Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ քաղաքական գործիչներն ակտիվ քաղաքացիներ չեն

Հունիս 25,2015 14:00

ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը «լուռ համակիր է»

«Ես էլ եմ գոհ, որ արյուն չեղավ, բնականաբար: Եվ ոչ միայն ես՝ կարծում եմ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ անդրադառնալով երեկ լուսադեմին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածին: «Առավոտյան հետեւելով լրահոսին՝ ես սփոփվեցի, որ արյուն չկար, եւ մենք արթնացանք ոչ արյունոտ Հայաստանում»,- երեկ լրագրողների հետ զրույցում նույն դեպքերի մասին խոսելով՝ ասել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Հիշեցնենք, որ ոստիկանությունը ջրցան մեքենաներով եւ բռնություն կիրառելով՝ 5.30-ի սահմաններում ցրել էր «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած նստացույցը: Քաղաքացիական ակտիվիստները պայքարում էին էլեկտրաէներգիայի սակագնի մոտ 7 դրամով թանկացման դեմ:

Ընդհարումներում տուժել են բազմաթիվ քաղաքացիներ, կան տեսանյութեր ցուցարարների նկատմամբ գործադրված բռնության մասին, 237 անձ բերման է ենթարկվել: Օրվա ընթացքում նրանք ազատ են արձակվել: Տուժել են նաեւ լրագրողներ:
ԲՀԿ-ական պատգամավորը գոհունակություն է հայտնում, որ մարդիկ դուրս էին եկել իրենց իրավունքների պաշտպանության համար: Նրան ուրախացնում է այն, որ իրավունքների պաշտպանության գործում ակտիվ են հատկապես երիտասարդները, որոնք բողոքի ակցիայի հիմնական մասն էին կազմում: Ընդդիմադիր պատգամավորի համար առավել գնահատելի է, որ երիտասարդները պայքարում էին սահմանադրական միջոցներով: Խոսելով արդեն ոստիկանների գործողությունների մասին՝ Ստեփան Մարգարյանն ասաց, որ իր համար անհասկանալի էր Բաղրամյան պողոտայից ցույցը ցրելուց հետո Ազատության հրապարակից մարդկանց բերման ենթարկելը, լրագրողների աշխատանքը խոչընդոտելը, լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառելը, աշխատանքային գործիքները վնասելը: Ի դեպ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ոստիկանների կեցվածքը երեկ այսպես գնահատեց. «Արհեստավարժ, եվրոպական չափանիշներով գործողություններ է իրականացրել»: Ոստիկանների ու ցուցարարների փոխհարաբերությունների մասին դրվատանքով խոսեց նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Լրագրողների մասով էլ փաստեց, որ նրանք մեկ՝ իրենց աշխատանքային պարտականություններն էին իրականացնում, մեկ՝ ակցիայի մասնակից էին դառնում, ու ոստիկանների համար դժվար էր տարբերակելը:

Բուն բողոքի ակցիայի մասին Ստեփան Մարգարյանն ասաց. «Մի քիչ կարծես թե բացակայում էր միասնական դիրքորոշումը, պահանջները հստակ չէին ձեւակերպված: Պահանջների մեջ այն, ինչը որ ընդհանուր է` դեմ են թանկացմանը, հասկանալի է, բայց գնալ նախագահական` պետք է հստակ ձեւակերպել: Բայց միեւնույն է՝ ես գտնում եմ, որ լավ երիտասարդություն էր հավաքվել, որոնք իրենց իրավունքներն էին պաշտպանում, ու իսկապես կարելի է նրանցով հպարտանալ: Իսկ ոստիկանության արարքներում կային բաներ, որոնք իսկապես իրավաչափ չէին»:

Երեկ Բաղրամյան պողոտայում կատարվածը խորհրդարանի արտահերթ նստաշրջանում էլ կրքեր բորբոքեց` ՀԱԿ-ը բոյկոտեց նիստի աշխատանքները, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «դեմ» է քվեարկելու որոշ նախագծերի, թեեւ դրանք արժանի էին «կողմ» քվեարկության, «Ժառանգության» պատգամավորների ու ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի միջեւ անգամ լեզվակռիվներ եղան: ԲՀԿ-ական պատգամավորից «Առավոտը» հետաքրքրվեց` իսկ ինչո՞ւ իր եւ իր ընդդիմադիր գործընկերների նման փորձառու քաղաքական գործիչներն Ազատության հրապարակում, ապա Բաղրամյան պողոտայում չէին` անփորձ երիտասարդների կողքին, իբրեւ քաղաքացիներ: Ինչո՞ւ են իրենք գերադասում կատարվածից հետո կուրծք ծեծել, եթե կարող էին իրենց ներկայությամբ, մասնակցությամբ նաեւ ուղղորդել իրադարձությունները: «Ի սկզբանե կազմակերպված էր, կային կազմակերպիչներ, կային տանողներ, եւ պարտադիր չէ, որ ամեն տեղ ասես` ես եմ գնում, ես եմ անում: Կային մարդիկ, որ իրենց ծրագիրն ունեին, եւ այս պարագայում ես կարող էի լուռ համակիր լինել: Ես լուռ համակիր էի»:

Հետաքրքրվեցինք` ինչո՞ւ ինքը չցանկացավ գիշերը Բաղրամյան պողոտայում լինել: «Դժվարանում եմ ասել: Ի սկզբանե ես պիտի կազմակերպեի, որպեսզի լինեի այնտեղ ու իմանայի` ուր եմ տանում, ինչ եմ անում: Ես այնտեղ եղել եմ, անցել եմ, երկար չեմ մնացել: Այնպես չէ, որ ձեռքերս լրիվ ծալած… Տեսել եմ, որ կան ղեկավարներ, կան մարդիկ, ովքեր որոշումներ ընդունում են, կայացնում են, հո չե՞ս մտնի ու սկսես ղեկավարել»,- ասաց նա: Այնուհանդերձ, ընդդիմադիր պատգամավորը քաղաքացիական ակտիվիստների հասցեին մեղադրանքներ չի հնչեցնում. «Եթե սա համարենք քաղաքացիական նախաձեռնություն, այն կարեւոր է: Կարեւոր է նաեւ խնդրի ճիշտ ձեւակերպումը եւ հարցերի հաջորդականության ճիշտ տանելը: Անկախ նրանից, թե ակցիան ինչպիսին եղավ, կարող է մեկը սխալվեց եւ այլն, երեւույթն ինքը` իրավունքների համար դուրս գալ փողոց ու որեւէ օրենք չխախտել, խուլիգանություն չանել, չջարդել-չփշրել, իրոք գովելի է: Սրանից դասեր քաղելու տեղ կա ե՛ւ ակցիայի կազմակերպիչների, ե՛ւ իշխանությունների համար: Իշխանությունները շատ անելիք ունեն, որպեսզի գործը չհասնի այս կերպ ցույցը ցրելուն: Գուցե փողոցը բացելն անհրաժեշտ է, ոստիկանությունն այդ իրավունքն ունի, բայց Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարի դեմ բռնություն կիրառելն անթույլատրելի է, լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելն անթույլատրելի է, խիստ դատապարտելի»:

Դիտարկմանը` կրկին նույն պատին բախվեցինք` դուրս եկանք մեր իրավունքների համար պայքարի ու ոչնչի չհասանք, ընդդիմադիր պատգամավորը հակադարձեց. «Ոչնչի չհասնելը մի քիչ հարաբերական ձեւակերպում է: Գուցե չհասան այդ մարդիկ, որ հոսանքի գինը չբարձրացվի, բայց որ սա օրինակ է հասարակությանը, որ իրավունքների համար պետք է պայքարել, ես կարծում եմ, որ շատ բանի ենք հասնում այդպիսի ակցիաների միջոցով»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930