Այս պահին Բաղրամյան պողոտայում չնայած անձրեւին, հավաքված ցուցարարները շարունակում են երգել, պարել ու գոչել ազատ, անկախ Հայաստան:
Մի խումբ ակտիվիստներ էլ խոչընդոտում են ռուսական NTV լրատվամիջոցի ուղիղ հեռարձակումը: Նրանք լրագրողի թիկունքում կանգնել են ռուսական լրատվամիջոցների հասցեին քննադատություն պարունակող պաստառներով:
Կարդացեք նաև
Ցուցարարներն այս պահին սակավաթիվ են, չեն երեւում նույնիսկ ոստիկանները:
Քիչ առաջ այստեղ էր նաեւ կարգին սերիալից հայտնի Հայկոն՝ Հայկ Մարությանը: Նրանից հետաքրքրվեցինք վարչապետ Հովիկ Աբրահամյանի այսօրվա հայտարարության մասին, մասնավորապես համամի՞տ է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ վարչապետի թվարկած երեք պատճառների հետ, նա ասաց. «Պատճառները չեմ լսել, բայց լսել եմ խոստումը, սուբսիդիայի կարգով աջակցել սոցիալապես անապահով ընտանիքներին: Սա լուծում չէ, սա փորձ է ժողովրդին պառակտելու: Որ այն մարդկանց, որոնք խոստացել են աջակցել, դուրս գան պայքարից: Բայց մարդիկ արդեն հայտարարել են, որ փողը չեն ուզում: Մեր պահանջը մեկն է՝ կասեցում, ու մենք կհասնենք մեր ուզածին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ