Բաղրամյան պողոտայում խաղաղ ցույցը շարունակվում է: Բնականաբար, այս պահին պողոտան բավական սակավամարդ է`«նախաճաշային» տրամադրություններով: Քաղաքացիական ակտիվիստները նաեւ ոստիկաններին ու լրագրողներին են հյուրասիրում: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, որը տարածքում շրջում է, իրավիճակին է հետեւում եւ տարբեր խնդրանքներով դիմում սանմաքրման աշխատակիցներին, քաղաքացիական ակտիվիստները ջուր հյուրասիրեցին:
Լրագրողների եւ քաղաքացիների հետ զրույցում Վալերի Օսիպյանն ասաց, որ մոտավոր հաշվարկներով, երեկվա ցույցին 5-6 հազար մարդ է ներկա եղել, գիշերը, բնականաբար, այդ թիվը նվազել է: Նա ասաց նաեւ, որ ինքն ու իր ընտանիքն էլ են դեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը, բայց իբրեւ ոստիկան ինքը չի կարող անկարգություններ թույլ տալ:
Կարդացեք նաև
«Ամսի 19-ից առ այս պահը ցույցն անօրինական է, բայց քանի որ մենք տեսնում են նրա խաղաղ բնույթը, չենք ցրում»,- ասաց նա:
Ակտիվիստները մի քանի անգամ խանգարեցին ռուսական OPT հեռուստաընկերությանը Բաղրամյան պողոտայից ուղիղ եթեր դուրս գալ: Քաղաքացիական ակտիվիստներն ընդվզում էին Բաղրամյանում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների ռուսական լրատվամիջոցների կողմից ոչ օբյեկտիվ եւ ակնհայտորեն ուղղորդված լուսաբանման դեմ: Նրանք ժամանակ առ ժամանակ այդ թեմայով բանավիճում են Բաղրամյան պողոտայից իրադարձությունները լուսաբանող ռուս լրագրողների հետ, հստակեցնելով, որ այն, ինչ այստեղ կատարվում է՝ Ռուսաստանի դեմ չէ ու Արեւմուտքի կողմից չի ուղղորդվում, ու որ պայքարը զուտ իրավունքների պայքար է: Չլիներ այդ ընկերությունը ռուսական, լիներ որեւէ այլ երկիրը ներկայացնող ընկերություն, այս պայքարը, միեւնույն է, լինելու էր: «Մենք պայքարում ենք մոնոպոլիայի եւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ»,- պնդում են ակտիվիստները:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ