ՀՀ կառավարությունը հաստատել է տեսչական մարմինների գործունեության կատարողականի գնահատման սկզբունքները, չափորոշիչները և կարգը: Տեսչական մարմնի կատարողականի գնահատումը կնպաստի դրա գործունեության արդյունավետ կազմակերպմանը, հրապարակայնությանն ու թափանցիկությանը:
«Գույքահարկի մասին» օրենքի համաձայն բոլոր հաշվառված տրանսպորտային միջոցների համար առաջանում է գույքահարկի պարտավորություն: Դրա հետևանքով քաղաքացիներն հայտնվում են փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող գույքի համար ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պատճառով վարչական պատասխանատվության ենթարկվելու և գույքահարկ վճարելու իրավիճակում՝ չունենալով դրանից օրինական եղանակով ազատվելու որևէ օբյեկտիվ հնարավորություն: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է խորհրդային տարիներին արտադրված մոտ 31 հազար տրանսպորտային միջոցի: Խնդիրը կարգավորելու նպատակով գործադիրն ընդունել է «Տրանսպորտային միջոցները խոտանված համարելու և տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարանից հանելու մասին» որոշումը, որով նշված տրանսպորտային միջոցների սեփականատերերը կազատվեն օրենքով նախատեսված ԱՊՊԱ պայմանագիր կնքելու և գույքահարկ վճարելու պարտավորությունից:
Կառավարության որոշմամբ «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ մշակույթի նախարարությունը:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ