Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուման Ռայթս Հաուս Հիմնադրամը կոչ է անում ՀՀ կառավարությանը հետաքննություն իրականացնել

Հունիս 25,2015 19:05

ՄԱԿի Մարդու Իրավունքների Խորհրդի 29-րդ նստաշրջան

Ժնև (Շվեցարիա)

Հունիսի 25, 2015թ.

Նյութ #6

Հայաստանի ՀՊԴ ընդունում

Սույն համատեղ հայտարարությունը հաստատված է Հյուման Ռայթս Հաուս Երևանի անդամ կազմակերպությունների կողմից

Հարգելի նախագահ,

Հյուման ռայթս հաուս (Մարդու իրավունքների տուն) հիմնադրամը ողջունում է ՀՀ մասնակցությունը Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) գործընթացում: Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, ներառյալ Հյուման ռայթս հաուս Երևանի շուրջ համախմբված անկախ հասարակական կազմակերպությունները ևս ակտիվորեն մասնակցել են:

Անբավարար քայլեր են կատարվել ՀՊԴ առաջին շրջանում (6 մայիս 2010) Հայաստանին ուղղված և պետության կողմից ընդունած առաջարկությունների իրականացման ուղղությամբ, քանի որ բազմաթիվ առաջարկություններ կրկնվել են նաև երկրորդ շրջանի դիտարկման ժամանակ: Առաջարկությունների կրկնման հիմական պատճառն այն է, որ Հայաստանը կամ քայլեր չի ձեռնարկել ընդունած առաջարկները ի կատար ածելու համար, կամ ձեռնարկված քայլերը կրել են ձևական բնույթ:

ՀՊԴ և առաջին, և երկրորդ շրջանում Հայաստանը ստացել և ընդունել է առաջարկություններ, որոնք խրախուսել են «հարգել և պաշտպանել իրավապաշտպանների և լրագրողների` իրենց օրինական աշխատանքը կատարելու իրավունքը`առանց հետապնդումների վախի, ահաբեկումների կամ ճնշումների»[1]: Բացի այդ, Հայաստանին առաջարկվել է «իր օրենքներում և կանոնակարգերում, ինչպես նաև գործնականում ապահովել, որ ոչ մի կամայական խոչընդոտներ չստեղծվեն հավաքների ազատության իրավունքի իրականացման հարցում»[2]:

Չնայած ընդունված առաջարկություններին` 2015թ.-ի հունիսի 23-ին ՀՀ ոստիկանությունը անհամաչափ ուժ և հատուկ միջոցներ է կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ Երևանի կենտրոնում: 237 ցուցարարներ բերման են ենթարկվել: Մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և մարդու իրավունքների պաշտպաններ բռնության են ենթարկվել[3]:

Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը հետաքննել ոստիկանության ստորաբաժանումների կողմից ուժի կիրառումը և հաշվետվողական լինել նրանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են:

Ավելին` մենք կոչ ենք անում լիարժեք երաշխավորվել խաղաղ ցույցերի,  այդ թվում` ինքնաբուխ ցույցերի իրավունքը: Իշխանությունները պետք է նաև ապահովեն, որ լրագրողները և ԶԼՄ-ների աշխատողներն ազատ ու առանց արգելքի ծավալեն իրենց մասնագիտական գործունեությունը, ինչպես առաջարկվել է Չիլիի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Լիտվայի և Լեհաստանի կողմից:

Ոստիկանության բռնությունների մանրակրկիտ և ինքնուրույն հետաքննություն իրականացնելով` Հայաստանը մեկ քայլ կանի խաղաղ բողոքների և հավաքների իրավունքի վերաբերյալ երկու ՀՊԴ–ների ընթացքում ստացված առաջարկությունների իրականացման ուղղությամբ:

Երկրորդ շրջանում Հայաստանին ուղղված առաջարկությունների թվում մենք ցանկանում ենք ընդգծել, որ անհրաժեշտ է «ձեռնարկել արդյունավետ միջոցներ դատական համակարգի անկախությունը ապահովելու համար« և «ստեղծել ոստիկանության և անվտանգության ուժերի կողմից խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերի մասին բողոքների վարման համակարգ, որով կապահովվի քաղաքացիների կամ ազատազրկվածների նկատմամբ կատարված նման գործողությունների արդյունավետ հետաքննությունը և պատժումը»[4] (Բելգիա)[5]: Մենք նաև հորդորում ենք Հայաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ դադարեցնել նման պրակտիկան կիրառումը ապագայում:

Հայաստանին նաև առաջարկվել է«ապահովել խտրականության բացառման սկզբունքի հարգումը և ընդունել խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրություն»[6] (Նիդեռլանդներ):

Այլ հիմնախնդիրներ, որոնք հասցեագրված են պետությունների կողմից Հայաստանին ներկայացված առաջին եւ երկրորդ շրջանի առաջարկություններում ներառում են` կանանց նկատմամբ բռնության բոլոր ձեւերի վերացումը, երեխաների իրավունքները խրախուսումն ու պաշտպանությունը, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի անհրաժեշտությունը և այլն:

Մենք կոչ ենք անում Հայաստանին աշխատել ընդունված առաջարկությունների արդյունավետ իրականացման ուղղությամբ և առաջընթացի վերաբերյալ ներկայացնել միջանկյալ կատարողական հաշվետվություն:

Մենք կոչ են անում Հայաստանին առաջարկությունների կատարման առաջընթացը գնահատելիս ներկայացնել կոնկրետ ցուցանիշներ, ներառյալ`

  • ընդունված օրենքների և օրենսդրական բարեփոխումների նկարագրություն,
  • խոշտանգումներ իրականացրածների պատժված դեպքերի թիվ,
  • լրագրողների նկատմամբ հարձակումների դեպքերի հետաքննություն և պատժում,
  • պետության կողմից ներդրումներ պահանջող միջոցառումների համար պրոգրեսիվ կերպով ավելացած տրամադրված միջոցներ և այլն:

Վերջապես, մենք ցանկանում ենք կոչ անել Հայաստանի իշխանություններին դրական դիրքորոշում ունենալ իրավապաշտպան կազմակերպությունների նկատմամբ, հատկապես, երբ նրանք քննադատում են կառավարության քաղաքականությունը: Մենք կոչ ենք անում Հայաստանի ղեկավարներին հրապարակայնորեն արտահայտել իրենց աջակցությունը իրավապաշտպանների գործունեության վերաբերյալ, հատկապես, երբ նրանք բռնության կամ ատելության կոչերի թիրախ են դառնում: Այդպիսի ՀԿ-ները մոնիտորինգ են իրականացնում և փաստաթղթավորվում մարդու իրավունքների միջազգային նորմերով և  ՀՊԴ գործընթավով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման առաջընթացը:

Շնորհակալություն հարգելի նախագահ

[1] A/HRC/29/11, Առաջարկություն 120.148. Ներկայացված Ֆինլանդիայի կողմից

[2] Նաև A/HRC/29/11, Առաջարկություն 120.142. Ներկայացված Ուրուգվայի կողմից

[3] https://humanrightshouse.org/Articles/21041.html

[4] A/HRC/29/11, Առաջարկություն 120.94. Ներկայացված Բելգիայի կողմից

[5] Երկու թեմաներն էլ շեշտադրվել են նաև  այլ պետությունների առաջարկություններում

[6] A/HRC/29/11, Առաջարկություն 120.48. Ներկայացված Նիդեռլանդենրի կողմից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930