«Ազատ, անկախ, Հայաստան», «Մենք ենք տերը մեր երկրի», «կա-սե-ցում» վանկարկումներով ու սուլոցներով, Բաղրամյան պողոտայում ընթանում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Հազարավոր քաղաքացիներ երաժշտության ներքո ծածանում են հայկական դրոշն ու շուրջպար բռնում:
Պատասխանելով 1in.am-ի լրագրողի հարցին, թե ինչո՞ւ պատգամավորները միայն երեկ երեկոյան եւ այսօր որոշեցին մասնակցել ակցիային ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասաց, որ դրան նպաստեց երկու օր առաջ վաղ առավոտյան ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանների կողմից ուժի կիրառումը եւ որոշ պատգամավորներ իրենց պարտքը համարեցին լինել այստեղ:
Պարոն Մարգարյանը նաեւ ասաց, որ այսպես չի կարող շարունակվել, եւ որ իշխանությունները պետք է ինչ-որ լուծում առաջարկեն, իշխանության խնդիրն է` հարցն ինչպես լուծել տեղը գումար առաջարկել կամ մեկ այլ լուծում գտնել: Ստեփան Մարգարյանն ասաց, որ էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ պատգամավորները հայտնել են իրենց տեսակետը, սակայն հարցի լուծումը ԱԺ-ի իրավասության մեջ չէ եւ որ այս խնդիրը լուծելը»:
Ելույթների համար ձայն են խնդրում քաղաքացիները:
Կարդացեք նաև
«Սա համազգային շարժում է, լույսի փողի մասին չէ խոսքը, մենք մինչեւ վերջ մեր պայքարը մղելու ենք, ո՛չ Ամերիկան եւ ո՛չ Ռուսաստանը իրավունք չունեն մեր ճակատագիրը որոշելու եւ մենք ենք տերը մեր երկրի»,-իր ելույթում ասաց քաղաքացիներից մեկը: Քիչ առաջ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացավ եւ ակցիայի կազմակերպիչները ոստիկաններին բարձրախոսով հորդորեցին շտապօգնություն կանչել: Այս հորդորից հետո, ակցիայի մասնակիցները «կա-սե-ցում, կա-սե-ցում»-ից սահուն անցում կատարեցին «շտապ օգ-նութ-յուն, շտապ-օգնություն» վանկարկումներին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ