Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդին ուղղորդելու գայթակղությունը

Հունիս 25,2015 15:00

Ե՛վ իշխանության, ե՛ւ ընդդիմության համար, վստահաբար, մեծ անակնկալ էր բացահայտել, որ առանց քաղաքական առաջնորդների ղեկավարման, առանց նախապես մշակված գործողությունների` մեր հասարակությունը սոցիալական խնդրով կարող է փողոց դուրս գալ:

Առավել ապշեցուցիչ էր, որ հունիսի 23-ի առավոտյան իրավապահների` իրավիճակին ոչ համարժեք պահվածքից, բռնի ուժով Բաղրամյան պողոտան «մաքրելուց», լրագրողների նկատմամբ առանձնակի դաժանություն ցուցաբերելուց հետո հաջորդ օրն ավելի շատ մարդիկ դուրս եկան փողոց:

Իշխանությունը գիտակցեց, որ ուժի ցուցադրությամբ ոչնչի չի հասնելու: Ոստիկանության միջոցով ներկայացված` Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու առաջարկի մերժումը բողոքի ակցիան համակարգողների կողմից ճիշտ հաշվարկ չէր, առավել եւս, որ նրանք չունեին գործողությունների ծրագիր:

Ամեն դեպքում՝ հազարավոր մարդիկ երբ փողոց են դուրս գալիս, առաջ քաշված որեւէ պահանջի շուրջ չի կարելի բացառել փոխընդունելի համաձայնության հնարավորությունը իշխանության հետ: Գործող իշխանությունների հետ բանակցել են հայաստանյան բոլոր «սկզբունքային» ուժերը ու դեռ շարունակում են բանակցել, եւ եթե այս կոնտեքստում բողոքի ակցիայի պատվիրակները Սերժ Սարգսյանի նստավայր գնալու համար կարող էին «դավաճան» որակվել ակցիայի մասնակիցների կողմից, ապա հնարավոր համաձայնության գալու ֆոնին դա էական չէր լինի:

Երեւանում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները վերլուծվում են ամենատարբեր հավատալի ու անհավատալի վարկածների համատեքստում: Բայց փաստ է մեկ բան՝ մեր հասարակությունը ոտքի կարող է կանգնել, կարող է քաղաքացիական կամք դրսեւորել, եւ սա դրական փաստ է: Այս իրողության հետ պետք է նախեւառաջ հաշվի նստի իշխանությունը: Եվ որքան ապաքաղաքական լինի շարժումը` այնքան լավ:
Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի եւ նրանց համակիրների ոգեւորությանը եւ գայթակղությանը` «դիրիժորություն» անել, դա էլ է հասկանալի: Բայց խնդիրն այն է, որ հասարակությունը որքան դժգոհ է իշխանության գործունեությունից, նույնքան էլ հիասթափված է իրենց ընդդիմություն համարողներից, ովքեր տարիներ շարունակ իրենց «ճշգրիտ» քաղաքական հաշվարկներով ու վերլուծություններով հզոր քաղաքական պայքարի ոգին կոտրելուց հետո էլ համարձակություն չունեն կասկածի տակ առնելու սեփական «անսխալականությունը» ու մշտապես ունեն բացատրություններ` ինչու չստացվեց, եւ մշտապես կան «մեղավորներ», թե ինչու իշխանական բուրգը «կազմաքանդելու» հերթական փայլուն սցենարը կյանքի չկոչվեց:

Հասարակական ակտիվությունը ղեկավարելու, առաջնորդելու ցանկություն այսօր կարող են ունենալ շատերը՝ թե՛ քաղաքական ուժերը, թե՛ քաղաքացիական տարբեր խմբեր, թե՛ Ֆեյսբուքում խելացի ստատուսներ գրողները, թե՛ տարբեր ակցիաներում մշտապես թմբուկ խփողները եւ թե՛ բարձրախոսով խոսելու սիրահարները:

Սա նախեւառաջ վկայում է այն մասին, որ բոլոր «շահագրգիռ» կողմերը ստիպված են լինելու հաշվի նստել հասարակական գործոնի հետ, որը նրանց հետ ոչ միշտ կարող է համաձայն լինել: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանում քաղաքացիական շարժումն ամրանալու, գործոն դառնալու մեծ շանսեր ունի: Քաղաքացիական շարժումների մեջ կարող են լինել ռոմանտիկ հեղափոխականներ ու անարխիստներ, կարող են լինել կարգապահ մարդիկ, կրթական տարբեր մակարդակ ունեցող մարդիկ, բայց նրանք բոլորը ՀՀ քաղաքացիներ են:

Կարեւորն այն է, որ իշխանությունը չկորցնի զգոնությունը: Առանց այն էլ անդամակցելով Եվրասիական միությանը՝ մեր պետությունը հայտնվել է ոչ ժողովրդավարական ռեժիմներ ունեցող երկրների շարքում, եւ ներսում մեկ-երկու սայթաքում՝ Հայաստանը վերջնականապես կմեկուսանա քաղաքակիրթ աշխարհից:

Վերջին մի քանի օրերի իրադարձություններում ամենահետաքրքրականը, սակայն, ռուսաստանյան մամուլի` ահուսարսափի երանգներ պարունակող հրապարակումներն են: Դեռ Հայաստանում շատերը չեն հասցրել վերլուծել, հասկանալ` երբ, ինչպես, ինչու, ռուսական մամուլն արդեն ունի հերթապահ անհեթեթ բացատրությունները:
Բանը հասել է նրան, որ Հայաստանում ռուսական ընկերության պահանջի արդյունքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից ընդվզող բողոքի ակցիաները որակվում են որպես «Մայդանի» դրսեւորում, նույնիսկ նոր` «էներգամայդան» անվանումն է շրջանառվում: Հունիսի 23-ի առավոտյան խաղաղ ցուցարարներին Բաղրամյան պողոտայից «մաքրելու» օպերացիայից հետո OPT-ն հատուկ ոգեւորությամբ ազդարարեց. «В Ереване власти установили порядок»:

«Интер РАО ЕЭС» ռուսաստանյան ընկերությանը պատկանող ՀԷՑ-ի գործունեությունից դժգոհող հասարակության բողոքի ակցիաների հետեւում Մոսկվային, իհարկե, ամենաձեռնտու է տեսնել Պետդեպարտամենտի «ականջները»: Բայց ռուսական քարոզչական այս հնարքներն այնքան հնամաշ ու ծիծաղելի են դարձել, որ թվում է՝ անգամ իրենք իրենց ներկայացրած անհեթեթություններին չեն հավատում: Իսկ եթե իսկապես հավատում են, ապա մնում է միայն խորհուրդ տալ Բիբինին եւ նրա ղեկավարությանը հետ կանգնել ներկայացրած պահանջներից, վերանայել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը, եւ այդժամ հայ հասարակությունը, թերեւս, բուռն սիրով կլցվի Բիբինի ու նրա ղեկավարած ընկերության նկատմամբ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930