Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնսերվատորիայի 100-ամյա պրոֆեսորը

Հունիս 26,2015 12:30

Երաժշտագետ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Աննա Բարսամյանի (լուսանկարում) անունը թերեւս արժանի է գրանցել Գինեսի ռեկորդների գրքում: Դասախոսը շուրջ մեկ տարի է, ինչ չի հաճախում կոնսերվատորիա, սակայն դա նրան չի խանգարում, որպեսզի իր մանկավարժական գործունեությունը ուսանողների ու կապը կոլեգաների հետ շարունակի տանը:

Հունիսի 28-ին լրանում է Աննա Բարսամյանի ծննդյան 100-ամյակը:
«Առավոտի» հետ զրույցում կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանն ասաց, որ կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի համար պատիվ է լինել հարյուրամյա մտավորականի ժամանակակիցը, բուհի բազմաթիվ աշխատակիցներ, դասախոսներ եւ ուսանողներ անսահման սիրով ու ջերմությամբ են լցված երկարամյա մանկավարժի, արվեստագիտության թեկնածուի, պրոֆեսորի անձի նկատմամբ: Հետո էլ տեղեկացրեց. «Պրոֆեսորի մանկավարժական գործունեության սկիզբը 1950 թվականն է, նա կոնսերվատորիայում դասավանդել է «Ռուսական երաժշտության պատմություն», «Արտասահմանյան երաժշտության պատմություն», «Երաժշտագիտություն» մասնագիտական դասընթացները: Տիկին Բարսամյանը գիտական աշխատությունների հեղինակ է, նաեւ բազմաթիվ հոդվածների, որոնք տպագրվել են մամուլում, ամսագրերում, Հայկական խորհրդային հանրագիտարանում, միայն «Գիտելիք» ընկերության շրջանակում պրոֆեսորը կարդացել է շուրջ 600 դասախոսություն՝ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս, հեղինակ է եւ համահեղինակ հրատարակված մասնագիտական մի շարք աշխատությունների»: Պարոն Շահինյանը հավելեց նաեւ, թե պրոֆեսորի բազմաթիվ աշխատությունները մնայուն արժեքներ են, որոնք երաժշտագետների եւ նոր սերնդի համար մասնագիտական կարեւոր աղբյուր են հանդիսանում, սակայն ամենանվիրականը այն մեծ հեղինակությունը, հարգանքն ու վստահությունն են, որ Աննա Ալեքսանդրովնան անվերապահորեն վայելում է ոչ միայն մեզանում, այլեւ արտերկրում ստեղծագործող իր նախկին ուսանողների շրջանում, որոնք բարձր մասնագիտական արժանիքներով վկայում են եւ ուրախություն պատճառում իրենց ուսուցչին:

Երաժշտագետ, պրոֆեսոր Արմեն Բուդաղյանի խոսքերով՝ «Խորին երախտագիտություն ենք հայտնում երաժշտագիտության զարգացման գործում Աննա Բարսամյանի ավանդի համար: Կոնկրետ կոնսերվատորիականներիս համար տիկին Բարսամյանը մարդու անզուգական օրինակ է, հրաշալի մտավորական, առաքինի, ազնվագույն, վեհանձն ու մեծահոգի անձնավորություն»:

Երաժշտագետի գործընկերներից պրոֆեսոր Շուշանիկ Ափոյանը մեզ հետ զրույցում հիշեց. «Աննա Ալեքսանդրովնայի հետ եղել ենք տարբեր երկրներում՝ Գերմանիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, այլուր, եւ ինչպես ասվում է՝ ճանապարհը մարդկանց առավել մտերմացնում է: Այնքան խորիմաստ, հոգատար է նա, իր խնդիրներով էլ աշխատում է չզբաղեցնել մարդկանց, աննկարագրելի ուշադիր է շրջապատի նկատմամբ, կարճ ասած՝ մեղմ անձնավորություն է, որն ազնվության եւ լավ դաստիարակության արդյունք է»:

Աննա Բարսամյանի երբեմնի ուսանող, կոնսերվատորիայի հրատարակչության տնօրեն, «Երաժշտական Հայաստան» միջազգային գիտական ամսագրի հիմնադիր, գլխավոր խմբագիր Գոհար Շագոյանը հավաստիացրեց, որ պրոֆեսորի հոդվածներն առայսօր հրապարակվում են ամսագրում. «Վերջերս նրան հանձնեցինք իր հարազատ ամբիոնի պատմությունը լուսաբանող համահեղինակ Մարգարիտ Հարությունյանի հոդվածի 4 տարբերակները, որ անհրաժեշտ է վերանայել, մեկ տարբերակ դարձնել եւ լրացնել: Այդ բարդ աշխատանքը տիկին Բարսամյանը կատարում է միայնակ, առանց թոռնուհու՝ Կարինեի օգնության: Իսկ թե ինչ հոգատարությամբ է պարուրված նա եւ ծոռնիկի, եւ, բնականաբար, դստեր կողմից, կարծում եմ՝ երկարակեցության գաղտնիքներից առաջինը դա է՝ հոգեհարազատ միջավայրը: Նա երաժշտագիտության մեջ ոլորտի գործիչների, ամբիոնների, համերգային կյանքի իր մանրակրկիտ ուսումնասիրություններով, փաստորեն, երաժշտական արվեստի մշակների գործունեության ու կոնսերվատորիայի համերգային կյանքի վավերագրությունը ստեղծեց: Հիմա էլ նա ոչինչ չի մոռանում, հետեւաբար գրչից էլ ոչինչ չի վրիպում, որոնք կարեւորություն ունեն մարդ արվեստագետի ամբողջական նկարագիրը ստեղծելու համար»: Աննա Բարսամյանի համահեղինակությամբ տարբեր տարիների հրատարակվել են երաժիշտներին եւ արվեստասերներին հետաքրքրող արժեքավոր գրքեր, այդ թվում՝ «Հայ երաժշտության դասականները», «Հայ երաժշտությունը XIX դարում եւ XX դարասկզբում», «Մեդեա Աբրահամյան» եւ այլն:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna says:

    Ազնիվ,բարոյական,մաքուր ՄԱՐԴ:Ցանկանում ենք առողջություն

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930