Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

6 անչափահաս տղաների հայր Դավիթ Սահակյան. «Եթե ՀԷՑ-ն իմ ընտանիքին չի օգնել, ո՞ւմ է օգնել»

Հունիս 25,2015 14:07

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ կառավարությունը մտածում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետեւանքները մեղմելու մասին, հատկապես` սոցիալապես անապահով ընտանիքների համար: Վարչապետի խոսքերով` սակագնի  բարձրանալուց հետո ամեն ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի միջին ամսական լրացուցիչ ծախսը կկազմի 1400 դրամ, քանի որ ամեն ընտանիք ամսական միջին հաշվով սպառում է 200 կիլովատտ էլեկտրաէներգիա: Նա ասել է, որ հանրապետության նախագահի հետ խորհրդակցելով` որոշում են նախապատրաստել, որով սոցիալապես անապահով 105 հազար ընտանիքների կամ շուրջ 400 հազար անձանց համար առաջարկվում է ընտանիքի կենսամակարդակի բարձրացման ուղղված նպաստի չափը բարձրացնել տարեկան 24 հազար դրամի չափով:

Իջեւան քաղաքում բնակվող, անչափահաս 6 տղաների հայր Դավիթ Սահակյանը խիստ զարմացած է վարչապետի հաշվարկներից եւ նրա խոսքերից: Աշխատանք չունեցող Դ. Սահակյանի 8 հոգանոց ընտանիքը բնակարան չունի, ժամանակավորապես բնակվում է Ռուսաստանում գտնվող բարեկամի իջեւանյան տանը: Դավիթն ասաց, որ  բազմաբնակարան շենքում գտնվող այդ բնակարանում բնական գազի միայն մեկ միացման կետ կա, հոկտեմբերից մինչեւ ապրիլ իրենց ընտանիքը ստիպված է երկու սենյակում էլէկտրաէներգիայով ջեռուցում ապահովել: Չնայած օգտվում են երկսակագնային հաշվիչից` սակայն էլեկտրաէներգիայի ծախսի գումարը մեծ թիվ է կազմում. 2014թ. նոյեմբեր ամսի համար`33750 դրամ, 2015թ. հունվարին`43000, ապրիլին` 24000 դրամ: Բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող Դ. Սահակյանին զարմացրել է Հովիկ Աբրահամյանի այն արտահայտությունը, որ հոսանքի գնի բարձրացման հետեւանքները մեղմելու համար անապահով ընտանիքների նպաստի գումարը տարեկան 24 000 դրամ, այսինքն` ամսական 2000 դրամ ավելացնելը անապահով ընտանիքների «կենսամակարդակի բարձրացմանն է ուղղված»: Դավիթն ասում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից հետո աճելու են բազում ապրանքների եւ ծառայությունների գները, ինչը հատկապես հարվածելու է անապահով խավերին:

Դ. Սահակյանն այս տարվա փետրվարի 26-ին գրավոր դիմել է Հայաստանի էլեկտրական ցանցերի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին, որպեսի նրա գլխավորած ընկերությունը իր ընտանիքին ֆինանսապես աջակցի սպառած էլեկտրաէներգիայի գումարը մուծելու համար: Մարտի 17-ին ստացվել է պատասխան, ուր ասվում է, որ ՀԷՑ-ը բարեգործական օգնություն է ցուցաբերում իր բաժանորդներին, իսկ այլ սպառողներին աջակցելու համար պետք է կայանա ընկերության հանձնաժողովի նիստ: Դավիթ Սահակյանն ասում է, որ ինքը 9 տարի բնակվում է Իջեւան քաղաքի Սպանդարյան փողոցի բազմաբնակարան 5-րդ շենքում, ու թեեւ բնակարանի սեփականատերն ինքը չէ, որպես բաժանորդ տանտիրոջ անունն է նշված, սակայն ինքը մշտապես բարեխիղճ վճարել է իր ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի համար:

Նա տեղյակ է Հայաստանի ՀԷՑ-ի տարբեր բարեգործական ծախսերից, եւ տարակուսում է.

«Եթե ՀԷՑ-ը անչափահաս 6 տղաներ ունեցող, անտուն, գործազուրկ իմ ընտանիքին չի օգնում, ո՞ւմ է օգնել»:

Նա  նաեւ դժգոհ է բնակարանի հարցով կառավարության կողմից իրեն աջակցություն չցուցաբերելուց: «Պետական բյուջեից 715 միլիոն դրամ է տրամադրվել բարձրաստիճան պաշտոնյաների համար բնակարաններ գնելու համար, մինչդեռ նրանցից շատերը տներ ունեն: Իսկ իմ 6 տղաները, հայրենիքի ապագա զինվորներն անտուն են: Ես քանի՞ տղա պիտի ունենամ, որ կառավարությունը տան հարցով օգնի»,-ասում է Դ. Սահակյանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930