Լրահոս
Օրվա լրահոսը

Ո’չ ՀԾԿՀ-ն եւ ոչ էլ Սերժ Սարգսյանը չեն կարող հոսանքի թանկացման ակտը կասեցնել, դա կարող են անել պատգամավորները

Հունիս 25,2015 15:59

«Ոստիկանների ու ժողովրդի միջեւ դիալոգ ապահովող պատգամավորները ճիշտ կանեն իրենց գործով զբաղվեն, իրենց գործընկերներին հետ կանչեն արձակուրդից եւ զբաղվեն այս գործով, անհապաղ պատրաստեն նախագծեր, պահանջներ ներկայացնեն, իրավական վերլուծություններ անեն, այսինքն` դա չդնեն ժողովրդի վրա, ժողովուրդն իր արդարացի պահանջը ներկայացրել է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Սախարովի» կենտրոնի իրավաբան Մերի Խաչատրյանը, որն ուսումնասիրելով Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի մասին օրենքը, պարզել էր, որ օրենքով այդ մարմնին վերապահված չէ ակտերը` տվյալ դեպքում էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ կայացված որոշումը վերանայել կամ չեղյալ համարել, առոչինչ ճանաչելու իրավունքով:

Այսինքն, ըստ Մերի Խաչատրյանի, Ազգային ժողովը նրան այդ իրավունքը չի տվել, ոչ էլ ՀՀ նախագահը կարող է այն կասեցնել կամ չեղյալ համարել: Նշյալ ակտն, ըստ իրավաբանի, միայն դատական կարգով կարող են վիճարկել: Իսկ որպես շահագրգիռ կողմ կարող են լինել ՀՀ քաղաքացիները, Մարդու իրավունքների պաշտպանը` որպես ինստիտուտ եւ Ազգային ժողովի պատգամավորները:

Meri-Khachatryan
Մերի Խաչատրյանի խոսքերով. «Պատգամավորները կարող են օրենքում լրացում, փոփոխություն կատարելու առաջարկ ներկայացնել, այն է` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ակտերը ոչ միայն անհապաղ գնան դատական կարգով վիճարկման, այլեւ հնարավորություն պետք է տրվի, որ այդ նույն մարմինը կարողանա վերանայի, չեղյալ ճանաչի, կարճի եւ, ընդհանրապես, այդ ակտը ոչ միայն դատական կարգով, այլեւ սահմանադրականությամբ պետք է վիճարկվի: Մենաշնորհային կառույցի մասին էլ է խոսքը գնում. մենաշնորհները գնալով շատանում են: Էներգետիկայի մասին ՀՀ օրենքում էլ կա խնդիր»:

Մերի Խաչատրյանն ասաց, որ գազի գնի պայքարի ժամանակ էլ այս հարցը բարձրացրել են. «Մենաշնորհների ինստիտուտը Հայաստանում պետք է վերանա, չի կարող լինել մեկ հոգի եւ նա միանձնյա որոշումներ կայացնի, այստեղ շատ կարեւոր է որ լիազոր մարմիններն իրենց շրջանակում, իրենց օրենքով, Սահմանադրությամբ տրված լիազորությունների շրջանակում գործեն, որպեսզի չկրկնվի Մաշտոցի պուրակը, երբ հանրապետության նախագահը, չարաշահելով իր լիազորությունները` ՀՀ Սահմանադրության 55 հոդվածը, որոշում կայացրեց, հանձնարարեց Երեւանի քաղաքապետին` տեղական ինքնակառավարման մարմնին, ակտը փոխելու: Երկրորդ անգամ այդ սխալը չպետք է կրկնվի, այսինքն` այն մարմնին պետք չէ հանձնարարել, որն այդ լիազորությունը չունի օրենքով: Բայց մենք Հայաստանի իրականությունից չանջատվելով, բոլորս էլ քաջատեղյակ ենք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում որոշում կայացնողները Բաղրամյան 26-ում են, այսինքն` ժողովուրդն իր տեղում է կանգնած, իրավակիրառ պրակտիկայում մենք խնդիր ունենք, բայց ժողովուրդը ճիշտ տեղում է կանգնած: Ժողովուրդն իր արդարացի պահանջը ներկայացրել է, մեր լիազոր կառույցները` Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, ԱԺ-ն, ինչի՞ համար են, նրա համար են, որպեսզի քաղաքացու բարձրացրած պահանջը տնտեսական սոցիալական տեսակետից ձեւակերպեն` ներկայացնեն, այսինքն` իրավական տեսակետից պետք է հարցը լուծվի: Ինչ վերաբերում է դիալոգին՝ ոստիկանության եւ ժողովրդի միջեւ կանգնելուն, դա հարցի լուծում չէ, հարցը կորում է, մենք տեսնում ենք ոստիկանության խնդիրը , բայց դա չի խնդիրը, ոստիկանությունը կատարող է: Այսինքն` աբսուրդ մի վիճակ է ստեղծվել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930