ծառայությունում չեն հարցաքննվել չորս ընթերակաները՝ Դավիթ Չոփիկյանը, Խաչատուր Հաջաթյանը, Արամ Աղաջանյանը եւ Խաչիկ Խաչատրյանը: Իրականում չի պարզվել, թե նման անձինք գոյություն ունե՞ն, թե՞ ոչ, մասնակցե՞լ են քննչական գործողություններին, թե՞ ոչ, հարց, որն ամեն անգամ ծագում է վթարների հետ կապված գործերի դատաքննության ժամանակ:

Փաստաբանը պահանջում է վերացնել քննիչի նշյալ որոշումը եւ փաստի առթիվ հարուցել քրեական գործ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930