Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստները այսօր ասֆալտին գունավոր կավիճներով նկարում էին զանազան պատկերներ: Մեզ հետ զրույցում երիտասարդներն ասացին, որ դրանք տիբեթյան սիմվոլիկաներ են, որոնք նշանակում են ամբողջականություն, միասնականություն:
Քիչ առաջ երիտասարդները տեղում նոր պաստառ կազմեցին, որի վրա գրված է «Բայց գազն էլ ա թանկ»: Մեր հարցին՝ սկսելու են արդեն թանկ գազի դեմ է՞լ պայքարել, բողոքի ակցիայի մասնակիցներն ասացին՝ «Պայքարելու ենք ցանկացած անարդարության դեմ»:
Կարդացեք նաև
Այս պահին Բաղրամյան պողոտայում ակցիայի մասնակիցներին անընդհատ միանում են մարդկանց նոր խմբեր: Գուսան Խաչիկը երիտասարդների համար բանաստեղծություններ է կարդում Գորբաչովի, Լեւոն Տեր-Պետրոսյանի ու հայ ժողովրդի մասին:
Երիտասարդներին հայրենասիրական երգերով քաջալերում է ավագ սերունդը: Երիտասարդների՝ «Մենք ենք տերը մեր երկրի» ամեն բացականչությունից հետո ավագ սերունդը պատասխանում էր՝ ապրեք, դուք ամենալավն եք, դուք եք տերը մեր երկրի:
Երիտասարդները երգում են Հայաստանի հիմնը, հայրենասիրական երգեր:
Ակցիայի մասնակիցներից մեկը ասֆալտին գրել է. «Show must go on! We are stronger together!» (Շոուն շարունակվում է: Մենք ուժեղ ենք միասին):
Նելլի ԲԱԲԱՅԱՆ