Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչու սյունեցի պատգամավորն ԱԺ-ում չի կանգնում Սուրիկ Խաչատրյանի «թասիբին»

Հունիս 25,2015 13:30

Ըստ Արմեն Կարապետյանի՝ ԱԺ-ն այնպիսի տեղ չի,
որ զինվենք, գանք տեսնենք՝ ով ում ինչ է ասում, պատասխանենք

Վերջին շրջանում, երբ ԱԺ-ում Զարուհի Փոստանջյանը պարբերաբար հայտարարությամբ է հանդես գալիս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ընտանիքի անդամների հետ կապված միջադեպերի, հանցագործությունների մասին, մարզպետի «թասիբը» ԱԺ-ում պահում է սյունեցի երիտասարդ պատգամավոր Հայկ Գրիգորյանը: Նա է փորձում միջամտել եւ հակադարձել:

«Առավոտը» սյունեցի մեկ այլ պատգամավոր՝ ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանից հետաքրքրվեց՝ Դուք ոչ մի ձայն չեք հանում, այսինքն՝ համաձայնվո՞ւմ եք Փոստանջյանի ասածների հետ: Նա պատասխանեց. «Ամեն մի պատգամավոր իր կարծիքն ունի՝ անկախ կուսակցական պատկանելությունից, ընտրության ձեւից: Իմ ձեւը սա է: Ես գտնում եմ, որ ես իմ կարծիքին եմ, իմ սկզբունքների տերն եմ: Եթե որեւէ պատգամավոր բարձրաձայնում է որեւէ խնդիր՝ իր կարծիքն է արտահայտում: Ես ԱԺ նախագահ չեմ, ոչ էլ նիստը վարողն եմ, որ պատժամիջոցներ ձեռնարկեմ տվյալ պատգամավորի նկատմամբ: Գտնում եմ, որ եթե բողոքեմ, ոչ մի բանի չի արժանանա: Լավ կլինի, որ պատգամավորները պարկեշտ արտահայտվեն եւ բարձրաձայնեն: Ես գտնում եմ, որ պարկեշտ չի, որ պետք է կռվախնձոր դառնա որեւէ խնդիր, ու սկսեն ԱԺ-ում թատրոններ ցույց տալը: Դրա համար ես չեմ ընդունում, ոչ թե դեմ եմ կամ կողմ, կամ համաձայն: Ես աշխատում եմ իմ կարծիքին ու իմ սկզբունքներին տեր կանգնեմ: Թե մյուս պատգամավորները ինչ են ասում, անգամ իմ հասցեին հնչեցնելու դեպքում ես էլի պատասխան չեմ տա»:

Մեր հարցին՝ Սուրիկ Խաչատրյանը Ձեզ չի՞ ճնշում, չի՞ հրահանգում, որ Սյունիքից ԱԺ եք գնացել, իր հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչում՝ ձայն չեք հանում, նա պատասխանեց. «Ընդհանրապես այդպիսի խնդիր չկա: Նա ոչ մեկին չի ասում այդպիսի բան: Անգամ Հայկ Գրիգորյանը եթե ինչ-որ ձեւով ելույթ է ունեցել, իր կամքով է ասել: ԱԺ-ն այնպիսի տեղ չի, որ զինվենք, գանք այստեղ, տեսնենք՝ ով ում ինչ է ասում, պատասխանենք: Այդպիսի բան չկա: Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի պահվածքին ու այդպես ասելուն՝ դա իր կարծիքն է: Ոչ թե հարգում եմ, այլ գտնում եմ, որ դա իր իրավունքն է: Այդ խոսքը արժեք չունի: Եթե մեկը վիրավորում է, ուզում ես պատասխանել, պիտի իմանաս՝ այդ խոսքն ինչ արժեք ունի»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն՝ երբ Սեյրան Սարոյանը Զարուհի Փոստանջյանին ասաց, թե «նարկամանը մարդդ ա, երեխեքդ են», իզո՞ւր արեց, իմաստ չունե՞ր՝ Արմեն Կարապետյանը պատասխանեց, որ ինքը նման «լեզվակռիվների» չի մասնակցում. «Ով ինչ կարա ասի, ում հետ կարա կռվի՝ ես չկամ այդ գործում»:

Անդրադառնալով Սյունիքի մարզի մթնոլորտին եւ Սուրիկ Խաչատրյանի՝ վախի, ահուսարսափի տարածմանը՝ Արմեն Կարապետյանն ասաց. «Սյունեցուն ահուսարսափ՝ դեռեւս սկսած 9-րդ դարից, ոչ մեկը չի կարողացել տարածել: Վերջերս լրագրողներն այդ ահուսարսափի մասին շատ են խոսում: Չկա այդպիսի բան: Սյունեցիները համառ, լուրջ ժողովուրդ են, Նժդեհի գաղափարակիրներն են: Վերջապես Սյունիքում կռվել է Նժդեհը, ինչի՞ է ընտրել Սյունիքը, ինքը Սյունիքից չէր: Ինքը զգացել է, որ ժողովուրդն այնտեղ ապստամբ է եւ իր անկախությունը կարող է պահպանել: Եթե սյունեցու այդ ըմբոստությունը չլիներ, Լենինն արդեն որոշում էր կայացրել, որ ՀՀ-ն հանձներ Նարիմանովին: Չէ, սյունեցիները ոչ մի անգամ վախ չունեն, դա աբսուրդ է»:

Մեր դիտարկմանը՝ ընդդիմությունն ասում է՝ նախկին սյունեցին էլ չկա, որ նրա մեջքը կոտրված է, որ ընտրություններն են այդ մասին փաստում, Արմեն Կարապետյանը պատասխանեց. «Ես համաձայն եմ, ոչ միայն սյունեցու, այլեւ ամբողջ հայ ժողովրդի կերպարը ինչ-որ ձեւով փոխվել է: Որովհետեւ դա արտաքին գործոններն են, ապրելակերպն է»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930