«Տղաս կրծքավանդակի դեֆորմացիա ունի, ողնաշարի խնդիր: Կրծքավանդակի մոտ փոս է գոյացել, ասում են՝ հաց ուտի՝ կլցվի, զորակոչում են բանակ»,- այսօր այս բողոքով զորակոչիկ Սերգեյ Բարսեղյանի մայրը դիմեց 2015-ի ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության եւ օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում եւ բողոքներում բարձրացված հարցերի քննարկման նպատակով ՊՆ-ին առընթեր ստեղծված հանձնաժողովին: Այդ հանձնաժողովի առաջին նիստն էր:
Իսկ կրծքավանդակի փոսը հաց ուտելուց լցվելու մասին ասել էր զինկոմիսարիատի գնդապետը:
Բժիշկն ասաց, որ իր կարծիքով, զորակոչիկը լուրջ խնդիրներ չունի, այնուամենայնիվ, պետք է փորձագիտական քննության ենթարկվի տրավմատոլոգի կողմից: Հանձնաժողովը միջնորդեց կենտրոնական բժշկական հանձնաժողովին, որ ուղեգիր տրամադրի՝ վնասվածքաբանական հետազոտության՝ մասնագիտացված հիվանդանոցում:
Կարդացեք նաև
Մինչ հետազոտությունը հանձնաժողովի անդամները զորակոչիկին հորդորեցին հանվել եւ մարմնական զննության ենթարկեցին: Խնդիր իսկապես կար:
Զորակոչիկի հայրը հանձնաժողովի նախագահին ասաց՝ մեր պահանջն ինչ է՝ բուժեք, տարեք բանակ:
Սա բարկացրեց ՊՆ խորհրդական, հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանին: Նրա խոսքերով՝ յուրաքանչյուր ծնող իր երեխայի նկատմամբ պետք է իր պարտքը կատարի. «Ծնողը պետք է պատասխանատվություն կրի իր երեխայի առողջության համար: Նախաձեռնողը, հետեւողը, հետամուտ լինողը դուք պետք է լինեք»:
Գեղամ Հարությունյանը բացատրեց, որ տարկետումների, կցագրումներից հետո ընկած ժամանակահատվածը ծնողներն արդյունավետ չեն օգտագործում. «Նախազորակոչային եւ զորակոչային տարիքի տղաներն իրավունք ունեն անվճար բուժօգնության: Եթե որեւէ օղակ այդ ընթացքում իր պարտավորություններում թերանում է՝ դիմեք մեզ, հետեւողական կլինենք, որ լուծենք: Բայց դուք պետք է ձեր երեխայի առողջական խնդիրներով զբաղվեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ