«Կարելի է միայն ուրախանալ այն ակտիվությամբ, որը դրսեւորվում է Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդների կողմից: Նրանք փորձում են խնդիր լուծել, որը ոչ միայն իրենցն է, այլ բոլորինս է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն` անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ արդեն մի քանի օր ընթացող պայքարին, որն օրեցօր ավելի մարդաշատ է դառնում:
Պատգամավորը, Բաղրամյան պողոտայում նստացույցի երկրորդ օրը, ջրցան մեքենաներով եւ բռնի ուժով ցույցը ցրելու ոստիկանների փորձից հետո, նույնպես «կենդանի պատնեշ» կազմողների շարքում էր:
Նրա կարծիքով, իշխանության կողմից կիրառվելիք ամեն մի բռնություն կհանգեցնի նրան, որ հակազդեցությունը կուժեղանա, քանզի պողոտան ամեն օր ավելի բազմամարդ է դառնում:
«Ես հույս ունեմ, որ անկախ ամեն ինչից, իշխանությունը կգիտակցի պահի լրջությունը: Կհասկանա, որ պահանջն արդար է: Խնդիրը միայն 7 դրամը չէ: Երիտասարդները, քաղաքական ուժերը, որոնք կողքից են հետեւում երիտասարդների կողմից տարվող գործընթացին, արդարության պահանջ ունեն: Ինչքա՞ ն կարելի է` տարբեր կազմակերպությունների կողմից թալանվի մեր երկիրն ու ոչ ոք դրա համար պատասխան չտա: Եթե թանկացումը հիմնավորված լիներ, թալանի, վատ մենեջմենթի, ուռճացված աշխատակազմի, աշխատավարձերի հարցը չլիներ, ապա ինչ-որ տեղ կարելի էր հանդուրժել թանկացումը: Բայց, տվյալ դեպքում, մարդիկ արդար պահանջով դուրս են եկել փողոց ու մեր բոլորիս խնդիրն է նրանց պաշտպանել ամեն տեսակ անօրինական գործողություններից»,- ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ սակագնի վերանայում չի լինելու եւ ներկայացրել էր հիմնավորումները: Պատգամավորը տեղյակ է վարչապետի խոսքից. «Հաշվի առնելով այսօրվա բյուջեի հնարավորությունները, վարչապետը կարող է նման բան ասել: Բայց իմ կարծիքով, հարցը ոչ միայն տնտեսական է, այլ քաղաքական ու սոցիալական: Լուծումը քաղաքական պետք է լինի: Ես ակնկալում եմ, որ կառավարության կողմից հնչեցված կարծիքը վերջնական չէ: Իշխանությունը, հուսով եմ, կգիտակցի պահի լրջությունը, քանզի եթե խնդիրը շատ արագ չհանգուցալուծվի` բավարարելով երիտասարդների արդար պահանջը, այս գործընթացը կարող է վերաճել անվերահսկելի իրավիճակի: Իշխանությունն, այսօր, ըստ էության, դեմ-դիմաց ու մերկ կանգնած է հասարակության առջեւ: Մեջտեղում չկան այն քաղաքական ուժերը, որոնց հետ հնարավոր էր ինչ-որ կերպ մեղմել իրավիճակը: Սա Հայաստանի համար բացառիկ իրավիճակ է, որը քաղաքական չէ, բայց կարող է վերաճել քաղաքական գործընթացի, որի համար իշխանությունը շատ ավելի թանկ կվճարի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ