Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Լավագույն մարզական ընտանիքն» ավելի արդյունավետ է դառնում

Հունիս 26,2015 12:00

Մեկնարկել է ՀՀ նախագահի մրցանակի համար
«Լավագույն մարզական ընտանիք 2015» մրցույթի առաջին փուլը

Հանրապետության ամենամասսայական այս մարզական միջոցառումն այս տարի էականորեն տարբերվում է նախորդներից:

«Առավոտը» զրուցել է մրցույթի գլխավոր կազմակերպիչ ու պատասխանատու, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի հետ:

– Պարոն Ասրյան: Ո՞րն է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի առանձնահատկությունն այս տարի:

– 11 տարի անընդմեջ մրցույթն անցկացվել է Հայաստանում եւ Արցախում՝ 3 փուլով, 4 տարիքային խմբերում, 6 մարզաձեւերից: 2015 թվականին առաջին անգամ մրցույթի կանոնակարգում լրջագույն փոփոխություն է կատարվել: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի անմիջական նախաձեռնությամբ եւ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը բաժանվել է երեք ուղղությունների եւ «Լավագույն մարզական ընտանիք» ավանդական մրցույթին ավելացել են «Հաշմանդամություն ունեցող մարզիկների» եւ «Լավագույն նախադպրոցական հիմնարկ» առանձին մրցույթները: Նպատակը հասկանալի է. մրցույթի ընդհանուր բյուջեն չփոփոխելով՝ առողջ ապրելակերպն ու մասսայական սպորտն ազգաբնակչության ավելի լայն շրջանակներում տարածելն է՝ ընդգրկելով նաեւ հաշմանդամություն ունեցող մարդկանց, ինչպես նաեւ մանկապարտեզների երեխաներին:

– Ինչպե՞ս է դա հնարավոր դարձել:

– Առաջին եւ երկրորդ փուլերի վեց մարզաձեւերում հաղթող դարձած ընտանիքների 20-հազարական դրամ պարգեւատրումը, որի ընդհանուր գումարը կազմում էր շուրջ 36 մլն դրամ, վերացվել է եւ նախարարությունն այն բաժանել է երկու ուղղությամբ. մոտ 17 միլիոն դրամը՝ հաշմանդամություն ունեցող մարզիկների, մոտ 19 միլիոն դրամը՝ «Լավագույն նախադպրոցական հիմնարկ» մրցույթներին: Իսկ ընդհանուր 155 մլն 840 հազ. 800 դրամ բյուջեի 119 մլն 320 հազ. 800 դրամը մնացել է ավանդական «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին: Սա բերում է բազմահազար ընտանիքների, հաշմանդամություն ունեցող մարզիկների եւ նախադպրոցական հասակի երեխաների մասնակցության:

– Մրցույթի առաջին փուլն ավարտվել է, շուտով կավարտվի նաեւ երկրորդ փուլը: Մասնակցության ակնկալվող աճ կա՞:

– Անցած տարի միայն «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն էր, որի առաջին փուլին մասնակցել էր ՀՀ քաղաքների, Երեւանի եւ ԼՂՀ վարչական շրջանների 2067 ընտանիք: 2015 թվականին այդ մրցույթին արդեն իսկ մասնակցել է 2065 ընտանիք: Սրան ավելացնենք սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կազմակերպվելիք մյուս երկու մրցույթները՝ նույնպես վեց մրցաձեւերից, որոնք, հասկանալի է, որոշակիորեն կտարբերվեն՝ նկատի առնելով մասնակիցների տարիքային եւ ֆիզիկական առանձնահատկությունները: Այնպես որ, երեք ուղղություններում միասին վերցրած՝ մոտավորապես կունենանք 5 հազարից ավելի մասնակից: Դրանցում էլ լինելու են պարգեւներ, այդ թվում՝ նաեւ դրամական: Որոշվել է, վերջին երկու մրցույթների եզրափակիչներն անցկացնել Երեւանում՝ մեկ օրում:

– Զրույցի ավարտին եկեք հստակեցնենք: Փաստորեն, այս տարի առաջին անգամ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթում տրվելու է երեք առանձին մեկնա՞րկ:

– Այո: Ավանդականը, հաշմանդամություն ունեցող մարզիկների եւ նախադպրոցական հիմնարկների:

– Բայց անցած տարի հաշմանդամություն ունեցող ընտանիքներն առաջին անգամ մասնակցեցին հիմնական մրցույթի եզրափակիչ փուլին:

– Այո, այդպիսի 16 ընտանիք կար: Սակայն նրանք միայն ընտանիքում անվասայլակով հաշմանդամ ունեցողներն էին: Իսկ այս տարի կազմակերպվելու է նաեւ ընդհանրապես հաշմանդամություն ունեցողների առանձին մրցույթ: Մենք խիստ կարեւորում ենք նրանց՝ հավասար իրավունքներով եւ հնարավորություններով ինտեգրվելը հասարակություն:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930