Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն իր տնտեսական շահը չի տեսնում ԵՏՄ-ում

Հունիս 25,2015 13:00

Անվտանգության եւ միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի փորձագետ Ուվե Հալբախը նկատում է, որ ՀՀ-ից արտահանումը
Ռուսաստան չի մեծանում, ընդհակառակը` նվազում է:

– Պարոն Հալբախ, Արեւմուտք-Ռուսաստան լարվածությունում մեղմացման հնարավորություններ տեսնո՞ւմ եք:

– Ես չեմ տեսնում հարաբերությունների մեղմացում այս փուլում, սա առավելապես առճակատման փուլ է, քան հարաբերություններում փոխհամաձայնության գալու շրջան, որի կենտրոնում Ռուսաստանի քաղաքականությունն է Ուկրաինայում, որն, ինչպես հայտնի է, Եվրոպայի կողմից հստակ գնահատվեց որպես միջազգային իրավունքի ոտնահարում: Այդ իսկ պատճառով չի կարելի խոսել առայժմ հարաբերություններում մեղմացման հնարավորությունների մասին:

Մյուս կողմից՝ եվրոպական երկրների մեծ մասը չեն ցանկանում բաց առճակատում Ռուսաստանի հետ: Այսինքն՝ մի իրավիճակ է առճակատման եւ հարաբերությունների մեղմացման հնարավորությունների միջեւ: Ռուսաստանը շատ ցավոտ չարձագանքեց Ռիգայի գագաթնաժողովին, սակայն գագաթնաժողովից առաջ բավական ագրեսիվ քաղաքականություն էր տարվում Ռուսաստանի կողմից, անգամ ԱԳՆ-ից մեկնաբանություններ եղան, թե Արեւելյան գործընկերության ծրագիրն ուղղված է ընդդեմ Ռուսաստանի: Մինչդեռ տարիներ առաջ Ռուսաստանն այս ծրագրի նկատմամբ այդպիսի կեցվածք չէր դրսեւորում: Հիմա ամեն ինչ կախված է ուկրաինական ճգնաժամից:

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ, այնուամենայնիվ, Արեւելյան գործընկերությունը չարդարացրեց այն հույսերը, որոնք առկա էին սկզբնական շրջանում, թե՞ դեռ ամեն ինչ առջեւում է՝ չնայած արդեն լիովին այլ իրավիճակին ու հանգամանքներին:

– Գուցե Արեւելյան գործընկերության ծրագիրը հավակնոտ հեռանկարներ էր խոստանում, որոնք այնքան էլ իրատեսական չէին: Բայց Արեւելյան գործընկերության քննադատներն ասում էին, որ դա երկար գործընթաց է, որ դա չի ենթադրում արագ փոփոխություններ կամ ճանապարհ դեպի ԵՄ անդամակցություն: Այս առումով գործ ունենք սպասելիքների եւ հեռանկարների հնարավորությունների հավասարակշռման մշտական խնդրի հետ: Կարծում եմ, որ հիմա շատ երկրներ հիասթափվեցին, որովհետեւ նրանք ակնկալում էին ավելին ԵՄ-ից: Օրինակ՝ Վրաստանը հայտարարեց, որ Ռիգայի գագաթնաժողովը հաջողված էր, գոհ են, բայց այնտեղ մեծ բանավեճ ծավալվեց, երբ ԵՄ-ից հնչեցին հայտարարություններ Վրաստանի ակնկալիքների մասով:

– Ի՞նչ կասեք Ռուսաստանի ազդեցության մասին հետխորհրդային տարածքում, Հարավային Կովկասում, մասնավորապես` Հայաստանում եւ Ադրբեջանում: Կարո՞ղ ենք արձանագրել, որ Ռուսաստանն ամրապնդվել է մեր տարածաշրջանում, թե՞ դա կարճաժամկետ ամրացում է:

– Դժվար է ասել: Բայց արդեն հստակ է, որ հետխորհրդային տարածքն առաջնահերթություն է Ռուսաստանի համար: Հարցն այն է, թե ինչպես ազդել: Սակայն մեծ տարբերություններ կան այդ երկրների միջեւ: Մենք գիտենք, որ Ռուսաստանը ավելի մեծ ազդեցության լծակներ ունի Հայաստանի նկատմամբ, քան Ադրբեջանի, ավելի մեծ լծակներ ունի Տաջիկստանի, քան Ղազախստանի նկատմամբ, որովհետեւ վերջինը առանձին դերակատար է միջազգային ասպարեզում: Բայց փաստ է, որ Ռուսաստանի համար աշխարհի այդ մասը` հետխորհրդային տարածքը, աշխարհի ամենագլխավոր մասն է՝ որպես նախկին կայսրություն:

– Ձեր կարծիքով՝ Եվրասիական միությանն ի՞նչ ապագա է սպասվում, այն կարո՞ղ է իր կենսունակությունն ապացուցել, թե՞ քիչ անց կպարզվի, որ այն ՌԴ նախագահը ստեղծեց, որպեսզի իր դիրքերն ամրապնդի միջազգային հանրության աչքում:

– Նախեւառաջ դա տնտեսական միություն է: Բայց հիմա մի շրջան է, որ Ռուսաստանը կանգնած է բազմաթիվ տնտեսական խնդիրների առջեւ: Արեւմուտքի կողմից պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ գործոններից մեկն են միայն: Ռուսաստանի համար բարդ է ցույց տալ, որ Եվրասիական միությունը շահավետ կառույց է նոր գործընկերների համար: Օրինակ` Ռուսաստանի եւ Ղազախստանի միջեւ առեւտրատնտեսական բարդությունները: Իմ կարծիքով՝ Հայաստանը մինչեւ հիմա իր տնտեսական շահը չի տեսնում Եվրասիական տնտեսական միությունում, որովհետեւ արտահանումը Ռուսաստան չի մեծանում, ընդհակառակը՝ նվազում է: Կամ` հայկական դրամի, վրացական լարիի, ադրբեջանական մանաթի արժեզրկումը ռուսական ռուբլու արժեզրկման ֆոնին: Այդ իսկ պատճառով չեմ կարող ասել, թե Հայաստանը շահավետ քայլ արեց` անդամակցելով այդ կառույցին:

– Հավանաբար հենց այդ պատճառով Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ պատրաստ են ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնել: Նույնիսկ ապագայում սպասվում է ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրում: Որքա՞ն կարող է Հայաստանը խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ` անդամակցելով ԵՏՄ-ին:

– Բրյուսելում քննարկումներ են ընթանում, թե ինչպես կարելի է նորից Հայաստանը ներգրավել եվրոպական քաղաքական ծրագրի մեջ: Խնդիրն այն էր, որ Մաքսային միության անդամակցությունը անհնար էր տեխնիկապես համատեղել ԵՄ-ի Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու հետ: Բացի դրանից, իհարկե, կարելի է հարաբերությունները զարգացնել: Ես չեմ կարծում, որ Եվրոպան Հայաստանին նայում է որպես կորցրած որդու: Պարզ է, որ դա ավարտ չէր, եւ ԵՄ-ն իր դռները չէր փակելու Հայաստանի առջեւ, եվրոպական քաղաքականությունը շարունակվելու է Հայաստանում:

– Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, Ձեր կարծիքով, ի՞նչ փուլում է գտնվում: Ադրբեջանի կողմից բավական ագրեսիվ քաղաքականություն է տարվում, պատերազմի քարոզչություն է իրականացվում: Մյուս կողմից՝ մեզանում վտանգ կա, որ ռուս-ադրբեջանական ջերմ հարաբերությունները կարող են ազդեցություն ունենալ Ղարաբաղյան կարգավորման վրա:

– Բարդ հարց է: Կարծում եմ՝ արտաքին խաղացողները արդյունավետ միջոցներ չունեն կարգավորման հարցում, դա կախված է հակամարտության կողմերի ներքին իրավիճակներից: Բացի այդ, մենք ականատես ենք կոնֆլիկտի ռազմականացման աճին: Ավելի մեծ ծավալով, իհարկե, զինվում է Ադրբեջանը` շարունակ բազմապատկելով իր ռազմական բյուջեն, բայց հայկական կողմը նույնպես զինվում է: Սա վտանգավոր իրավիճակ է, որովհետեւ որեւէ այլ հակամարտություն հետխորհրդային տարածքում չունի այսքան ռազմականացվածության աստիճան, որքան Ղարաբաղյան հակամարտությունը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930