Ռուսաստանի Պետական դումայում Հայաստանին խորհուրդ են տալիս սադրանքների պատճառով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին հեռացնել երկրից: Այս մասին հաղորդել է «Известия»-ն:
«Հայաստանի իշխանությունների փոխարեն ես արդեն վաղուց ամերիկացի դեսպան-սադրիչին կհեռացնեի երկրից եւ կգնայի բանակցելու ցուցարարների հետ, քանի որ նրանց բողոքի պատճառ է դարձել երկրի սոցիալ-տնտեսական վատթարացող իրավիճակը եւ ավելի քան արդարացված է»,- հայտարարել է Պետդումայի ազգությունների գործով հանձնաժողովի նախագահի տեղակալ Վալերի Ռաշկինը:
Նրա խոսքերով՝ փաստացի հետխորհրդային տարածքում միայն երկու պետություններ են մնացել, որոնք Ռուսաստանի իսկական ընկերներն են. դրանք Հայաստանն ու Բելառուսն են. «Հենց այդ պատճառով ամերիկացիները կրկնակի ուժով փորձում են մեզանից խլել մեր հետխորհրդային տարածքի վերջին գործընկերներին եւ փորձում են մեր երկրի մոտ հերթական գունավոր հեղափոխությունը կազմակերպել»:
Գործընկերոջ դիրքորոշումը պաշտպանել է նաեւ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Բաբակովը. «Մեզ համար նորություն չէ նման իրավիճակներում ԱՄՆ դեսպանատան գործունեությունը: Երկրի իրավիճակի ապակայունացմանը այնպես են արձագանքում, որ իրենք իրենց վրա շողք են գցում: Ես վստահ եմ, որ նրանց դիրքորոշումը չի կարող արմատապես ազդել իրավիճակի վրա: Բայց դեսպանատների նման հաստատությունները պետք է իրենց իրավասությունների շրջանակներում մնան»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ