Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թերսնուցված՝ 44 կգ-անոց զորակոչիկը եւ եղունգները կրծող, գիշերները չքնող տղան բողոքում են՝ բանակ չգնալու համար

Հունիս 25,2015 13:58

2015-ի ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության եւ օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում եւ բողոքներում բարձրացված հարցերի քննարկման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել էր հանձնաժողով: Այսօր այդ հանձնաժողովի առաջին նիստն էր:

Քննարկվեց զորակոչիկներից մեկի՝ Ալեքսանդր Ալեքսանյանի բողոքն առ այն, որ ունի աջակողմյան աճուկային ճողվածք, հոդացավ եւ անքնություն: Նա հանձնաժողովի անդամներին պատմեց. «Ունեմ ողնաշարի սուր ցավեր, չեմ կարողանում քնել, ազդում է սրտիս վրա արդեն»: Հետո պարզվեց, որ նա եղունգները կրծում է, նյարդային խնդիր ունի:

Բժիշկը որոշեց, որ չի կարող սուր ցավեր առաջանալ: Ճողվածքն արդեն վիրահատել են, վերքը հանգիստ է: Բժշկի խոսքերով՝ բոլորս էլ ծնող ենք եւ հասկանում ենք, որ մոր աչքին փուշը գերան է երեւում:

banak_terzargacac_2

Մայրը հանձնաժողովի որոշումը չընդունեց՝ ասելով, որ «ամբողջ գիշեր բարձ եմ դնում ողնաշարի տակ, բա է՞դ ոնց կբացատրեք: Ներվայնանում է, սկսում քնի մեջ խոսել, եղունգները կրծել, տեղաշորից բարձրանում ու քայլում է»:

Բժիշկն ասաց, որ «ոչ ոք չի ասում առողջական ոչ մի խնդիր չունի, նյարդային լարվածություն ունի»: Զորակոչիկի հայրը միջամտեց. «Բա օպերացիա արած կարա՞ն ուղարկեն իրան բանակ»: Բժիշկն էլ ասաց, որ այն, որ վերքի վիճակը լավ է, դա ծնողի համար ուրախանալո՞ւ առիթ է, թե՞ տխրելու:

Հանձնաժողովի նախագահ Գեղամ Հարությունյանն ասաց. «Դու չես ուզում գնալ բանակ: Ասում ես՝ վերքը ուռում է, ասում եմ՝ ո՞ւր է ուռածը, ասում ես՝ 2 ժամ հետո կարող է ուռի»:

Զորակոչիկներից մեկն էլ՝ Աշոտ Բայրամյանն ուներ թերսնուցման խնդիր, բայց նրան բանակի համար պիտանի էին համարել: Մայրն ասաց, որ 44.5 կգ է որդու քաշը, ունի մատների անզգայացում, քանի որ ձեռքը կոտրվել է, ծուռ է կպել:

Նշենք, որ բանակում ծառայության համար զորակոչիկը պետք է ունենա առնվազն 45 կգ քաշ:

Հանձնաժողովի անդամ Արեն Սարգսյանը կատակեց, որ գնալուց առաջ մի երկու օր հաց չուտես, կլինի 43, էլ չես գնա: Մայրը պատմում էր, որ շատ լավ է սնվում, բոլորից լավ, բայց չի աճում. «23 տարեկան է, չի համապատասխանում իր քաշին»:

Հանձնաժողովի անդամները զորակոչիկին տարան կշռելու: Պարզվեց՝ հագուստով հանդերձ 44 կգ 300 գրամ է, բոյը՝ 1.68:

Հանձնաժողովը որոշեց տղային ուղարկել կրկնակի հետազոտության՝ նաեւ ձեռքի խնդրի համար:

Զորակոչիկներից մեկն էլ բողոքում էր, որ մարմնի խալերը քոր են գալիս, հակաալերգիկ դեղեր է օգտագործում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930