ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավար Մայքլ Լինքն այսօր Հայաստանի իշխանություններին կոչ է արել հարգել ցուցարարների խաղաղ հավաքների իրավունքը: «Հայաստանը, ինչպես ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունները, պարտավորվել է պաշտպանել եւ խթանել խաղաղ հավաքների հիմնարար ազատությունը ու պետք է ամբողջովին հարգի Երեւանի ցուցարարների իրավունքները, որպեսզի իրականացնի այս ազատությունը»:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավարը նշել է նաեւ, որ «երեկ առավոտյան իրավապահ մարմինների իրականացրած գործողությունների վերաբերյալ զեկույցները, այդ թվում ջրցան մեքենաների օգտագործումը եւ հարյուրավոր խաղաղ ցուցարարների ձերբակալումը լուրջ մտահոգություններ են առաջացրել»:
Հավաքների ազատության ԵԱՀԿ պարտավորությունները ոչ միայն երաշխավորում են խաղաղ հավաքների եւ ցույցերի իրավունքը, այլեւ նշում են, որ այս իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է արգելվի օրենքով եւ համապատասխան լինի միջազգային չափանիշներին:
«Իրավապահ մարմինները պարտավոր են նպաստելու խաղաղ հավաքներին եւ ոստիկանության կիրառած ցանկացած գործողություն պետք է լինի օրինական, անհրաժեշտ եւ համաչափ: Ավելորդ ուժի կիրառման, չհիմնավորված կամ անխնա ձերբակալությունների բոլոր մեղադրանքները պետք է անաչառ, բազմակողմանի եւ անհապաղ հետաքննության ենթարկվեն եւ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,- եզրափակել է Մայքլ Լինքը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ