«Բաղրամյան պողոտայում գիտակից, արժանապատիվ հայ երիտասարդություն է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը, որն այսօր Բաղրամյան պողոտայում էր, որտեղ տեղի է ունենում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ բողոքի ակցիան:
Մեր այն հարցն՝ հնարավո՞ր է այս սոցիալական «բունտը» վերածվի քաղաքական պայքարի, ազատամարտիկն ասաց. «Երիտասարդները բոլորն էլ գիտակցում են ամեն ինչ:
Օրինակ` Շարմազանովի հայտարարությունից հետո, այս երիտասարդները հասկացան, որ այստեղ Սահմանադրության մասին խոսք լինել չի կարող: Այսինքն` երբ ԱԺ նախագահի տեղակալը բացահայտ հայտարարում է, որ երկրի նախագահն իր պաշտոնավարման վերջում կհայտարարի՝ ով է լինելու հաջորդ նախագահը, այդ հայտարարությունից հետո այս երիտասարդությանն ուրիշ բան չի մնում մտածելու, քան՝ այո, մենք պետք է Սահմանադրության կարգը վերաքննենք այս երկրում, նորմալ, ժողովրդի կողմից ընտրված իշխանություն ունենանք: Հակառակ դեպքում մի օր պիտի գազի համար պայքարենք, մի օր՝ հոսանքի, հաջորդ օրը՝ չգիտեմ ինչի»:
Պարոն Պետրոսյանն ասաց, որ երիտասարդները հաղթանակից ոգեւորված, կգնան ռադիկալ քայլերի:
Ազատամարտիկի խոսքերով՝ Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդներն այս ժամանակի տերն են, արժանապատիվ հայ են:
Իշխանությունների դիրքորոշման եւ վարքագծի մասին էլ Ռազմիկ Պետրոսյանն ասաց, որ իշխանությունը նույն գործարարի՝ ՀԷՑ-ի ղեկավարների հետ կապի մեջ են ու իրենց եկամտի խնդիրն է. «Նրանք ինչ արտահայտվում են՝ հակառակն են արտահայտվում, ու անպատիժ չեն մնում, այս երիտասարդները չեն ներելու: Մենք ականատես եղանք ի դեմս Աշոտյանի (բողոքի ակցիայի երիտասարդները նախարար Արմեն Աշոտյանին տեսնելով Բաղրամյան պողոտայում՝ հայհոյանքով հորդորում էին հեռանալ Ն.Բ.), եւ ինչո՞ւ միայն Աշոտյանի, այն ընդդիմադիրներն էլ, որոնք խաբել են, իրենք էլ են պատժվելու»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ