Զորակոչիկի հայրը 16 տարի է՝ չկա: Գնացել է ՌԴ ու անհետ կորել: Ոչ կինը, ոչ էլ որդին չգիտեն, գաղափար անգամ չունեն՝ ամուսնացե՞լ է, ո՞ղջ է, թե՞ մեռած: Չնայած մայրը զորակոչիկին միայնակ է պահել, մեծացրել, բայց զորակոչիկը չունի միակողմանի ծնողազուրկի կարգավիճակ:
Հենց այս հարցով էլ այսօր տղայի պապն ու մայրը դիմել էն 2015-ի ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության եւ օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում եւ բողոքներում բարձրացված հարցերի քննարկման նպատակով ՊՆ-ին առընթեր ստեղծված հանձնաժողովին: Այսօր այդ հանձնաժողովի առաջին նիստն էր:
Զորակոչիկի՝ Արման Աղայանի պապը՝ Էդուարդ Սաֆարյանը խնդրում էր հանձնաժողովի նախագահ, ՊՆ նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանին, որ առայժմ թոռանը չզորակոչեն բանակ, մինչեւ դատարան կդիմեն եւ հորը կճանաչեն մահացած: Բանն այն է, որ այդ դեպքում զորակոչիկը կունենա արտոնություն՝ ծառայելու բնակավայրից մինչեւ 150 կմ հեռավորության վրա: Պապի խոսքերով՝ «Նոր շրջապատ կլինի, տեղափոխվի՝ շատ դժվար բան է, կարելի՞ է էդ մի ամսվա հարցը լուծվի, պայմանական տարկետում լինի»:
Գեղամ Հարությունյանը պատասխանեց դա հնարավոր չի, պետք է իրավական հիմք լինի:
Կարդացեք նաև
Պապը հետաքրքրվեց՝ իսկ դեր չի՞ խաղում, որ ընտանիքի միակ զավակն է: Հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Չէ, միակ զավակը դեր է խաղում ուրիշ դեպքում, երբ միակ մոր միակ զավակն է, եւ մայրը 3-րդ խմբի հաշմանդամ է կամ տարիքային կենսաթոշակառու:
Պապը հեգնեց՝ ծնողազուրկը շատ ավելի առավելություններ ունի, քան կորած ծնող ունեցողը:
Բանն այն է, որ միակողմանի ծնողազուրկ զորակոչիկին արտոնություն է տրվում՝ բնակավայրից մինչեւ 150 կմ շառավղով ծառայության անցնելու: Իսկ այս դեպքում արտոնություն չկա:
Aravot.am-ի հետ զրույցում պապն ասաց՝ եթե երեխայի գլխին ծնող չկա, հիմա մահացած է, թե կորել է թե գող-ավազակ է, թե ինչ է՝ փաստը երեխայի՝ ծնող չունենալն է, կյանքում, կենցաղում ծնողի բացակայությունը: Ըստ որում, այս երեխայի ծնողը բացակայել է 16 տարի, իսկ եթե մեկի ծնողը 2 տարի մահացած լինի՝ նրան արտոնություն են տալիս: Հիմա այս պայմանը հեչ համեմատելի չի: Երբ մահանում են՝ գոնե ժառանգություն են թողնում, իսկ մենք չունենք երեխայի հոր մահացածության տեղեկանքը: 1999-ին գնացել է ՌԴ ու կարող է ընտանիք ունի, կարող է մահացել է, ոչինչ չգիտենք: Այսինքն, անարդար է: Մենք չենք կարող տվյալ բերել հորից, որ մահացել է, որ արտոնություն տան: Հանձնաժողովի պատասխանը չգոհացրեց մեզ, ըստ օրենքի ճիշտ էին, բայց ռեալ չէր: Երբ ծնողը կողքին է լինում տղայի, մահանում է, էլի ինչ-որ բան է անում տղայի համար, այդ տղան ավելի է օգտվում արտոնությունից, քան սա»:
Զորակոչիկի մայրն ու պապը պատրաստվում են դիմել դատարան՝ հորը մահացած ճանաչելու համար:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ