Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչի պատճառը ինքնիշխանության պակասն է»

Հունիս 25,2015 12:00

Ըստ Ռուբեն Բաբայանի, տեղի է ունեցել վատ կառավարում եւ յուրացում,
ու փոխանակ մեղավորները պատժվեն, կատարվածը փաթաթում են անմեղների վզին:

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը նաեւ ակտիվ քաղաքացի է: Նա միշտ էլ թեժ իրադարձությունների ժամանակ ժողովրդի կողքին է եղել ու աչքի է ընկնում իր սթափ հայացքով: «Առավոտի» հետ զրույցում պարոն Բաբայանը օրինաչափ համարեց համաժողովրդական բողոքի ակցիան՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: «Սա հասարակական, քաղաքացիական շարժում է, որը նոր չի ձեւավորվել, պրոցեսը գնում է, եւ մարդիկ ուզում են իրենց տեր զգալ իրենց իսկ երկրին: Այս պարագայում, երբ խոսքը վերաբերում է հոսանքի գնի բարձրացմանը, զուտ սոցիալական խնդիր չեմ ուզում տեսնել: Կարծում եմ՝ դեպքերի նման զարգացումը պատճառաբանված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պակասով. բոլորի համար ակնհայտ է, որ տեղի է ունեցել վատ կառավարում, յուրացում, անօրինականություն, որը պետք է, բնականաբար, համապատասխան ձեւով պատժվեր: Մեղավորները պետք է հատուցեն վնասը, ոչ թե այն փաթաթվի անմեղների վզին:

Այդ տեսակետից ես հուզումը համարում եմ միանշանակ արդարացված եւ շատ ուրախ եմ, որ երիտասարդներն են նախաձեռնողները: Հրաշալի է, որ երիտասարդներն ուզում են, որ երկիրն իսկապես պատկանի իրենց»,-ասում է մտավորականը: Պարոն Բաբայանը եւս եղել է Բաղրամյան պողոտայում՝ թեժ իրադարձությունների ժամանակ: Ասում է՝ այն, ինչ կատարվեց հունիսի 22-ի գիշերը եւ 23-ի առավոտյան, այդպես էլ պատկերացնում էր. «Սցենարը կանխատեսելի էր, նորություն չտեսա»: Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, բոլոր քաղաքացիական շարժումները՝ Մաշտոցի պուրակի, տրանսպորտի թանկացման, էկոլոգիական խնդիրների եւ այլնի հետ կապված, հասել են իրենց նպատակին: Ինչ վերաբերում է մեկ օրում խնդիր լուծելուն եւ դրա համար Բաղրամյան 26 գնալուն, ռեժիսորի կարծիքով, ցավոք սրտի, արդյունք չի տա եւ կավարտվի հայտնի սցենարով. «Ավելին, ժամանակի ընթացքում պրոբլեմը շեղվում է, հիմա բոլորը կսկսեն զբաղվել ոստիկանության համաչափ կամ ոչ համաչափ գործողություններով, ձերբակալված մարդկանցով, հետո որպես մեծ հաղթանակ կհայտարարվի, որ այդ մարդկանց ազատել են, եւ էլի նույն խնդիրը կմնա: Լրիվ հասկանում եմ երիտասարդների պոռթկումը, բայց վաղուց եկել է ժամանակը քայլերն ավելի սթափ մշակելու, հարցերին սառը ուղեղով մոտենալու:

Եթե ոչ թե պոռթկումն է կարեւոր, այլ հաղթանակը, ուրեմն հաղթանակին պետք է պատրաստվել եւ մշակել ծրագիր, հաղթանակին չի կարելի հասնել զուտ պոռթկումով, պոռթկումները գեղեցիկ հեքիաթներ են, իսկ ամեն հաղթանակի հիմքում դրված է մշակված եւ գիտակցված ծրագիր»: Ռուբեն Բաբայանի կարծիքով, քաղաքացի ձեւավորել պետք է իրականում իշխանությանն էլ ձեռնտու լինի, եւ զուր է, այն չի գիտակցում դրա կարեւորությունը. «Չէ՞ որ երկիրը ամուր է, երբ յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգում է երկրի տերը, երկիրը պաշտպանված է, որովհետեւ յուրաքանչյուրը պաշտպանում է իր հողը: Մի խոսքով, տիրոջ զգացողություն պետք է լինի ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության մեջ: Ափսոս, որ այդ զգացողությանն արդեն քանի տարի խանգարում են, օրինակ, կեղծված ընտրությունները: Իմիջիայլոց, հարցը նրա մեջ չէ, ո՛վ հաղթեց, հարցը, կրկնում եմ՝ վերաբերում է տեր լինելուն, որովհետեւ մարդը պետք է տեր լինի նաեւ իր սխալներին»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930