Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորցիները սատարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիներին

Հունիս 25,2015 18:40

2014 թվականից ՀՀ քաղաքացիները պայքարում են էլեկտրաէներգիայի սակագնի հերթական անհիմն թանկացման դեմ: Անվիճելի է, որ 17 ՀՀ դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) ներկայացված հիմնավորումները խոսում են ընկերության կողմից չարաշահումների, վատնումների և ընդհանուր վատ կառավարման մասին: Սակայն որոշման ընդունումը հետաձգելու և Ընկերության ներկայացրած ծախսերը մանրամասն քննության ենթարկելու փոխարեն ՀԾԿՀ-ն որոշում կայացրեց հաստատել սակագնի 6,93 ՀՀ դրամով թանկացումը:

2015 թ. հունիսի 19-ից Երևան քաղաքում խաղաղ նստացույց իրականացնող քաղաքացիների նկատմամբ հունիսի 23-ի առավոտյան անհամաչափ ուժ կիրառվեց: Ոստիկանությունը, ջրցան մեքենայով դաժանորեն ցրելով նստացույցի խաղաղ մասնակիցներին և լրագրողներին, նրանց նկատմամբ բռնություններ կիրառելով բերման ենթարկեց ոստիկանություն: Ըստ ՀՀ ոստիկանության տարածած տեղեկատվության` բերման է ենթարկվել 237 անձ, որոնք ներգրավված են խուլիգանության համար հարուցված քրեական գործում: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության` 25 հոգի դիմել է շտապ բուժօգնության, որոնցից 15-ը տեղափոխվել է հիվանդանոց:

Ստորեւ շարադրում ենք մեր պահանջները.

– Գտնելով, որ սակագնի որևէ բարձրացում հիմնավորված չէ, ՀՀ Կառավարությունից և Նախագահից պահանջում ենք չեղարկել սակագնի բարձրացման վերաբերյալ ՀԾԿՀ որոշումը և անկախ աուդիտի ենթարկել «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ն

– Դատապարտելով խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնությունը՝ ՀՀ Գլխավոր դատախազությունից և ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից պահանջում ենք, պատասխանատվության ենթարկել բռնություն կիրառած և դրա վերաբերյալ հրաման արձակած իրավապահ մարմինների ներկայացուցիչներին

– Հավաքների ազատության իրավունքը համարելով ժողովրդավարական հասարակությունում քաղաքացու ամենակարևոր իրավունքներից մեկը՝ ՀՀ Ոստիկանությունից, ՀՀ Քննչական կոմիտեից և ՀՀ Դատախազությունից՝ պահանջում ենք դադարեցնել խաղաղ ցուցարարների և լրագրողների անհիմն քրեական և վարչական հետապնդումը և հատուցել պատճառված վնասը:

«Ոչ թալանի-Վանաձոր» խումբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930