ԽՈՐՀՈՒՐԴ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Կներես, ես ինձ դուրս եմ դրել ամեն տեսակ պայմանականություններից ու ձեւականություններից ու դիմում եմ այնպես, ինչպես մտածում եմ ավելի հասանելի կլինի:
Հասկանում եմ՝ քո վիճակն էլ վիճակ չէ: Ոչ ստացածդ ժառանգությունն էր բանի նման, ոչ էլ ձեւավորածդ հենարանը հուսալի: Եթե համարում ես նախորդներիդ (Լեւոնի ու Ռոբերտի) ճակատագիրը կրկնելը վատ տարբերակ չէ, կարող ես շարունակությունը չկարդալ: Հակառակ դեպքում շարունակենք …
Տեսնում եմ երիտասարդ ցուցարարների վերջին ակցիաները քեզ պետք են որոշակի խնդիրներ լուծելու համար: Ես հուսով եմ, որ սա երկար սպասված նոր սերունդն է ու եթե մենք նրանց նկատմամբ հոգատար գտնվենք, ապա կարող ենք հույսեր կապել: Շատ չմանրանամ, վերջում խնդրելու եմ, որ ամեն ինչ անես, որ նրանք չկոտրվեն ու չհիասթափվեն: Գիտես, դրա շարունակությունը որն է՝ կամ անպիտան մոլախոտ են դառնալու, կամ դիսիդենտ, կամ ել վաճառվելու են սրան-նրան ու երկրի դեմ աշխատեն: Գիտես նաեւ, որ ինձ դուր չեն գալիս նաեւ քեզ վաճառվողները ու դու էլ նրանց մարդ չես համարում:
Կարդացեք նաև
Հիմա քո հնարավոր վախերի մասին.
Իհարկե, փոքր հաղթանակներից ոգեւորված երիտասարդների մի մասը կարող է համախմբվել ու անկառավարելի քաղաքական միավոր ստեղծել: Ինձ շատ է դուր գալիս այն, որ այս երիտասարդները քաղաքական պահանջներ չեն ներկայացնում ու մոտ չեն թողնում հին ու նոր քաղաքական գործիչներին: Չեմ կարծում, որ նրանք քաղաքականապես հասուն չեն ու դիրքորոշումներ չունեն: Ինչ թաքցնեմ, ոմանց գիտեմ, շատ նման են ինձ 1988-ի դրությամբ: Աշխատանք ունեն, նույնիսկ բարձր վճարվող, մասնագետ են դարձել համառության ու աշխատասիրության շնորհիվ, Լեզուներ գիտեն ու գիտեն արտասահմանի ճանապարհը, բայց հասկանում են, որ միայն Հայաստանում կարող են հավակնել երկրի տերը կոչվելուն: Բոլոր դեպքերում վստահ են իրենց ապագայի վրա այստեղ, թե այնտեղ: Ու դեռ ցանկություն է մնացել փորձել իրենց բախտը հայրենիքում:
Իսկ հասկանո՞ւմ ես. Հայրենիքում ապրելու գինը շատ է բարձրացել ու շարունակում է բարձրանալ: Եթե նույնիսկ համարենք, որ այդ երիտասարդները հանուն հայրենասիրության համաձայն են վճարելու հավելյալ գինը իրենց շռայլությունների ու ճոխությունների հաշվին, ապա հայաստանյան բարձր աշխատավարձը մի կերպ է հերիքում երկու երեխայով ընտանիք մարդավարի պահելու համար: Չմոռանանք, որ առավել բարեխիղճները պահում են նաեւ մեր սերնդի իրենց ծնողներին, ովքեր դեռեւս աշխատունակ են, բայց արդեն անգործ:
Ահա այդ մարդկանց մասին ենք մենք հիմա խոսում: Մարդիկ, ովքեր ցանկանում են Հայաստանում ապրել, բայց այս պահին ձեզնից իշխանություն չեն ուզում: Իսկ մի քանի տարի հետո կամ էշը կսատկի, կամ իշատերը:
Դժվար թե համոզեցի, բայց անցնենք առաջ մտածելով, որ դու վախկոտ մարդ չես:
Հիմա գումարների ու պահանջողների մասին.
Պահանջվող մեծ գումար հավաքելու ամենահեշտ ձեւն իհարկե շատ մարդուց քիչ-քիչ վերցնելն է՝ երբ թուրդ կտրում է: Քո շատ պաշտոնյաներ զարմանում են, թե 7 դրամն ի՞նչ է, որ չեք ուզում տալ: Եթե ամառ ու ձմեռ չլիներ ավելի հեշտ կլիներ համոզելը: Բայց երբ մարդկանց ամառային ու ձմեռային ծախսերի տարբերությունը հասնում է ընտանեկան բյուջեի մեկ քառորդին, մարդը դեռեւս ամռանը սկսում է մտածել ձմռան, որոշ սրիկաների անօրինական եկամուտների, դղյակների ու ամբարտավան պահվածքի մասին: Հուսով եմ, որ թվարկածներիս մեջ քեզ շատ հարազատ մարդիկ չկան, որ ասածս սրտիդ կպնի: Բոլոր դեպքերում կներես: Ուղղակի ուզում էի ասել, որ մարդը դիմացինին պետք է հարգի, որ փոխադարձ հարգանք ակնկալի: 25 տարի ուղղակի կատաղում էի, երբ պոստ-սովետիկուս արդարություն պահանջողներից լսում էի. «Ղեկավար են, թող իրենք ուտեն, բայց մեզ էլ բաժին հանեն»: Նույնիսկ արդարացնում էի քո նախորդների վարքագիծը ասելով, որ հենց այդպես էլ անում են ու իզուր եք դժգոհում: Նոր սերունդն այդպես չի մտածում: Ասում են մերը տվե՛ք, ձերը եթե քիչ է օգնենք շատանա: Համարենք, որ գումարները դու գիտես որտեղից վերցնել օրենքով, թե հայտնի ձեւերով: Դժվար կլինի, բայց մեկ է, դրանք քեզ «պաշտելու» են քանի իշխանություն ունես, իսկ հետո … լեզուս չի պտտվում, որ ասեմ:
Իսկ ո՞վ գիտե, այսօրվա երիտասարդներից մեկը վաղը կարող է այնպիսի ղեկավար դառնալ, որ բոլորս անկեղծորեն իր արեւով երդվենք: Դու էլ ես ուզում չէ՞ երկար ապրել ու Հայաստանում (Արցախը ներառյալ):
Երկարեց, կարճ կապեմ:
Ուրեմն, ամեն ինչ անում ենք, որ այդ երիտասարդներից ոչ մեկը ո՛չ կոտրվի ո՛չ էլ վաճառվի: Բարձր տրամադրությամբ բոլորը վերադառնան իրենց աշխատանքին ու շարունակեն ապրել ու մտածել իրենց ապագայի մասին Հայաստանում:
Եթե հաջողվի էլի բան ունեմ ասելու: Մի քանի հոգի էլ բանտում կան լավ տղաներ …
Աստված քեզ օգնական
Հրանտ
Համամիտ լինելով պարոն Խաչատրյանի հարցադրումներին ու մտավախությանը, ցավ եմ ապրում, որ հայ քաղաքական գործիչը իրեն թույլ է տալիս առաջին դեմքով և այսպիսի ոճով դիմել հանրապետության ղեկավարին՝ ով էլ որ նա լինի…
Հարգելի Անժելա էս ամբողջ գրվածի մեջ մենակ “առաջին դեմքը” նկատեցիք? Շատ շուտ մոռացանք “մարտի 1ը”, չենք նկատում ահավոր չափերի հասնող արտագաղթը…հիմա էլ ըստ արժանվույն չենք ուզում գնահատել մեր երիտասարդների, մեր ժողովրդի արդար պահանջը, միասնական պայքարը……
Տեսնես էս նամակ-ուղերձը տեղ կհասնի…կկարդա մեր պարոն նախագահը: