Այս պահին Բաղրամյան պողոտայում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա առանձին զրուցում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: Նախապես հորդորել են, որ լրագրողները մոտ չգան:
Նշենք, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ Թեւան Պողոսյանը եւ Էդմոն Մարուքյանը գիշերն անցկացրել են Բաղրամյան պողոտայում: Ընդհանուր առմամբ, պողոտայում գիշերել է մոտ 700 հոգի:
Անցած գիշերն ավելի խաղաղ ու հանդարտ է անցել Բաղրամյան պողոտայում, քան նախորդները, չեն եղել արտառոց միջադեպեր: Առավոտյան ցուցարարները մաքրել են պողոտայի իրենց հատվածը:
Վլադիմիր Գասպարյանը նախապես պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի մի քանի հարցերի եւ հայտնել, որ եկել է` տեսնելու ինչ է կատարվում, որպեսզի արտառոց բաներ չլինեն. «Ինքներդ խոսակցություններով, լարելով մի սադրեք: Եղեք խաղաղության մեջ ու ամեն ինչ նորմալ կլինի»: Նաեւ հավելել է. «Լավ է, որ միասնական եք մաքրության հարցում, եթե այս հարցերում միակամ լինեք, մյուս հարցերը լավ կգնան»:
Կարդացեք նաև
Ավելի ուշ, ՀՀ ոստիկանապետի հետ զրույցից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողներին հայտնեց, որ խոսել են մասնավորապես ցուցարարների շարքում խմած մարդկանց առկայության մասին, ինչը ռիսկային է:
Ըստ Փաշինյանի՝ զրուցել են նաեւ լրագրողների նկատմամբ բռնությունների մասին, եւ ոստիկանապետը պնդել է, թե բոլորին չէր կարող վերահսկել, կատարվածը կազմակերպված բնույթ չի ունեցել: Վլադիմիր Գասպարյանը նաեւ հայտնել է, որ ԶԼՄ-ների վնասված գույքի մի մասը գտնվել է, մի մասն արդեն փոխհատուցվել է, մյուս մասն էլ կփոխհատուցվի: