Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Գինոսյան. Բարոյապես չէի կարող ինձ թույլ տալ բացակայել Բաղրամյան պողոտայից (Տեսանյութ)

Հունիս 25,2015 16:09

«Պետք է լինել Ազատության հրապարակում, զգալ շունչը, երիտասարդների զարթոնքը»,- հունիսի 25-ին «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Կարին» ավանդական երգի, պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Նա նշեց, որ ինքը հեղափոխական կերպար չէ, բայց երբ որ լինում են նման երեւույթներ եւ քաղաքացիական ընդվզումներ, ներկա է լինում: Նա կարծում է, որ յուրաքանչյուր հայ պետք է լինի այնտեղ, որտեղ իր ազգը խնդիր ունի:

«Ես բարոյապես չէի կարող ինձ թույլ տալ բացակայել այնտեղից, որովհետեւ իմ սաներից շատերը, ես դասավանդում եմ ե՛ւ դպրոցում, ե՛ւ ինստիտուտում ե՛ւ իմ երգի, պարի խմբի տղաներն ու աղջիկները, ե՛ւ աշակերտներիցս անչափահաս երեխաներ, ե՛ւ ուսանողներ, շատ-շատ մարդիկ գտնվում էին այնտեղ եւ որպես ուղղակի ծնող, հայ մարդ, մի փոքր ավելի ավագ սերունդ, ես ինձ բարոյապես չկարողացա համոզել բացակայել այնտեղից՝ մտածելով, որ եթե ինչ-որ ընդհարում լինի, գոնե կկարողանամ երեխաներին թիկունք լինել, օգտակար լինել, փակել իրենց նկատմամբ բռնության ինչ-որ դեպքեր: Մինչեւ ջրցան մեքենաների դեպքը՝ մինչեւ վերջ, այնտեղ եմ եղել, նույնիսկ օրենքով սահմանված մոտեցում էր, որ փողոցը պետք է ազատագրվի, որպեսզի փողոցը կաթվածահար չլինի»,- ասաց նա:

Գագիկ Գինոսյանի խոսքերով՝ ամենավատ իրավիճակը հունիսի 23-ի լուսաբացին սկսվել է ցուցարարներին ցրելուց հետո, երբ բոլորը թրջված էին եւ ուզում էին հասկանալ, թե ով որտեղ է գտնվում, ի՞նչ վնասվածքներ են ստացել, իրենց մահակներով ոստիկանները մղել են Կասկադ: Գագիկ Գինոսյանը առաջարկել է հավաքվածներին գնալ տուն, եւ երբ որ ինքը մոտեցել է «Նաիրի» կինոթատրոնի մոտ կայանած իր մեքենային, լսել է Օպերայի եւ բալետի նվագախմբի մեներգչուհի Սոնյա Ենգիբարյանի ձայնը, որն օգնություն էր խնդրում. «Շրջվելով տեսա խաչմերուկի հանդիպակաց մայթի վրա, թե ինչպես հսկա, հաղթանդամ տղաներ, ուղղակի բռնի՝ ձեռքերը ոլորելով, գրեթե կոտրելով ուզում էին նրան խցկել մեքենա, երբ որ նա ընդհանրապես դիմադրություն ցույց չէր տալիս եւ ուղղակի շատ սթրեսային վիճակում կանգնած էր: Հիմա քաղմասից եմ գալիս, ինքն էլ այնտեղ դեռ շարունակում է ցուցմունք տալ, աջ ոտքը դեռ կապտած է, որովհետեւ հարվածելով են մտցրել ավտոմեքենա: Վազելով մոտեցա, ընդամենը ուզեցի բացատրեմ,  որ այս աղջիկը եզակի մասնագետ է, այդպես մի՛ վերաբերվեք, ձեռքերը թողե՛ք, դիմադրություն չի ցուցաբերում, թողե՛ք հանգիստ կնստի մեքենան:

Բոլորը կարմիր բերետներով էին, այդ մեկն առանց գլխարկի էր, անմարդկային կերպարանքով էր: Եվ եթե իր հայրը կենդանի է՝ աստված երկար կյանք տա, եւ եթե մահացած է, պետք է ասեմ, որ եթե ես լինեի իր ողորմածիկ հայրը, վստահ եմ, որ ինքը միեւնույնն է ինձ բերման էր ենթարկելու: Ուղղակի հեգնական, արհամարհական, թարախով լի դեմքով ասաց՝ կանդալեք դրան էլ տարեք, ու իմ ձեռքերը ոլորեցին, ես դիմադրություն ցույց չտվեցի՝ հասկանալով, որ իրենք շատ-շատ են, ավելի բարձրահասակ, ավելի հաղթանդամ ավելի մարզված»:

Գագիկ Գինոսյանը նշեց, որ իրեն բռնի կերպով մոտեցրել են ավտոմեքենային, գլուխը ոչ շատ ուժեղ հարվածել են մեքենային, հարվածել են նաեւ իր ոտքերին. «Կոպիտ ասած՝ ես իմ կյանքի հացը ոտքերով եմ վաստակում՝ պարելով, ձախ ոտքս մինչեւ հիմա ցավում է, կաղում եմ: Ուղղակի ձեռնաշղթաները հագցրեցին ձեռքերիս եւ կես ժամից ավել այդ վիճակում էի գտնվում: Ինձ տեղափոխելու ամբողջ ճանապարհին մի քանի անգամ պահանջեցի, որ ներկայանան, ի վերջո Հայաստանի քաղաքացի եմ եւ իրավունք ունեմ իմանալ, թե ով է ինձ բերման ենթարկում»:

Գագիկ Գինոսյանը այդպես էլ չի իմացել, թե իրեն ով է բերման ենթարկել: Նրան ոստիկանության բաժանմունքում պահել են 11 ժամ: Դրանից հետո եկել են ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը եւ Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, որոնք պահանջել են 3 ժամից ավել չպահել եւ կա՛մ տալ վկայի կարգավիճակ եւ ազատ արձակել, կա՛մ տալ ձերբակալվածի կարգավիճակ եւ նոր շարունակել գործի վարույթը. «Այնուամենայնիվ, մեզ որեւէ կարգավիճակ չտվեցին՝ շարունակելով այդ գործընթացը, բացատրելով, որ բերման ենթարկվածները շատ են եւ չեն հասցնում կազմել: Մեզ ուղղակի տարան նարկոլոգիական դիսպանսեր որեւէ բացատրություն չտալով, հետազոտություններ կատարեցին՝ հասկանալու համար, թե ինչ աստիճանի թմրամիջոցներ ենք օգտագործել: Մեր ոստիկանությունում շատ հարգալից վերաբերմունք էին ցուցաբերում, իսկ նարկոլոգիական դիսպանսերում աշխատակազմի վերաբերմունքն ուղղակի աննկարագրելի հյուրընկալ էր՝ բերեցին, կերակրեցին: Մի երեւույթ է կատարվում, որ հայ մարդը վերագտնում է իր տեսակը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930