Այսօր Բաղրամյան պողոտայում, որտեղ արդեն 3-րդ օրն է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա է տեղի ունենում, ակցիայի մասնակիցներին են այցելում պատգամավորներ, քաղաքական գործիչներ:
Այսօր էլ էր ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը այցելել Բաղրամյան պողոտա: Նա մեզ հետ զրույցում անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացմանն ասաց, որ հանրության պահանջը ճիշտ է, եւ ունենք 1 ամիս ժամանակ, որպեսզի կրկին ուսումնասիրվեն բոլոր այն փաստաթղթերն ու խնդիրները, որոնք բերել են համակարգն այս խղճուկ վիճակին:
Այսօր կրկին Բաղրամյան պողոտայում էր «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, որը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս բողոքի ակցիան հետեւանք է այն բանի, որ իշխանությունները կտրվել են ժողովրդից: Նա նշեց, որ այս պայքարն իր արդյունքը տալու է, իշխանություններն այսպես երկար շարունակել չեն կարող. «Երկար չի ձգվի, կարող է մի քիչ ձգեն, բայց այս կարգավիճակով, իրենց գործելաոճով իրենք ոչ միայն համակարգային, այլ ընդհանրապես փոփոխություն չեն անի: Եվ այս տարիների ընթացքում իրենց դաս չի եղել այն, որ ժողովուրդն ըմբոստանում է ինչ-որ հարցի շուրջ, դասեր չեն քաղել, որպեսզի կարողանան ինչ-որ հարցի լուծում տան: Միշտ իրենք ուժ են կիրառել, բայց դա երկար չի տեւում, բոլոր նման պետություններում իրենց դաժան վախճանն են ունեցել: Դա կլինի նաեւ Հայաստանի Հանրապետությունում»:
Կարդացեք նաև
Սասուն Միքայելյանը նաև անդրադառնալով ոստիկանության այն հայտարարություններին, թե Բաղրամյան պողոտայում ակցիա անելն անօրինական է, ասաց, որ անօրինականն իշխանություններն են, այստեղ անօրինական ոչինչ չկա: «Այս տարիների ընթացքում իրենք մի հատ օրինական բան չեն արել, դրա համար իրենց համար ամեն ինչ անօրինական է: Բայց ամեն ինչին վախճան կա, չի կարող բռնությունը երկար գոյատեւի հատկապես այն ազգի վրա, որը պատերազմ է հաղթել: Էդ վախճանը կամ շատ դաժան ձեւով կլինի իշխանությունների համար, կամ հանգիստ ձեւով»:
Ազատամարտիկի խոսքերով՝ .«Չեմ ասում հեղափոխություն, իշխանություններն իրենց գործունեությամբ ուզում են հեռանան, մենք պետք է նպաստենք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ