Այս տարիներին մեր երկրում եղել են շատ ավելի խոշոր եւ զանգվածային բողոքի ցույցեր, բայց որ դրանք հազիվ սկսված կարող էին արժանանալ միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցների նման հետաքրքրությանը կամ չափազանցված սպասումներին՝ շատ դժվար էր կանխատեսել։
Կարծում ենք, այն քարոզչական գերէսկալացիան, որն այսօր արձանագրվում է ողջ աշխարհում՝ Երեւանում ծավալվող իրադարձությունների շուրջ, պայմանավորված է արտաքին գործոնով՝ Արեւմուտք-Ռուսաստան հարաբերություններում ստեղծված բարդ կացությամբ։ Նման պայմաններում կողմերից յուրաքանչյուրը երեւանյան իրադարձությունների մեջ փնտրում է միայն ու միայն այն սպառնալիքները կամ ակնկալիքները, որոնք կապ չունեն բողոքի ցույցեր կազմակերպող երիտասարդների ցանկությունների ու նաեւ հնարավորությունների հետ։
Որպես օրինակ հիշատակենք ռուսական հեռուստաընկերությունների հեռարձակած՝ մեկը մյուսից ավելի ֆանտաստիկ սյուժեները։ Է՛լ «ուկրաինական սցենար», է՛լ «երեւանյան մայդան», է՛լ «Վիկտորյա Նուլանդի երեւանյան այցի հետեւանք»՝ ո՞ր մեկը թվարկենք՝ մեր ռուս գործընկերների վառ երեւակայության աստիճանը պատկերացնելու համար։
Ինչպես իրավացիորեն նկատում է Հայաստանի հարցերով իսկապես պրոֆեսիոնալ քաղաքագետ Ս.Մարկեդոնովը. «Շատ կարեւոր է, որ Մոսկվան ուրվականներ չփնտրի այնտեղ, որտեղ դրանց գտնելը շատ դժվար է»։ Իսկապես՝ չի կարելի մեր խեղճ ու կրակ Հայաստանը եւ տեղի ունեցող էլեկտրաէներգիայի խղճուկ (7 դրամանոց) թանկացումը գնահատել գլոբալ դիմակայության չափորոշիչներով։
Կարդացեք նաև
Բայց դրան զուգընթաց մեր շուրջ ծավալված քարոզչական անզիջում պայքարը գալիս է վկայելու, որ իր եզակի աշխարհաքաղաքական դիրքի պատճառով Հայաստանը լուրջ հետաքրքրություն է ներկայացնում աշխարհի հզորների համար։ Ուստի նման պայմաններում որոշ արեւմտյան քարոզչամիջոցներ գիտակցաբար «լուն փիղ են սարքում»։
Բայց ահա որքանո՞վ է ճիշտ նույն գործելակերպի մեխանիկական պատճենումը Ռուսաստանի տեղեկատվական դաշտում, եւ ո՞ւր կտանեն մեր երկու երկրներին նման անհիմն կասկածները։
Մանավանդ որ Ուկրաինայում նույնպես սկսել է ձեւավորվել երեւանյան իրադարձությունները սեփական ակնոցներով դիտարկելու եւ մեկնաբանելու մտայնությունը, իսկ ահա Վրաստանում էլ պատրաստվում են Երեւանում սկիզբ առած բողոքի ակցիաների մասնակիցների հետ համերաշխության ցույց կազմակերպել։
Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում