ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Վանաձոր քաղաքի խանութներից մեկից 800.000 ՀՀ դրամ հափշտակելու դեպքի առթիվ, որի հանգամանքների բացահայտմանն օգնել և նպաստել է տուժած բնակչուհին:
Վանաձոր քաղաքիչ բնակչուհի Մ. Անանյանից 2015 թվականի հունիսի 7-ին հաղորդում է ստացվել, որ նույն քաղաքի բնակչուհի Ռ.Մարգարյանը 2015 թվականի մարտի կեսերին իր խանութի դրամապահոցից հափշտակել է խոշոր չափերով` 800.000 ՀՀ դրամ:
Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վանաձորի բնակչուհիներ Ռ.Մարգարյանը և Մ.Անանյանը եղել են մտերիմներ, և Ռ.Մարգարյանը հաճախ է այցելել վերջինիս խանութ: 2015 թվականի մարտի 14-ին Ռ.Մարգարյանը հերթական անգամ հաճախել է խանութ, որտեղ մնացել է 2-3 ժամ, իսկ հեռանալուց հետո Մ.Անանյանը նկատել է, որ խանութի դրամապահոցից բացակայում է 800.000 ՀՀ դրամ: Տուժած բնակչուհին անհարմար է զգացել իր կասկածների մասին հայտնել Ռ.Մարգարյանին, քանի որ վերջինս «սրտացավություն» է ցուցաբերել գումարի կորստի կապակցությամբ:
Կարդացեք նաև
Հետագայում Ռ.Մարգարյանն իր «խնայողությունից» 400.000 ՀՀ դրամ է տվել ծանր իրադրության մեջ հայտնված Մ.Անանյանին՝ հետագայում այն վերադարձնելու պայմանով: Այս հանգամանքն ավելի է ամրապնդել տուժած բնակչուհու կասկածը, և Ռ.Մարգարյանի՝ խանութ կատարած հերթական այցելության ժամանակ Մ.Անանյանը միացրել է պլանշետի նկարահանման սեղմակը, տեսախցիկն ուղղել դեպի դրամապահոցը, իսկ ինքը դուրս է եկել խանութից: Քիչ անց դիտելով տեսագրությունը` նա նկատել է, որ Ռ.Մարգարյանը դրամապահոցից վերցրել է 1000 ՀՀ դրամ: Տեսագրությունը ցույց է տվել վերջինիս: Կինը չի ժխտել, խոստովանել է կատարված գողությունն ու վերադարձրել գումարի մի մասը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ռ.Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ Քննչական կոմիտե