Այսօր Հատուկ քննչական ծառայություն են հրավիրվել հունիսի 22-ի լույս 23-ի ցույցերը լուսաբանելիս ոստիկանական գործողություններից տուժած լրագրողները:
ԳԱԼԱ հեռուստաընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանը նույնպես հրավիրվել էր ՀՔԾ խոշտանգումների ու մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն՝ բացատրություններ տալու Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների վերաբերյալ:
Վարչության պետի տեղակալ Ավետիսյանը իրեն ասել է, որ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, ուսումնասիրություններ են կատարվում, ինչից հետո տասնօրյա ժամկետում պարզ կլինի՝ կհարուցվի քրեական գործ, թե՞ ոչ:
«Զարմանալի է, որ դեռ չկան հարուցված քրեական գործեր, որովհետեւ մի շարք տեսանյութեր կային, որոնք նրանք պարտավոր էին ուսումնասիրել այս ընթացքում, բացի այդ մեր հայտարարությունները կարող էին հանցագործության մասին հաղորդում ընդունել, բայց ստացվում է՝ նրանք չեն վստահում կամ չեն հավատում լրագրողների հայտարարություններին, համաձայն որի իրենց նկատմամբ բռնություն է կատարվել… ժամանակը ցույց կտա՝ այս գործերը կբացահայտվե՞ն, թե՞ կկոծկեն»,- ասաց ԳԱԼԱ-ի լրագրողը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով ոստիկանների պնդումներին, թե իրենք նախապես լրագրողներին հորդորել էին տարածքից հեռանալ, իսկ լրագրողները չեն կատարել ոստիկանների օրինական պահանջը, Փայլակ Ֆահրադյանը շարունակեց. «Այն, որ եղել է հայտարարություն, որ լրագրողները պետք է ազատեն տարածքը, իսկապես այդպես է: Բայց եկեք հասկանանք՝ ինչ է նշանակում տարածքն ազատել, այսինքն՝ պետք է թողնեինք իրադարձության վայրը ընդհանրապե՞ս: Մեզ ասել էին ազատել այն հատվածը, որտեղից գործի պետք է դրվեր ջրցան մեքենան: Իրենք նկատի են ունեցել, որ մենք պետք է ընդհանրապես դադարեցնե՞նք լրագրողական գործունեությունը: Այդ դեպքում իրենց, իսկ հայտարարությունը օրենքի խախտում է, որովհետեւ լրագրողը պարտավոր է հասարակությանը տեղեկատվություն տրամադրել, եթե ասում են, որ պետք է գնայինք այդ տարածքից, այդ դեպքում խախտվում է նաեւ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը»:
Նա նաեւ պատմեց, որ անձամբ ինքը կենտրոնական հատվածից, որտեղից գործի են դրվել ջրցան մեքենաները, դուրս է եկել, կանգնել մայթեզրին, բայց. «Քանի որ ոստիկաններն ամբողջ տարածքում էին, որտեղ էլ գնայի, իմ դիմաց լինելու էին ոստիկաններ, իմ հետեւում լինելու էին քաղաքացիական հագուստով ոստիկաններ…չեմ հասկանում՝ ինչ է նշանակում ազատել տարածքը, եթե նկատի ունեին, որ ընդհանրապես հեռանայի դեպքի վայրից, ապա չարաչար սխալվում են, որովհետեւ իմ մասնագիտական գործն էի կատարում նշված տարածքում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ