Բաղրամյան պողոտայում տրամադրությունը շարունակում է մարտական լինել: Ցուցարարներ վանկարկում են «Ազատ անկախ Հայաստան», «Հաղթելու ենք», «Մենք ենք տերը մեր երկրի»:
Բաղրամյան պողոտայում է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա լրագրողներին ասաց, որ երեկ գիշերը ալկոհոլ է հայտնաբերվել ցուցարարների մոտ ու չէր ցանկանա, որ նույն բանը կրկնվեր այս գիշեր: Նրա կողքին կանգնած մի երիտասարդ խոսում էր ցուցարարների անունից, սակայն ակցիայի ներկայացուցիչ, քաղաքացիական ակտիվիստ Եղիա Ներսիսյանը ասաց, որ չի տեսել եւ չի ճանաչում նրան:
Դրանից քիչ անց Եղիա Ներսիսյան Վալերի Օսիպյանից պահանջեց, որ վերջ տան սադրանքին, ասաց, որ քիչ առաջ «Սամուրայ» բարի մոտ բերել եւ արկղերով խմիչք են թողել ու հեռացել, որ տպավորություն ստեղծվի, թե դա ցուցարարերի համար է նախատեսված: «Կոչ ենք անում գաք ու ձերբակալեք»,-ասաց քաղաքացիական ակտիվիստը փոխոստիկանապետին:
Կարդացեք նաև
Ավելի ուշ, ցուցարարները գտան այդ արկղերով գարեջրերի «տիրոջը»: Նա ներկայացավ որպես առաքիչ, եւ ասաց, որ գարեջուրը տանում է «No limit» սրճարան: Ցուցարարները հրավիրեցին ոստիկաններին, որպեսզի ճշտեն փաստը: Ոստիկանները շնորհակալություն հայտնեցին, որ ակտիվիստները զգույշ եւ ուշադիր են: Առաքիչն ասում էր, որ ձեռքով էր արկղերը տանում, քանի որ մեքենայի ճանապարհը փակ է, նա չուներ ոչ մի փաստաթուղթ: Ի վերջո, որոշեցին, որ ոստիկանների եւ ցուցարարների ներկայացուցիչների ներկայությամբ կգնան այն օբյեկտը, որի համար տանում են գարեջուրը, եւ ստանալով «հաշիվ-ֆակտուրան», կհանձնեն գարեջրերը:
Հասան սրճարան, դուրս եկավ տնօրենը, պարզվեց, որ ամեն ինչ նորմալ է, իսկապես պատվիրված է գարեջուրը, միջադեպը համարվեց փակված:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Տեսանյութերն ավելի ուշ: