Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու նստացուցարարները հրաժարվել են շփվել «Ռոսիա 24» հեռուստաալիքի լրագրողի հետ

Հունիս 25,2015 15:55

Քիչ առաջ Գյումրու Թատերական հրապարակ է այցելել «Ռոսիա 24» հեռուստաալիքի նկարահանող խումբը, սակայն այնտեղ նստացույց անցկացնող երիտասարդները հրաժարվել են պատասխանել հայազգի լրագրող Վիտալի Հարությունյանի հարցերին՝ բացարձակապես չխոչընդոտելով տեղում նկարահանումներ անցկացնելու նրա իրավունքը:

Aravot.am-ի հետ զրույցում ակտիվիստ Տիգրան Պետրոսյանն ասաց. «Լրագրողը, որի տեսանյութը և դիտարկումները` կապված Հայաստանում ընթացող գործընթացների մասին դժգոհության մեծ ալիք էին առաջացրել Հայաստանում և հատկապես համացանցում, այսօր այցելել էր Գյումրի` Թատերական հրապարակ: Ճիշտն ասած, որևէ բան չունենալով մասնագիտական գործունեություն ծավալող անձի, հատկապես լրագրողի նկատմամբ, երբ մոտեցավ ինձ, ես իրեն քաղաքակիրթ լեզվով, հայերեն մեկնաբանեցի, որ անձամբ ես, հրապարակում գտնվողներն էլ միացան, հաշվի առնելով տեղեկատվական մանիպուլյացիաները, որոնք հնչել են իրենց տեսանյութի ժամանակ այն ալիքով, որով ինքը ներկայացրել է Հայաստանում ընթացող գործընթացների մասին, մեզ մոտ չի ներշնչում որևէ հավատ, որ նույն մանիպուլյացիան չի կատարվի այն ինֆորմացիայի հետ, որը կներկայացնեն Գյումրիից: Այդ պատճառով հրաժարվել ենք որևէ տեսակ հարցազրույց, որևէ տեսակի հարցի պատասխանել: Միաժամանակ ասել ենք, որ տարածքը բաց է, իրենք ազատ են ցանկացած նկարահանում իրականացնելու, որևէ մեկը չի կարող խոչընդոտել: Իրենք ընդհանուր կադրեր նկարեցին: Այդ պահին հրապարակում գործողություններ չէին ընթանում, երիտասարդները երեկոյան են հավաքվում գործողությունների: Իրենք դատարկ հրապարակում մի քանի կադրեր նկարեցին, Մհեր Մկրտչյանի հուշարձանը նկարեցին այդտեղ տեղադրված, խաղահրապարակը նկարեցին ու ինչքան հասկացա, նստեցին ավտոմեքենան ու հեռացան»:

Հարցին, երբ Վիտալի Հարությունյանին պատճառաբանեցիք, թե ինչու չեք տալիս հարցազրույց, վատ չզգա՞ց իր արածից, մեր զրուցակիցն ասաց, որ լրագրողն արդարացել է, թե իր գրածը սխալ են հասկացել, թյուրըմբռնում է եղել, իր տեքստի հետ կապված խնդիր է եղել:«Ճիշտն ասած լրագրողական նման պատասխանատու թյուրընկալում մի գործընթացի նկատմամբ, որը գնում է մեր տեսակի երկրում և այս տեսակ գործողությունները ներկայացնելով ինչ-որ լույսերի ներքո՝ այդ արդեն մասնագիտական լուրջ խնդիր է, որևէ խնդիր չունեմ անձամբ իր դեմ, բայց մասնագիտական առումով ես հրաժարվում եմ իրենց որևէ տեսակի հարցազրույց տալուց:

Իրենք ինչ ուզեցին՝ նկարահանեցին, մենք չխոչընդոտեցինք, մենք պարզապես ասել ենք, որ որևէ մեկը չի ուզում իրենց որևէ հարցի պատասխանի: Այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում ՀՀ քաղաքացիները իրենց բողոքն են արտահայտում և ցանկացած գործընթաց, որը ձեռնարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից իր շահերից, էդ մեր պրոցեսներն են, ոչ թե անընդհատ անուններ կնքեն, մայդաններ դարձնեն…Մենք անում ենք այն, ինչը մեր երկրում համարում ենք ճիշտ ներքին հարցերը լուծելու առումով և եթե մանիպուլյացիաներ են գնում լրագրողական մակարդակում, ես անձամբ հրաժարվում եմ մանիպուլյացիայի փոքրիկ մասը լինել»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930