Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերն այսօր կեսօրին Բաղրամյան պողոտա էին հասել (այն հատվածում, որտեղ այս օրերին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան է անցկացվում), որպեսզի բարձրանային Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր, ապա Ազգային ժողով՝ բողոքի ցույց անցկացնելու բանակում զոհված իրենց զավակների մահվան պատճառները բացահայտելու ու մեղավորներին պատժելու պահանջով։
Սակայն հոսանքի թանկացման դեմ արդեն չորրորդ օրը շարունակվող նստացույցի կապակցությամբ փողոցը փակած ոստիկանները թույլ չտվեցին նրանց բարձրանալ, որն էլ ավելի զայրացրեց նրանց. «Արագ-արագ կարողանում են միայն ամեն ինչի գները բարձրացնել, մեկը մյուսի ոտքի տակը քանդել: Իսկ հարուցված քրեական գործերը մնում են նույն տեղում: Սեյրան Օհանյանը իրեն զինվոր տվածներին լսելու համար հինգ րոպե ժամանակ չունի՞»,- ասաց մայրերից մեկը:
Ապա բանավեճ սկսվեց սևազգեստ մայրերից մեկի և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջև. «Եթե ես Ձեզ հիմա հարվածեմ, մարդիկ կտեսնեն չէ՞, որ հարվածում եմ»:
«Այո, կտեսնեն»,- համաձայնեց Օսիպյանը:
Կարդացեք նաև
«Հետո երբ հրամանատարն ասի՝ նա չի հարվածել, բոլորը պետք է նույն բանը կրկնեն, ոչ ոք ուրիշ բան չի ասի: Ախր տեսնողներ են եղել, որ իմ տղային սպանել են: Ես էլ ապացույց ունեմ: Էլ ո՞նց ասեմ»,- շարունակեց զինվորի մայրը՝ պնդելով, որ թույլ տան բարձրանալ նախագահական նստավայր և ԱԺ:
Վալերի Օսիպյանը, սակայն, հորդորեց մայրերին բողոքի ակցիան իրականացնել մեկ ուրիշ օր և ավելի չլարել առանց այն էլ լարված մթնոլորտը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ