Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում անօրինական հավաքի անցկացմամբ պայմանավորված՝ անհնարին է դարձել և ամբողջովին դադարեցվել է երթևեկությունը Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածում, ինչը լուրջ դժվարություններ է հարուցում երթևեկության մասնակիցների համար:
Քաղաքացիների տեղաշարժն ապահովելու և երթևեկության պարտադրված ծանրաբեռնվածությունը հնարավորինս վերաբաշխելու նպատակով՝ Արաբկիր, Դավիթաշեն, ինչպես և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններից դեպի Երևան քաղաքի կենտրոն երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկում ենք երթևեկության համար փակ հատվածը շրջանցել Պռոշյան-Պարոնյան-Գր. Լուսավորիչ կամ Կիևյան-Լենինգրադյան-Աթենքի փողոցներով:
Բացի այդ, ինչպես նշված, այնպես էլ Նոր-Նորք վարչական շրջանից դեպի Էջմիածին քաղաք երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ ենք տալիս Երևան քաղաքի կենտրոնը շրջանցել Դավիթ Բեկ- Ռոստովյան երթուղով:
Ճանապարհային ոստիկանություն
Այս նյութի երկրորդ մասն ամենևին էլ ոչ մի նշանակություն չունի։ Իրենց առաջարկն էլ զգացվում է, որ ուղղակի մատների արանքով արված առաջարկներ են, քանի որ նախ քաղաքացիներն իրենցից լավ գիտեն ինչպես կարելի է շրջանցել, հետո էլ այդ առաջարկներն այդքան էլ ճիշտ չեն կամ էլ հատկապես Նոր–Նորքից Էջմիածին գնացողները միշտ էլ տվյալ երթուղով են գնացել, չնայած թե դա ինչ կապ ուներ չգիտեմ։ Իսկ ինչու՞ չեն գրել օպերայից Բերդ կամ էլ Վանաձոր գնացողներն ինչպես շրջանցեն։
Այս հայտարարության գերնպատակը հայտարարելն է, որ այդ հավաքն անօրինական է։ Սակայն հավաքը միանշանակ օրինական է, քանզի պայքարում է հենց ապօրինության դեմ և համապատասխանում է նաև ՀՀ սահմանադրության 29-րդ հոդվածին։