Ռուսական ընկերության դեմ նա պահանջներ ունի
Վահե Դավթյանը 11.07.2008թ. թիվ 406 Խ պայմանագրի համաձայն ընդունվել է աշխատանքի, որպես ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության հասարակայնության հետ կապերի առաջատար մասնագետ: Ապա 2009թ. զբաղեցրել է նույն ընկերության մամուլի ծառայության պետի պաշտոնը, իսկ մեկ տարի անց՝ հասարակայնության հետ կապերի ծառայության պետի, 2011թ.-ին՝ կառավարման եւ հաղորդակցման ծառայության պետի տեղակալի, 2013-ին՝ գործերի կառավարման ծառայության պետի տեղակալի եւ գլխավոր տնօրենի մամուլի քարտուղարի պաշտոնները:
Ընկերության 2014թ. հոկտեմբերի 24-ի թիվ 153/7 հրամանի 4-րդ կետի համաձայն՝ Վահե Դավթյանին հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ վեց օր հետո՝ հոկտեմբերի 30-ի թիվ 306 Խ հրամանի համաձայն՝ նրան ազատել են աշխատանքից:
Վ. Դավթյանը դիմել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է անվավեր ճանաչել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից գլխավոր տնօրեն Վ. Ռեբեցի նշյալ հրամանը, վերականգնել գլխավոր տնօրենի մամուլի քարտուղարի պաշտոնում՝ վճարելով հարկադիր պարապուրդի ողջ ժամանակաշրջանի համար միջին աշխատավարձը, սկսած անցյալ տարվա հոկտեմբերի 30-ից մինչեւ իրեն աշխատանքի վերականգնելը:
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՓԲ ընկերության մամուլի պատասխանատու Վահե Դավթյանը հայտնել է, որ 2008-2014թթ. ապրիլի 13-ն ընկած ժամանակահատվածում մեկնել է բազմաթիվ ծառայողական գործուղումների: Նա գործուղվել է Ուկրաինայի Հանրապետության Օդեսա քաղաք, Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաք, Վրաստանի Հանրապետության Բաթում, Թբիլիսի քաղաքներ, մեկ անգամ ՌԴ Սոչի, որի համար նրան տրվել է ֆիքսված 24. 000 ՀՀ դրամ գումար՝ որպես օրապահիկ, իսկ մնացած քաղաքների համար 12.000 ՀՀ դրամ օրապահիկ:
Կարդացեք նաև
Ըստ Վ. Դավթյանի, չվճարված օրապահիկի տարբերությունը կամ պարտքը դրամական արտահայտությամբ կազմել է 2. 656. 000 ՀՀ դրամ:
Ըստ Վ. Դավթյանի դատարան ներկայացրած հայցադիմումի՝ այդ հարցը կարգավորվում էր ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2335-Ն որոշման համաձայն. տարբեր ժամանակահատվածներում սահմանված օրապահիկի չափերը եղել են անհամեմատ ավելի բարձր, քան պատասխանող ընկերության կողմից վճարված գումարները:
Վ. Դավթյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության օտարազգի տնօրենից պահանջում է տարբերություն գումարը՝ 2. 656. 000ՀՀ դրամը, որպես գործուղման համար չվճարված օրապահիկի գումար:
Մեկ այլ պահանջ էլ կա դատարան ներկայացված հայցադիմումում:
Հայցվորի որդին՝ Դավիթը, ծնվել է 09.12.2013թ.-ին: Համաձայն «Հայաստանի երկաթուղայինների եւ կապի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների» ճյուղային հանրապետական միության եւ գործատուի միջեւ կնքված 2012-2014թթ. կոլեկտիվ պայմանագրի 3.4.4. կետի, երեխայի ծննդյան կապակցությամբ տրվում է նյութական օգնություն՝ ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Ըստ դիմումատուի, ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձն այդ ժամանակ սահմանվել է 45.000 դրամ: Հետեւաբար, ռուսական ընկերությունը պետք է վճարի 225. 000 ՀՀ դրամ գումար նյութական օգնություն:
Հունիսի 25-ին նշանակվել է դատական հերթական նիստը. հավանաբար կավարտվի այս գործով դատական քննությունը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.06.2015