PR մասնագետ Հայկ Կիրակոսյանը՝
էլեկտրական հոսանքի թանկացման դեմ ակցիաների մասին
PR մասնագետ Հայկ Կիրակոսյանը էլեկտրական հոսանքի թանկացման դեմ պայքարի մասին խոսելիս «Առավոտի» հետ զրույցում փաստեց. «Բողոքի ակցիան իրոք ինքնաբուխ է, հավաքվածների տարիքն էլ հաճելիորեն զարմացնում է: Մասնակիցների գերակշիռ մասը բավական կրթված, կայացած երիտասարդներ են»:
Հակ Կիրակոսյանը միտում է տեսնում ոմանց կողմից բողոքի ակցիայից միավորներ կորզելու կամ ակցիան պառակտելու. «Երբեմն ասում են, որ իբր ցուցարարները ոչնչի չեն հասնելու ու փաստարկում են առաջնորդի, ղեկավարի չլինելը: Ասվում է, որ կուսակցությունները չեն միանում ակցիային եւ այլն: Իմ կարծիքով՝ հայաստանյան կուսակցությունների փակվելու եւ տուն գնալու ժամանակը եկել է ու մի քիչ էլ անցել է: Ինքս էլ ակտիվորեն մասնակցում եմ բողոքի ակցիային, ու երբ երեկ ընկերներիցս մեկն ասաց, որ կուսակցություններից մի քանիսի ներկայացուցիչները գալու են ժողովրդի մոտ, որոնք իսկապես հայտնվում-անհայտանում էին, ես դա հիմնավորեցի բնության մեջ հայտնի մի օրենքով. երբ գիշակերները որս չեն անում, ու որեւէ առողջ, որս անող կենդանի է որս անում, իրենք հարմար պահի գալիս են ու կտորներ են տանում նրանց մսից: Քաղաքական կուսակցությունների պարագայում մսի փոխարեն դափնին է: Երբ երիտասարդներն ակտիվություն են ցուցաբերում, կարողանում են շատ մարդ հավաքել՝ 3000-ի փոխարեն 13000, եւ այլն, միշտ բեմահարթակում հայտնվում են քաղաքական դաշտում հայտնի մարդիկ, որպեսզի ուրիշների դափնիներն իրենցով անեն: Իմ համոզմամբ, դա անհուսալի գործընթաց է այսօր: Եթե գովազդի կամ PR-ի աղբյուր են փնտրում, թող գնան իրենց Ազգային ժողովով բավարարվեն, որտեղ, չնչին բացառություններով, ակնհայտորեն ժողովրդի պատգամավոր կամ պատգամախոս չկա, որեւէ մեկը ռեալ ժողովրդի կողքին կանգնած չէ»:
Մեր զրուցակիցը ցույցերի ժամանակ նկատել է ՀՀԿ-ականների, կառավարությունում, նախագահականում աշխատող IT եւ PR մասնագետների: Հայկ Կիրակոսյանի ձեւակերպմամբ. «Նրանք ականջները չորս արած՝ փորձում են լսել մարդկանց զրույցները, որպեսզի հետո դրանց վրա իրենց խոսափողներով որոշակի կարծիք ձեւավորեն, փորձեն պառակտել պայքարը: Իմ աչքով տեսել եմ մի շարք իշխանական բլոգերների: Դա շատ լավ նշան է երիտասարդների շարժման, ակտիվիստների համար, քանի որ այնքան անհանգստացած են որոշ մարդիկ, որ երբեմն ուղարկում են իրենց ծանր հրետանուն՝ ձեռքը պուլսի վրա պահելու համար»:
PR մասնագետն առաջարկում է հոսանքի բարձրացման դեմ պայքարը տանել մի քանի ուղղությամբ եւ փորձել ածանցյալ հաղթանակների էլ հասնել. «Պետք է փորձել հաղթել նաեւ այն ոլորտներում, որոնք առաջին հայացքից կապ չունեն հոսանքի թանկացման հետ, բայց միայն առաջին հայացքից: Մասնավորապես առաջարկում եմ վերսկսել տրանսպորտի գնի դեմ պայքարը՝ պահանջելով 50 դրամ դարձնել տրանսպորտի գինը, վարվել այնպես, ինչպես 150 դրամի ակցիայի ժամանակ: Վարորդները մի քանի օր դիմադրելուց հետո կհոգնեն ու էլ չեն ընդդիմանա, արդյունքում կունենանք պարալիզացված տրանսպորտ, մի օլիգարխի տրորված ոտք, որն ու մյուս օլիգարխը իրար միս կուտեն: Այդ մարդը կասի՝ առավոտյան ժամերին էլ տրանսպորտի գնի դեմ են պայքարում, ասում են՝ մինչեւ հոսանքի գնի բարձրացման որոշումը չկասեցնեք, մենք տրանսպորտի համար շարունակելու ենք վճարել 50 դրամ: Իմիջիայլոց, տրանսպորտի ոլորտը իշխանությունների համար գրեթե անվերահսկելի է, չեն կարող ամեն երթուղայինի մեջ մի ոստիկան դնել: Կարճ ասած՝ եթե մենք սկսում ենք պայքարել այն ոլորտներում, որտեղ հաղթելու փորձ ունենք, պայքարելու մեխանիզմները լավ յուրացրել ենք, դա լինելու է մեր հաղթաթուղթը իրենց ջրցան մեքենաների, ոստիկանների դեմ, ասում ենք՝ դուք այսպես, մենք էլ՝ այսպես՝ հոսանքի գինը թանկացնում եք, մենք էլ 50 դրամ ենք վճարում…»:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ ՀՀ ոստիկանապետի՝ լրագրողների հանդեպ ոստիկանների կողմից ցուցաբերված բռնությունների համար ներողություն խնդրելուն. «Ներողություն խնդրելու գործելաոճը կարծես դառնում է բավական օրինակելի… «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության ակտիվիստներին էլ ծեծեցին՝ կանանց, երեխաների, դրսից ժամանած մարդկանց աչքի առաջ, ու եթե չեմ սխալվում՝ մի քանի մարդ ձեւական ներողություն խնդրեց, մի քանիսին էլ գործից հանեցին, ուրիշ պաշտոնի նշանակեցին: Եթե ներողություն խնդրելը գործելաոճ է, ապա արդար եմ համարում, որ ակտիվիստներն էլ ոստիկաններին ծեծեն ու հետո ներողություն խնդրեն, այդպես ուժերը կբաշխվեն հավասարաչափ»:
Հայկ Կիրակոսյանը մեկ այլ առաջարկ արեց՝ ոստիկան բառը փոխարինել պաշտպանով. «Երբ ջրցան մեքենաների տեսանյութն էի նայում, տեսա մի տղա հեծանիվով գալիս է, որ անցնի: Մեկ էլ զորքի միջից մի ոստիկան երկու ոտքով առաջ եկավ, որ խփի հեծանիվի անիվին: Եվ սա այն պարագայում, որ ա՛յ տղա ջան, ա՛յ եղբայր ջան, ա՛յ ոստիկան ջան, ա՛յ հայ մարդ, ախր քեզ հրաման չեն տվել, որ քացով խփես ինչ-որ մեկին: Մի՞թե քո բջիջների մեջ է ոստիկան լինելը: Ի դեպ, հայերը երբեք ոստիկանի գործառույթ իրականացնող անձ չեն ունեցել, ոստիկանը արաբերեն բառ է, պաշտոնն էլ արաբական աշխարհին է բնորոշ: Ոստիկանն այն մարդն էր, որը արաբական տիրապետության շրջանում մեզ ծեծում ու հարկեր էր հավաքում: Իսկ այսօր մենք ոստիկան ասում ենք մեր հայորդիներին, որոնք պետք է իրականում ժողովրդի շահերը պաշտպանեն: Ու բառերն էլ ուժ եւ էներգետիկա ունեն: Լավ կլիներ՝ ոստիկան բառը արմատախիլ անել, փոխարենը օգտագործել պաշտպան բառը, որ իրենց համակարգում մկրտություն ստանալու օրվանից մարդը հասկանա, որ կոչված է ժողովրդին պաշտպանելու»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.06.2015