Լրահոս
Օրվա լրահոսը

Բավարարվել է Հայկ Մովսիսյանի գործով վճռաբեկ բողոքը

Հունիս 25,2015 19:40

Հայկ Մովսիսյանի իրավահաջորդ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը 2015թ.-ի հունիսի 12-ին ստացել են ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի՝ ներկայացրած վճռաբեկ բողոքը բավարարելու մասին 2015 թվականի փետրվարի 27-ի որոշումը: 2011թ.-ի հունիսին Հայկ Մովսիսյանը, ունենալով հոգեկան առողջության խնդիրեր, զորակոչվել էր բանակ:

Ըստ քննչական մարմնի, Հայկ Մովսիսյանը, զինվորական ծառայության ընթացքում ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելու նպատակով ինքնավնասում էր կատարել, որի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Դեպքի առթիվ Հայկ Մովսիսյանին մեղադրանք էր առաջադրվել, որից հետո քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: 2012թ. նոյեմբերի 20-ի դատավճռով Հայկ Մովսիսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 3 տարի ժամկետով: Դատավճռից 7 օր անց, ԼՂՀ քննչական մեկուսարանի 8-րդ խցում Հայկ Մովսիսյանը մահացել է: Դեպքի հաջորդ օրը ԼՂՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչության մեկուսարանի կալանավոր Հայկ Մովսիսյանի մահվան դեպքի առթիվ, որը, որոշ ժամանակ անց կարճվել էր, համարելով, որ Հայկ Մովսիսյանը ինքնասպանություն է գործել: 2013թ. ապրիլին ՀՀ գլխավոր դատախազի՝ Աղվան Հովսեփյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. նոյեմբերի 20-ի դատավճռի դեմ:

2013թ. ապրիլի 16-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կայացրել է որոշում ՀՀ գլխավոր դատախազի վերաքննիչ բողոքը բավարարելու մասին, ըստ որի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012թ. նոյեմբերի 20-ի դատավճիռը բեկանել է, Հայկ Մովսիսյանին հանցանքի կատարման մեջ ճանաչել անմեղ և հետմահու արդարացրել` հանցակազմի բացակայության հիմքով: Միևնույն գործի շրջանակներում (գլխավոր դատախազի գործուղման մեջ գտնվելու ժամանակ) Աղվան Հովսեփյանի ժամանակավոր պաշտոնակատարը, անհասկանալի տրամաբանությամբ, վճռաբեկ բողոք է ներկայացրել դատարան Հայկ Մովսիսյանին կրկին մեղավոր ճանաչելու պահանջով: Դեպքի առթիվ ՀՀ Հատուկ Քննչական Ծառայությունում, արդարացման դատավճռի կայացումից հետո, հարուցվել էր քրեական գործ՝ պաշտոնատար անձանց պաշտոնական լիազորությունները չարաշահելու հիմքով: Հատկանշական է, որ նախաքննության ողջ ընթացքում Հայկ Մովսիսյանը տուժող չէր ճանաչվում, որի կապակցությամբ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչները դիմել էին առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններ, որոնց կողմից ստացվել էին մերժումներ:

Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները իրենց որոշումները հիմնավորել էին նրանով, թե իբր դիմումատուները մինչ դատարան դիմում ներկայացնելը վիճարկվող որոշումը չէին բողոքարկել վերադաս դատախազին՝ մինչդեռ նման կարգ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում գոյություն չուներ: Այս կապակցությամբ, ինքնասպանություն գործած Հայկ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի և իրավաբան Արայիկ Զալյանի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք: Բողոքում նշվում է, որ դատական պաշտպանության իրավունքի իրացումը չի եղել իրական, այսինքն՝ Հեղինե Պետրոսյանը իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ենթադրյալ խախտումները վերականգնելու իրական հնարավորություն չի ունեցել: Վճռաբեկ բողոքում ներկայացնելով բազմաթիվ հիմնավորումներ Հայկ Մովսիսյանի տուժող լինելու և ՀՀ դատական ատյանների կայացրած որոշումների ոչ արդարացի լինելու մասին, դիմումատուները ՀՀ վճռաբեկ դատարանին խնդրել էին բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թ. հուլիսի 4-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր կազմով քննության:

Վճռաբեկ դատարանի՝ մոտ երեք ու կես ամիս հետո ստացված 2015թ.-ի փետրվարի 27-ի որոշմամբ Հայկ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի և իրավաբան Արայիկ Զալյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը բավարարվել է, որով՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների որոշումը բեկանվել է և գործն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Վճռաբեկ դատարանը վկայակոչված որոշմամբ արձանագրել է, որ ստորադաս դատարանները հանգել են սխալ եզրակացության, թե դիմողի ներկայացուցիչները խախտել են դատավարության մասնակից ճանաչելու մասին նախաքննության մարմնի գործողությունների բողոքարկման կարգը:

Ըստ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի քրեադատավարական օրենքի, էական խախտումներ են համարվում՝«/…/դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց՝ օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող են ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»:

Վերոհիշյալը Վճռաբեկ դատարանին հիմք է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930