Լրահոս
Օրվա լրահոսը

Հունան Պողոսյան. «Ոստիկանը բոլորիցդ մեկն է, բայց ոստիկանությունը նաեւ օրենքով սահմանված կարգով ուժ գործադրելու իրավունք ունի»

Հունիս 25,2015 01:01

Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը հարգում է օրինապահ քաղաքացիներին: Հարցին, թե ցույցի մասնակից քաղաքացիները նրա կարծիքով օրինահա՞րգ են, փոխոստիկանապետը պատասխանեց. «Սկզբում, ովքեր ներկայացնում էին հանրահավաքի, այսպես ասած, կազմկոմիտեն, պարկեշտ, հետաքրքիր մտածելակերպ ունեցող, զարգացած երիտասարդներ էին, որոնց հետ շփվելուց հաճույք էինք զգում: Նրանց հետ շփվեցինք, հորդորեցինք, որ իրենց օրինական, գուցե արդարացի պահանջները ներկայացրել են: Եվ այսօր ամբողջ հանրապետությունը եռում է այս հարցի քննարկմամբ: Բայց արդեն այս ձեւով, այլոց իրավունքները ոտնահարելով պահանջը ներկայացնելը նշանակում է որոշակի իմաստով արժեզրկել կամ նսեմացնել արդեն իսկ ներկայացրածը»:

Դիտարկմանը, թե եթե փոխոստիկանապետը նկատի ունի Երեւանի գլխավոր պողոտաներից մեկը պարալիզացվելը, որտեղի բնակիչները չեն համարում, որ իրենց հանգիստը խաթարվել է եւ համաձայն են ցույցի մասնակիցների պահանջների հետ, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Ես ասացի իմ կարծիքը: Ոստիկանությունը ունի հստակ գործառույթներ եւ ոստիկանությունը պետական գերատեսչություններից միակն է, որ օրենքով սահմանված կարգով ուժ գործադրելու իրավունք ունի: Բայց մենք առայժմ համագործակցում ենք եւ ցանկանում ենք հորդորել մեր գործընկերներին՝ հարգել մեր պայմանավորվածությունները: Մենք դրանք պահում ենք, սակայն հանրահավաքի մասնակիցների մեծ մասը չի պահում: Իմ խորին համոզմամբ, ընդհանուր իրավիճակը կառավարելու խնդիր կա, որովհետեւ այնտեղ մարդիկ են հայտնվել, որոնք չեն ենթարկվում ընդհանուր սահմանված կարգուկանոնին»:

Aravot.am-ի հարցին, թե ժամը 23:00-ին սկսվում է անդորրի ժամը: Դրանից հետո ի՞նչ են պատրաստվում անել, փոխոստիկանապետը պատասխանեց. «Անդորրի ժամը թողնում ենք իրենց իրավագիտակցությանը, որ հասկանան, որ այստեղ բավականին խիտ բնակեցված տարածք է այստեղ բնակչության մի զգալի հատված է ապրում եւ հարգեն ընդհանուր համակեցության կանոնները»: Հարցին՝ չհարգելու դեպքում գործողությունների կդիմե՞ն, Հունան Պողոսյանը հակադարձեց. «Դա արդեն իրենց դաստիարակության խնդիրն է: Մենք իրենց կհորդորենք: Բայց դուք՝ լրագրողներդ զրույցը տանում եք այլ ուղղությամբ: Ոստիկանությունը բոբո չի: Ոստիկանը բոլորիցդ մեկն է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930