Գրականագետ Գայանե Մալումյանը՝
դասական գործի վանաձորյան մեկնաբանության մասին
Օրերս Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ Շիրվանզադեի «Արտիստի» պրեմիերան: Բեմականացման հեղինակն է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, բեմադրությունը եւ նկարչական ձեւավորումը Նունե Խեչումյանինն է, զգեստների ձեւավորումը՝ Շուշանիկ Առաքելյանինը:
Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքը Անուշավան Շիրոյանի փոխադրությամբ եւ Սարգիս Քոչարյանի ռեժիսուրայով Երեւանում առաջին անգամ բեմադրվել է 1940թ.՝ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում: Լեւոնի դերում հանդես է եկել Վարդգես Շողերյանը, Լուիզայի՝ Իդա Մկրտչյանը: Դրանից հետո 1951թ. Թբիլիսիի հայկական թատրոնն է անդրադարձել Շիրվանզադեի պատմվածքին, ժողովրդական արտիստ Աշոտ Քաջվորյանի փոխադրությամբ ու բեմադրությամբ, գլխավոր կերպարները մարմնավորել են Բաբկեն Ներսիսյանն ու Էմմա Ստեփանյանը: Երկրորդ անգամ դարձյալ Երեւանի պատանի հանդիսատեսի պետական թատրոնում Հրաչյա Ղափլանյանն է փոխադրել ու բեմադրել «Արտիստը»՝ 1955թ., որտեղ գլխավոր դերերը կատարել են Էդգար Էլբակյանը եւ Իրա Հովհաննիսյանը: Այս պատմվածքի նշյալ երեք ներկայացումները ժամանակակիցների մտապահումներում, այդ թվում՝ մասնագետների, մնացել են «Արտիստի» մինչ օրս չգերազանցված մեկնաբանություններ թե ռեժիսուրայի եւ թե խաղի իմաստով:
«Առավոտը» Վանաձորում կայացած «Արտիստի» պրեմիերայից հետո զրույցի հրավիրեց գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Գայանե Մալումյանին: Գուցե հարց առաջանա՝ ինչո՞ւ գրականագետի, այլ ոչ թատերագետի: Որովհետեւ այս պատմվածքը նախ՝ թատերգություն չէ եւ այն հազվադեպ երկերից է, որոնք կարծես բեմ են «պահանջում»: Իսկ մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե որքա՞ն է պատմվածքի այս մեկնաբանությունը համահունչ գրական գործին:
Գայանե Մալումյանը նախ ասաց, թե «Արտիստը» բեմականացնելը պատասխանատու գործ է, քանի որ հանրությանը ծանոթ դիպաշար է՝ ծավալվելու սահմանափակ հնարավորություններով, կերպարների սեղմ ու թռուցիկ նկարագրությամբ: Նշեց, որ Վանաձորի թատրոնի բեմում այն, ինչը տեսել է, հաճելիորեն զարմացրել ու հիացրել է իրեն. «Սա մի ամբողջական ներկայացում է դերասանների, դեկորացիաների, այլեւայլ խոսուն տարրերի համադրությամբ, որտեղ նույնիսկ չնչին թվացող մանրամասներն էին պատճառաբանված: Օրինակ, հենց սկզբում փոքրիկ տղայի (դերակատար՝ Էդուարդ Կիզողյան) բեմում երեւալը զարմանալի թվաց, սակայն առաջին իսկ խոսքերից պարզ դարձավ, որ դա գլխավոր հերոսի՝ Լեւոնի մանկությունն է «խոսում»՝ երաժշտությունն ընկալելը համարելով երջանկության բանաձեւ: Բեմում էր հեղինակը՝ Ալեքսանդր Մովսիսյան-Շիրվանզադեն (Էլֆիք Զոհրաբյան), որն իր մտավորականի կեցվածքով դեպքերը շարադրելու եւ դեպքերին մասնակից լինելու համաժամանակյա զուգահեռով ներկայացման կենտրոնական դեմքերից է»: Գրականագետի ձեւակերպմամբ՝ իրենց տեղում են եղել մյուս դերակատարները՝ Համլետ Գյուլզադյանը (Կավալլարո), Հերիքնազ Բաղդասարյանը (սինյորա Ստեֆանյա), Մարինե Պետրոսյանը (Լեւոնի մայրը): Մեր զրուցակիցն առանձնահատուկ անդրադարձավ մեկ-երկու կերպարների. «Մարինե Պետրոսյանի մարմնավորած մոր կերպարը փոքր-ինչ գրոտեսկային էր:
Ցանկալի էր Լուիզային (Նոնա Սաֆարյան) տեսնել որպես առանցքային կերպար, սակայն դերակատարն իր խաղով այնքան էլ համոզիչ չէր, քիչ էր հիշեցնում հեղինակի նկարագրած վառվռուն գեղեցկուհուն: Նա Լեւոնի հանդեպ միայն քրոջական զգացմունք ու կարեկցանք պիտի զգար, սակայն բեմում տպավորությունն այլ էր. սիրահարված աղջնակ, որ Լեւոնին տեսնելիս կորցնում էր իրեն: Իսկ Կավալլարոն էլ երբեմն անհիմն կոպիտ պարտադրումով նրան թեւանցուկ էր անում, մինչդեռ պիտի ջենթլմենական իր չափի մեջ մնար: Գուցե դա միտումնավոր էր արված, բայց հեղինակը նուրբ արվեստագետ է եւ մանավանդ այդ հարաբերությունները ներկայացնելիս բնագրից շեղվելը խրախուսելի չէ»:
Գայանե Մալումյանի դիտարկմամբ՝ Լեւոնի դերակատարը (Ժիրայր Գաբրիելյան) սկզբում կաշկանդված էր, երկրորդ մասում կերպարը բացահայտվեց, ծավալվեց: Նրա ձեւակերպմամբ, խոսքի արվեստին տիրապետելը, բառը հանդիսատեսին հասցնելը ոչ թե բարձրաձայնելու միջոցով, այլ ներքին զգացմունքայնությամբ պիտի անել: Գրականագետը հավաստիացնում է, որ ներկայացման առաջին մասը փոքր-ինչ երկարաձգված էր. «Արտիստի բաժինը հաճախ խլում էին, գլխավորն ու կողմնակին միախառնված էին»: Ու ըստ մեր զրուցակցի, թեեւ դասական երաժշտություն լսելը հաճելի է, բայց օպերային հատվածները կարելի էր կրճատել, սյուժետային գծից երկարատեւ շեղումն էլ խրախուսելի չէ: Մեր զրուցակցի համոզմամբ՝ անհրաժեշտ է անպայման կրճատել նաեւ Լեւոնին ծեծելու տեսարանը: «Հարուստ էր պանդոկի պարուհու, նավաստիների դրվագը՝ աղմկոտ, կոպիտ իրականությունը, փողի ամենազոր թվացող ուժը, մարդու անկման ենթադրվող վայրընթացը, հիանալի էր հակադրություն զուգահեռը. ներքեւում՝ Լեւոնի գետնատարած ծեծը, վերեւում՝ Լուիզայի հարսանիքը: Առհասարակ գիտակցված էր թատրոնի հանդեպ անմնացորդ սիրո, նվիրումի դրսեւորումը, որը Լեւոնի՝ արտիստ կոչվելու վկայությունն էր: Վերջում նրան հենց այդ մշուշային աշխարհն են տանում երկու էակները, որոնց ներկայությունը, սակավ միջամտությունը, խելահեղ պարը շարունակական էր: Կյանքից շպրտված եւ նորից ու նորից այդ կյանքը վերադարձող մարդուն հասցվող վերջին հարվածը՝ Լուիզայի ամուսնության լուրը ամենադժվար տեսարաններից մեկը պիտի լինի, մինչդեռ Լեւոնի դերակատարը այդտեղ համոզիչ չէր, խոսքը թույլ էր, թեեւ ջանում էր զսպված հուզմունք արտահայտել: Լուիզայի մայրն էլ ուրախությունն արտահայտելիս չկարողացավ լիարժեք ներկայացնել, թեեւ առաջին մասում ավելի անկաշկանդ էր խաղում»,- հայտնեց Գայանե Մալումյանը: Իբրեւ վերջաբան էլ գրականագետն ասաց. «Բեմադրիչը բնագրի կաղապարներից դուրս էր եկել, ներկայացումը հարստացրել էր դեմքերով ու դեպքերով, որոնք պատմվածքում չկան: Բայց ոչ միայն ավելորդ չէին դրանք, այլեւ լրացնում ու ամբողջացնում էին կերպարները, նպաստում դիպաշարային զարգացմանը»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Տեսարան «Արտիստը» բեմադրությունից:
Լուսանկարում` Շիրվանզադե՝ Էլֆիք Զոհրաբյան, Լեւոն՝ Ժիրայր Գաբրիելյան:
«Առավոտ» օրաթերթ
24.06.2015